ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-580-02.05.2023-ՊԻ-011/0) եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5801 -02.05.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-580-02.05.2023-ՊԻ-011/0) եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5801 -02.05.2023-ՊԻ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

24.05.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 2-րդ կետում առաջարկում ենք ցանկացած հոլովաձեւով նշված «բառեր» բառերը փոխարինել «թվեր» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաեւ՝ այն հանգամանքը, որ նշված դրույթում փոփոխության են ենթարկվում միայն թվեր:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետին:

2. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 18-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքով կենսաթոշակ նշանակվում է նաեւ պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին, ով այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ եւ բավարարում է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված  պայմաններին: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն հաշվառված անձանց, ում կենսաթոշակի չափը հաշվարկվում է այդ մասով սահմանված կարգով:»: Վերոգրյալի առաջին նախադասությունից բխում է, որ պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն եւ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակվում է երկու պայմանների միաժամանկյա առկայության դեպքում, դրանք են՝ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունենալը եւ Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված  պայմաններին բավարարելը: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ վերը մեջբերված դրույթում նշված «սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված  պայմաններին» արտահայտությանը: Այսպես՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սպառիչ սահմանված է այն անձանց շարքը, ովքեր Օրենքով ունեն կենսաթոշակի իրավունք: Քննարկվող նորմում նշված անձինք այդ շրջանակում ընդգրկված չեն, հետեւաբար արդեն իսկ չեն բավարարում Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պայմաններին: Առաջարկում ենք, նշված դիտարկումը հիմք ընդունելով, հստակեցնել, թե Օրենքի 2-րդ հոդվածի կոնկրետ որ պայմանները պետք է բավարարվեն: Նշենք նաեւ, որ այս դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից:

Բացի այդ՝ հարկ է անդրադառնալ քննարկվող նորմի վերջին նախադասությանը, որով սահմանված է, որ այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով: Հատկանշական է, որ Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված չէ ընդհանուր կանոն կենսաթոշակի հաշվարկաման, առանձին մասերով կարգավորվում են առանձին խումբ անձանց կենսաթոշակի հաշվարկման դեպքերը, հետեւաբար առաջարկում ենք հստակ նշել, թե Օրենքի 5-րդ հոդվածի որ մասով է հաշվարկվում քննարկվող նորմով նշված անձանց կենսաթոշակի հարցը:

3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 21-րդ մասով սահմանված է. «Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը հաշվարկվել է սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մի շարք հիմքեր՝ առաջարկում ենք քննարկվող նորմում հստակեցնել, թե որ հիմքերի դեպքում է այս դրույթը գործում:

4. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

5. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիս 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա եւ նշանակված կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկված կենսաթոշակները հաշվարկվում են նշանակման կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկման օրվանից (այդ մասում նշված կարգով)»: Նշենք, որ վերը մեջբերված դրույթը հասկանալի չէ, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում «հաշվարկված կենսաթոշակները հաշվարկվում են նշանակման կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկման օրվանից» արտահայտությունը:

Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթով կատարվող փոփոխություններից եւ լրացումներից եւ դրան կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ պետք է ուժը կորցրած ճանաչել նաեւ «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածը: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ ներկայումս շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ (փաստաթղթային կոդ` Կ-561-14.04.2023-ՏՀ-011/0), որով համապատասխան փոփոխությունն արդեն նախատեսված է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

23.05.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

23.05.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող բոլոր դրույթները, սահմանել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունեցած եւ սույն օրենքով սահմանված  պայմաններին բավարարած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները: Նախագծով առաջարկվում է նաեւ դատավորի, դատախազի քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակը զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարից հաշվարկելիս, եթե հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա հավելավճարի գումարն առաջարկվում է հաշվարկել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Ընդ որում, այս դրույթին առաջարկվում է հետադարձ ուժ տալ եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակները հաշվարկել Նախագծով առաջարկվող կարգով:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

16.05.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչպես նաեւ փոփոխություններ կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքում: 

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի դրույթները կենսաթոշակային ապահովության օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- ուժը կորցրած ճանաչել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող բոլոր դրույթները,

- սահմանել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունեցած եւ օրենքով սահմանված պայմաններին բավարարած անձանց կենսաթոշակի իրացման պայմանները.

- սահմանել, որ դատավորի, դատախազի, քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակը զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարից հաշվարկելիս, եթե հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա հավելավճարի գումարը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Ընդ որում, այս դրույթին առաջարկվում է հետադարձ ուժ տալ.

- ուժը կորցրած ճանաչել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ամբողջական պայմանները նախագծով առաջարկվում է սահմանել մայր օրենքի անցումային դրույթներով:

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կկարգավորվեն պետական եկամուտների քննչական մարմնում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ Օրենքով կենսաթոշակի իրացման պայմանները:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է 2022թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա եւ նշանակված կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկված կենսաթոշակները հաշվարկվում են նշանակման կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկման օրվանից  (այդ մասում նշված կարգով)»:

Առաջարկում ենք վերախմբագրել վերոնշյալ 7-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ նշված դրույթի   «եւ նշանակված կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկված կենսաթոշակները հաշվարկվում են նշանակման կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկման օրվանից (այդ մասում նշված կարգով)» մասը  անհասկանալի է եւ տարընկալումների հիմք է տալիս: 


Եզրահանգում

Վերոնշյալ առաջարկությունը հաշվի առնելու դեպքում՝ Նախագիծը լրամշակման կարիք կունենա: 

Նախագծերի փաթեթում ներառված՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: 
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

(հեռ.՝ 011-51 36 18, ներք. 16-18)

23.05.2023թ.