ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-576-02.05.2023-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ- Կ-5761 -02.05.2023-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5762 -02.05.2023-ՏՀ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5763 -02.05.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-576-02.05.2023-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5761 -02.05.2023-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5762 -02.05.2023-ՏՀ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5763 -02.05.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
24.05.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր հասկացություններ, այն է՝ «մասնագիտական վերապատրաստման վկայական», «մասնագիտական վերապատրաստում»: Նախագծերի փաթեթում ներառված այլ նախագծերի բովանդակությունից (Օրինակ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդված) բխում է, որ մասնագիտական վերապատրաստում եւ մասնագիտական վերապատրաստման վկայականի տրամադրում նախատեսված է եւ՛ վտանգավոր բեռներ փոխադրող վարորդի համար, եւ՛ վտանգավոր բեռների փախադրման անվտանգության մասնագետի համար. մինչդեռ Նախագծով նախատեսված նշված հասկացություններից չի բխում թե ում համար է նախատեսված համապատասխան մասնագիտական վերապատրաստումը, ովքեր են համապատասխան մասնագիտական վերապատրաստման շահառուները եւ արդյո՞ք մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող միեւնույն ընկերությունը կարող է իրականացնել եւ՛ վարորդների, եւ՛ անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստում: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ դրույթի հստակության անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 10-րդ եւ 11-րդ կետերի սահմանումները հստակեցնել: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված եվրոպական համաձայնագրի վերնագիրն առաջարկում ենք նշել չակերտների մեջ. այն է՝ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիր: Նշված առաջարկի հիմքում ընկած է համաձայնագրի անվանումը եւ այն հանգամանքը, որ Նախագծով լրացվող այլ հոդվածներում (6-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 5-րդ մասում, 7-րդ հոդվածում) եվրոպական համաձայնագրի վերնագիրը նշված է չակերտների մեջ: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 11-րդ կետում եվրոպական համաձայնագրի անվանման հիշատակմանը: 3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել Կառավարության կողմից վտանգավոր բեռների փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետը սահմանելու իրավասությունը այն հիմնավորմամբ, որ (մեջբերում Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից) « ( ) օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ՀՀ կառավարությանը վերապահված է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգի սահմանման իրավասություն, որի շրջանակներում կսահմանվեն թույլտվությունների տրամադրման պահանջները, այդ թվում՝ ժամկետները,»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ վտանգավոր բեռների փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետների սահմանման պահանջը հանվում է այն հիմնավորմամբ, որ թույլտվությունների տրամադրման կարգը իր մեջ կներառի նաեւ ժամկետները: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Օրենքը լիազորում է Կառավարությանը ընդունել կոնկրետ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ՝ թույլտվությունների տրամադրման կարգ, որի մեջ թույլտվությունների տրամադրման ժամկետը կարող է նեառվել կամ ոչ: Որոշակիության սկզբունքն իր արտացոլումն է ստացել ոչ միայն սահմանադրության 79-րդ հոդվածում՝ որպես հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակող օրենքներին ներկայացվող բովանդակային պահանջ, այլեւ՝ որպես օրինականության սկզբունքի հիմնարար բաղադրիչ, ըստ որի` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուն լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին (Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասություն) այսինքն՝ լիազորող նորմերը պետք է լինեն բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունն ու սահմանները հասկանալու համար: Ի կատարումն Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ Օրենքով Կառավարությանը վերապահվել է լիազորություն՝ հաստատելու միայն թույլտվությունների տրամադրման կարգը, հետեւաբար, կարծում ենք, նպատակահարմար է Օրենքով Կառավարությանը հստակ լիազորելու թույլտվությունների տրամադրման ժամկետը սահմանելու իրավասություն: 4. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում Կառավարության լիազորությունների շրջանակում լրացնել նոր 8-րդ կետ, որով Կառավարությունը հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները: Միաժամանակ Նախագծի 3-րդ հոդվածով տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմնին է լիազորվում կազմակերպել վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու գործընթացը: Նշենք, որ Օրենքով եւ Նախագծով որեւէ այլ կարգավորում վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննությունների վերաբերյալ սահմանված չէ. արդյունքում հասկանալի չէ՝ ում համար է նախատեսված նշված քննությունները հանձնելու պահանջը, ինչի արդյունքում նշված լիազորող նորմերը եւս կորցնում են իրենց որոշակիությունը: Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ: Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 2.Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»: Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ որոնք սահմանված չեն օրենքով»: Նախագծով եւ Օրենքով վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու վերաբերյալ կարգավորումների բացակայությունը, համապատասխան քննություներ հանձնելու պարտականություն ունեցող սուբյեկտի բացակայությունը նշված դրույթը խնդրահարույց է դարձնում լիազորող նորմի որոշակիության տեսանկյունից: 5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 7-րդ կետում նշված «սահմանում է» բառը փոխարինել «հաստատում է» բառով՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների կողմից տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: 6. Նախագծի 5-րդ հոդվածում սխալ հղում է կատարված. մասնավորապես Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը չունի 5-րդ կետ, հետեւաբար անհրաժեշտ է հղում կատարել Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասին: 7. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում եւ 14-րդ հոդվածում նշված «վտանգավոր բեռներ» բառերը փոխարինել «հատուկ վտանգավոր բեռներ» բառերով, մինչդեռ նշենք որ համապատասխան հոդվածներում կիրառված է «վտանգավոր բեռներ» եզրույթը տարբեր հոլովաձեւերով, ինչպես նաեւ կիրառված է «վտանգավոր բեռ» ձեւակերպումը ինչը եւս անհրաժեշտ է փոխարինել «հատուկ վտանգավոր բեռ» ձեւակերպմամբ՝ իր համապատասխան հոլովաձեւերով: 8. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 5-րդ մասում նշված «փոխադրող կազմակերպությունը» բառերը փոխարինել «փոխադրողը» բառով հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որով սահմանված «փոխադրող» հասկացության սամանումից (վտանգավոր բեռը փոխադրելու համապատասխան թույլտվություն ունեցող իրավաբանական անձ) բխում է, որ փոխադրող կարող է հանդիսանալ հենց կազմակերպությունը: Սույն առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից: 9. Նախագծի 8-րդ հոդվածում բացակայում են անցումային դրույթներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել մինչ Նախագծերի փաթեթի ընդունումը համապատասխան ոլորտներում գործունեություն ծավալող սուբյեկտների համար հստակ եւ որոշակի կարգավորումների միջոցով անցումի իրականացումը՝ վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների մասնագիտական վերապատրաստման, անվտանգության մասնագետ ունենալու, համապատասխան մասնագետի վերապատրաստման առկայությամբ համապատասխան գործունեությամբ զբաղվելու հնարավորության ապահովման համար: Նշված անցումային դրույթի առկայությունը կապահովի վտանգավոր բեռների փոխադրման ոլորտում մինչ այդ գործունեություն իրականացնողների համար նոր պայմաններով փոխադրումը կազմակերպելուն ուղղված անխոչընդոտ անցումը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթով նախատեսված հնարավոր փոփոխությունների արդյունքում անձի իրավունքների իրացման պայմանները խստանում են, իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից անհրաժեշտ է իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր իրավակարգավորումները ժամանակի մեջ եւ անձանց նկատմամբ գործողության մեջ դնելու հստակ կանոնների պահպանում` այդ անձանց իրավունքների իրացման իրավաչափ պայմանների երաշխավորման նպատակով (հիմք՝ ՍԴՈ1061, 14 դեկտեմբերի, 2012 թ.): Այլ կերպ ասած Նախագծի անցումային դրույթներում անրաժեշտ է հստակ նշել, որ մինչեւ Օրենքի ուժի մեջ մտնելը վտանգավոր բեռներ փոխադրման թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամանակահատվածում ապահովել անվտանգության մասնագետների առկայությունը, վերապատրաստումը, վարորդների մասնագիտական վերապատրաստումը՝ հիմք ընդունելով նաեւ նշված ժամանակահատվածում մասնագիտական վերապատրաստում իրականացնող իրավաբանական անձանց հնարավոր բացակայությունը: 10. Նախագծի անցումային դույթներով, որպես նոր կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանված է 2024 թվականի հունվարի 1-ը: Արդյունքում ստացվում է 2024 թվականի հունվարի 1-ից վտանգավոր բեռներ փոխադրողները պարտադիր պետք է ունենան անվտանգության մասնագետ, հակառակ պարագայում կենթարկվեն վարչական պատասխանատվության: Մինչդեռ անվտանգության մասնագետի վերապատրաստման կարգը, համապատասխան մասնագիտական վերապատրաստումը իրականացնող ընկերությունների լիցենզավորման կարգերը նախատեսվում է ընդունել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումներին անխոչընդոտ անցումը կազմակերպելու նպատակով առաջարկում ենք կա՛մ ենթաօրենսդրական ակտերն ընդունել մինչեւ նախագծերի ուժի մեջ մտնելը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն ՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաեւ այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ», կա՛մ Նախագծի անցումային դրույթներում սահմանել այն դրույթները, որոնք չեն գործի այնքան ժամանակ մինչեւ համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-դ մասը: 11. Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ « 8. Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 12. Նախագծերի փաթեթում ներառված նախագծերի մի շարք հոդվածներում միեւնույն միտքն արտահայտվում է տարբեր տերմիններով: Հարկ ենք համարում մեջբերել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթները՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 62-րդ կետում կիրառված «փոխադրելու» բառը փախարինել «փոխադրող» բառով՝ հիմք ընդունելով Նախագծում կիրառված ձեւակերպումները: Առաջարկում ենք նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 8-րդ կետում «գործունեության կազմակերպում» բառերը փոխարինել «գործունեություն իրականացնելու համար» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծում եւ Նախագծերի փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կիրառված ձեւակերպումները: 13. