ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-578-02.05.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-578-02.05.2023-ՊԻ-011/0)  (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

24.05.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի վերնագրի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում առկա վրիպակը շտկել, այն է՝ «բառը» փոխարինել «բառերը» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նատեսված է «մոտարկում» հասկացության սահմանումը, որպես ցանկացած միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ներպետական օրենսդրության համապատասխանեցումը տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված իրավական կարգավորումներին՝ նախագիծ մշակելու միջոցով: Մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները մասնավորեցված են, եւ կարգավորումները վերաբերում  են միայն Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության  եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսված մոտարկմանը: Նշենք, որ այլ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում եւս սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության մոտարկման պահանջ (օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով): Հիմք ընդունելով վերոգրյալը եւ Նախագծով նախատեսված կարգավորումների՝ միմյանց համապատասխանելու անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք միջազգային պարտավորությունների շրջանակում ներպետական օրենսդրության համապատասխանեցման վերաբերյալ կարգավորումները ընդլայնել՝ բացառելով կարգավորումների նախատեսումը բացառապես կոնկրետ Համաձայնագրի համար:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով եւ 3-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների բովանդակությունից բխում է, որ մոտարկման համապատասխանության որոշումը նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննության եղանակ է, ինչն արտացոլված չէ Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված «մոտարկում» հասկացության մեջ:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկումն ապահովելու նպատակով մշակված նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորումը ներառում է նաեւ առանձին նշում՝

1) Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը եւ ընդունման ամսաթիվը եւ.

2) ներկայացված նախագծի՝ Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցման կամ մասնակի համապատասխանեցման (ներառյալ՝ չհամապատասխանեցման) պատճառների վերաբերյալ:»:

Նշված ձեւակերպման բովանդակությունից բխում է, որ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկումն ապահովելու նպատակով մշակված նորմատիվ իրավական ակտի նախագծի հիմնավորմանը պետք է կցվի է նաեւ համապատասխան նախագծի Եվրոպական միության օրենսդրությանը չհամապատասխանեցման պատճառների մասին. արդյունքում նշված դրույթը բովանդակային առումով եւ կապակցվածությամբ չի համապատասխանում Նախագծով սահմանված կարգավորումներին. մասնավորապես՝ եթե Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկումն ապահովելու նպատակով մշակվել է կորնկրետ Նախագիծ, վերջինիս չհամապատասխանեցման հիմնավորումը չի բխում մոտարկման ինստիտուի էությունից. հետեւաբար իրավական շփոթից խուսափելու նպատակով եւ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ չհամապատասխանեցման մասը վերաբերում է բացառապես մասնակի համապատասխանեցման դեպքում չհամապատասխանեցված մասին՝ առաջարկում ենք փակագծերի մեջ նշված «ներառյալ՝ չհամապատասխանեցման» բառերը փոխարինել «ներառյալ՝ չհամապատասխանեցված մասով» բառերով, ինչից կբխի, որ չհամապատասխանեցման պատճառների մասին նշումը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ մոտարկում իրականացնող մարմինը նախագիծը ԵՄ օրենսդրությանը համապատասպխանեցնում է միայն որոշակի մասով:

4. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ « 8. Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

5. Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված է՝ «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո: 2. Կառավարության աշխատակարգում եւ Արդարադատության նախարարության կանոնադրության մեջ սույն օրենքի իրականացումն ապահովող փոփոխությունները պետք է իրականացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում»: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Նախագծով նախատեսված կարգավորումերը կարող են կատարվել միայն համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ, կամ Նախագծով նախատեսված կարգավորումերի կատարումն ուղղակիորեն պայմանավորված է Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:

Նախագծով նախատեսված կարգավորումներին անցումը կազմակերպելու նպատակով առաջարկում ենք կա՛մ ենթաօրենսդրական ակտերն ընդունել մինչեւ նախագծերի ուժի մեջ մտնելը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաեւ այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ», կա՛մ  Նախագծի անցումային դրույթներում սահմանել այն դրույթները, որոնք չեն գործի այնքան ժամանակ մինչեւ համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

22.05.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

22.05.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ օրենսդրությունը «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (այսուհետ՝ ՀԸԳՀ) շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը ներդաշնակեցնելու եւ մոտարկելու համար: Ըստ այդմ, Նախագծով առաջարկվում է`

1. սահմանել օրենսդրության մոտարկման հասկացությունը,

2. պետական-իրավական փորձաքննության շրջանակում սահմանել ՀԸԳՀ-ով նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության որոշման հնարավորություն,

3. սահմանվել է մոտարկման շրջանակում ԱՆ ներկայացվող նախագծերի շրջանակը,

4. համապատասխանության որոշում իրականացնելու համար որպես իրավասու մարմին դիտարկվել է Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը,

5. սահմանվել են համապատասխանության որոշման նպատակով ԱՆ ներկայացվող նախագծերի հիմնավորման պարտադիր պահանջներ, ըստ որոնց՝ այն պետք է պարունակի բացատրական նշում եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

12.05.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում:

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (այսուհետ՝ ՀԸԳՀ), որի 1-ին հոդվածի (g) նպատակի, 41-րդ, 44-րդ, 50-րդ, 56-րդ, 65-րդ, 83-րդ, 90-րդ, 361-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը, այն է՝ համապատասխանեցնել եւ ներդաշնակեցնել իր օրենսդրությունը ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը:

Նշված պարտավորության իրականացման շրջանակներում օրենսդրության մոտարկման գործընթացը ենթադրում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում՝ ըստ անհրաժեշտության դրանք համապատասխանեցնելով ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված մոտարկման ենթակա ԵՄ օրենսդրությանը: 

Վերը նշված գործընթացն ապահովելու համար Նախագծով սահմանվել է օրենսդրության մոտարկման հասկացությունը, համաձայն որի՝ մոտարկման գործընթացը միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ներպետական օրենսդրության համապատասխանեցումն է առանձին ոլորտներում տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված իրավակարգավորումներին: 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը մոտարկելու գործընթացի իրականացումը, որը կնպաստի ներպետական օրենսդրության կատարելագործմանը եւ համապատասխան բնագավառների զարգացմանը: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/

17.05.2023թ.