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենքի 9-րդ հոդվածում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ուղեկցում կարող է իրականացնել միայն հատուկ վտանգավոր բեռների փոխադրման դեպքում: Մինչդեռ նշենք, որ Օրենքի 9-րդ հեդվածն ունի անցումային դրույթ. մասնավորապես 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-463-Ն օրենքի ուժով ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից Օրենքի 9-րդ հոդվածն ամբողջությամբ ուժը կորցրած է ճանաչվելու եւ լրացվելու է նոր 8.2-րդ հոդված որով ներքին գործերի նախարարությանը կրկին վերապահվելու է ոչ թե հատուկ վտանգավոր բեռների այլ ցանկացած վտանգավոր բեռի ուղեկցումը: 14. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.8-րդ հոդվածում լրացնել նոր 9-րդ մաս, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվում առանց ուղեկցող անձնակազմի հատուկ վտանգավոր բեռների փոխադրման համար. մինչդեռ նշենք, որ սույն պատասխանատվության նյութական հիմքը, այն է, հստակ ձեւակերպված արգելքը առանց ուղեկցող անձնակազմի հատուկ վտանգավոր բեռների փոխադրման համար, սահմանված չէ. հետեւաբար առաջարկում ենք Օրենքում հստակ նշել, որ արգելվում է առանց ուղեկցող անձնակազմի հատուկ վտանգավոր բեռների փոխադրումը կամ սահմանել փոխադրողի համար պարտականություն՝ հատուկ վտանգավոր բեռների փոխադրումը միայն ուղեկցող անձնակազմի միջոցով իրականացնելու վերաբերյալ: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի եւ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը միմյանց, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 22.05.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջանում «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի (ՀՕ-463-Ն) 1-ին հոդվածում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասը, որի համաձայն՝ «Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաեւ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում» (սույն առաջարկի հիմնավորումը սահմանված է իրավական փորձաքննության եզրակացության 13-րդ կետում): Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 22.05.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի» (այսուհետ՝ Համաձայնագիր) պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը: Մասնավորապես, սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձեւերի եւ տրման կարգավորումները, վարորդների եւ անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների եւ որակավորման վկայականի տրման պահանջները եւ այլն: Նախատեսվող փոփոխություններին համապատասխան լրացումներ են կատարվում նաեւ «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 12.05.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում, ինչպես նաեւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) 20.01.2022թ-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելու կապակցությամբ օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից: Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ - լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը՝ ապահովելով Համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը. - սահմանել վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձեւերի եւ տրման կարգավորումները, վարորդների եւ անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների եւ որակավորման վկայականի տրման պահանջները. - հանել վտանգավոր բեռների փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետի սահմանման պահանջը՝ հաշվի առնելով, որ ներկայիս կարգավորումների համաձայն ՀՀ կառավարությանը վերապահված է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների կարգի սահմանման իրավասություն, որի շրջանակներում կսահմանվեն թույլտվությունների տրամադրման պահանջները, այդ թվում՝ ժամկետները, հետեւաբար, օրենքով ժամկետների պահանջի սահմանման առանձին դրույթ ամրագրելու անհրաժեշտություն չկա: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ Համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան կարգավորումների սահմանումը գործող օրենքներում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունը (նկատառումը). «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն. «Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը ( )»: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք, որպեսզի Օրենքով նախատեսվի, որ Կառավարությունը սահմանում է նաեւ «հատուկ վտանգավոր բեռների» ցանկը, քանի որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նոր լրացվելիք 12-րդ կետով տրված «հատուկ վտանգավոր բեռներ»-ի սահմանման պարագայում՝ հստակ չափանիշներ չնախատեսվելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ այս կամ այն բեռը «հատուկ վտանգավոր բեռների» շարքին դասելու հարցում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Վերոնշյալ առաջարկությունը հաշվի առնելու դեպքում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրամշակման կարիք կունենա:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 22.05.2023թ.
|