ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-582-05.05.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-582-05.05.2023-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

26.05.2023թ. 







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ոստիկանության պարեկային ծառայության, քրեական ոստիկանության եւ հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են»: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին, որով սահմանված է. «Ոստիկանության պետի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում»: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված է. 

«Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի`

1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`

- Ոստիկանության պետ,

- Ոստիկանության զորքերի հրամանատար,

- Ոստիկանության պետի տեղակալ.

2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`

- գլխավոր վարչության պետ,

- գլխավոր վարչության պետի տեղակալ,

- վարչության պետ,

- վարչության պետի տեղակալ,

- բաժնի պետ»:

Այսպես՝ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ Ոստիկանության պետի տեղակալ (այսուհետ նաեւ՝ Տեղակալ) նշանակվելու համար անձը կա՛մ պետք է նշանակման պահին զբաղեցնի ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն, կա՛մ մինչեւ նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրած լինի ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն եւ ունենա ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում: Այս դեպքում մինչեւ նշանակումը առնվազն երեք տարի ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած լինելու եւ ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում ունենալու պահանջը չի տարածվում ի պաշտոնե Տեղակալ համարվող անձանց վրա: Քանի որ ի պաշտոնե Տեղակալ լինել, նշանակում է համապատասխան պաշտոնի նշանակման ուժով համապատասխանել Տեղակալի պաշտոնին նշանակվելու համար պահանջներին, ինչի արդյունքում ունեցած կոչումը կամ աշխատանքային ստաժն այլեւս էական չէ: Հետեւաբար համապատասխան պաշտոնը պետք է բավարարի Տեղակալի համար սահմանվող երկրորդ պահանջին՝ լինելով ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն: Մինչդեռ Նախագծով նշված պարեկային ծառայության, քրեական ոստիկանության եւ հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերի դեպքում առկա է խնդիր: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնը ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն է, հետեւաբար վերոնշյալ երեք պաշտոնները չեն համապատասխանում ի պաշտոնե Տեղակալ լինելու համար Օրենքով սահմանված պահանջին: Այս առումով հատկանշական է՝ Օրենքի գործող կարգավորումներով, մասնավորապես՝ 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է՝ ի պաշտոնե Տեղակալ է համարվում միայն ոստիկանության զորքերի հրամանատարը: Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը, համաձայն Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հանդիսանում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն եւ բավարարում է Տեղակալի պաշտոնի համար սահմանված պահանջին: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք պարեկային ծառայության, քրեական ոստիկանության եւ հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերի պաշտոնները դարձնել ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ: Այս դեպքում հասկանալի չէ՝ նշված գլխավոր վարչությունների պետերը զբաղեցնում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն, թե բարձրագույն խմբի պաշտոն, ինչը խնդրահարույց է նաեւ այն տեսանկյունից, որ Օրենքով սահմանված են տարբեր կարգավորումներ ոստիկանության գլխավոր եւ բարձրագույն խմբերի պաշտոնների համար:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.2-րդ մասով սահմանված է. «Քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, ովքեր ունեն առնվազն բակալավրի որակավորում եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների? առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո»: Նշենք, որ վերը մեջբերված նորմի առաջին եւ երկրորդ նախադասություններն իրար հակասում են: Մասնավորապես՝ առաջին նախադասությամբ նշված է, որ քրեական ոստիկանի պաշտոնում նշանակվելու համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստանալու պայմանը պարտադիր է, մինչդեռ երկրորդ նախադասությամբ նշված է, որ ոստիկանության ստորաբաժանումների? առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների դեպքում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելը բավարար է քրեական ոստիկանի պաշտոնում նշանակվելու համար: Առաջարկում ենք քննարկվող նորմում հստակեցնել, որ դրա առաջին եւ երկրորդ նախադասություններում նշված պահանջներն իրարից անկախ են եւ քրեական ոստիկանի պաշտոնի համար պետք է բավարարվի նշված երկու պահանջներից միայն մեկը, ընդ որում՝ երկրորդ նախադասությամբ նշված պահանջը վերաբերում է ներկայումս ոստիկանության ծառայող համարվող անձանց, իսկ առաջին նախադասությունն՝ այն անձանց, ովքեր ոստիկանության ծառայող չեն հանդիսանում:

Այս առումով հարկ է նկատել, որ Նախագծին կից հիմնավորմամբ նշված է. «Քրեական ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով համալրելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակելու եւ իրականացնելու քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները եւ ոստիկանության գործող ծառայողները: Դրանից հետո նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու պարեկային ծառայության կոնկրետ պաշտոնում ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք? քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը: Այլ կերպ ասած? ոստիկանությունում ներդրվելու է բազային եւ շարունակական կրթության գաղափարը»: Այսպես՝ վերոգրյալից բխում է, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.2-րդ մասով նշված դասընթացը մեկանգամյա բնույթ ունի եւ դրանից հետո քրեական ոստիկանի պաշտոնում նշանակվելու համար գործելու են այլ պայմաններ: Հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.2-րդ մասով արտացոլված չէ Նախագծին կից ներկայացված հիմնավորումը:

3. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Նախագիծն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում առկա բոլոր «օպերլիազոր» բառերը փոխարինվում են «քրեական ոստիկան» բառերով, ընդ որում՝ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.2-րդ մասով նշված է, որ քրեական ոստիկանի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան կրթություն, սակայն նշված չէ դրա վերաբերյալ որեւէ ժամկետ, մասնավորապես՝ թե ինչ ժամկետում է նախատեսվում ներդնել այդ կրթական ծրագիրը, ինչքան է դրա տեւողությունը: Արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ Նախագծի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից ոստիկանությունում օպերլիազորներ այլեւս չկան, բայց չկան նաեւ քրեական ոստիկաններ, քանի որ Նախագծի ուժի մեջ մտնելու պահին համապատասխան կրթական ծրագիրն ավարտած անձինք չեն լինելու:

5. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նշված է, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.2-րդ մասով սահմանված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած՝ առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ: Նախ՝ նշենք, որ անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված հղումը՝ նշելով Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.2-րդ մասի այն դրույթը, որը տարածվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած՝ առաջին հոսքի սովորողների վրա: Այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից:

Երկրորդ՝ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի ձեւակերպումից հասկանալի չէ՝ արդյոք ներկայումս ոստիկանության ծառայող համարվող անձանց վերաբերյալ դրույթները նույնպես ժամանակավոր են գործելու, թե ոչ: Միաժամանակ նշենք, որ այդ պատճառով հասկանալի չէ՝ արդյոք Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած անձանց հավելավճարի վերաբերյալ դրույթը մշտապես է գործելու, թե՝ ոչ: Եթե այո, ապա առաջարկում ենք այն սահմանել ոչ թե անցումային դրույթներում, այլ Օրենքի հիմնական մասում:

Բացի այդ՝ նշենք, որ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ առնվազն Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6.2-րդ մասի առաջին նախադասությունը գործում է ժամանակավոր, հետեւաբար առաջարկում ենք սահմանել ժամանակավոր գործող դրույթի համար գործողության հստակ ժամկետ: 

6. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» եւ «Իրավագիտության մագիստրոս» մասնագիտական որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, ովքեր նշված որակավորումները ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված է. «(…) ներկայումս ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում պետական պատվերի շրջանակում բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով սովորում են 2019 թվականից մինչեւ 2022 թվականը ընդունված սովորողներ, որոնց ուսման ավարտին շնորհվելու են համապատասխանաբար «Իրավագիտության բակալավր» եւ «Իրավագիտության մագիստրոս» որակավորումները (…) ՀՀ ոստիկանության կրթահամալիր բակալավրիատի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունվելիս նշված սովորողները լեգիտիմ ակնկալիք են ունեցել, որ ուսման ավարտին նշանակվելու են ոստիկանության միջին խմբի պաշտոններում, այդ թվում նաեւ օպերլիազորի պաշտոններում: Հետեւաբար (…) Նախագծով սահմանվում է, որ քրեական ոստիկանի նախնական կրթություն ստանալու պայմանը չի տարածվում նշված սովորողների վրա»: Այսպես՝ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված է, որ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը պետք է տարածվի կոնկրետ ժամանակահատվածում Լիազոր մարմնի կրթահամալիր ընդունված սովորողների վրա, մինչդեռ քննարկվող նորմի ձեւակերպումից բխում է, որ այն տարածվում է Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» եւ «Իրավագիտության մագիստրոս» մասնագիտական որակավորում ստացած բոլոր շրջանավարտների վրա: Առաջարկում ենք քննարկվող նորմը խմբագրել այնպես, որ այն արտացոլի Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված նպատակը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

26.05.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

26.05.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել քրեական ոստիկանության առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրման համար: Ընդ որում, քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաեւ համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվում են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած:

Նախագծով սահմանվում է, որ քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք: Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո: Բացի այդ, նախատեսվում է սահմանել նաեւ, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության եւ հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

15.05.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավման եւ համալրման անհրաժեշտությամբ: 

Նախագծով՝

- իրավական հիմք է ստեղծվում քրեական ոստիկանության առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրման համար: Ընդ որում, քրեական ոստիկանի նախնական   մասնագիտական կրթություն ստացած, ինչպես նաեւ համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվում են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած.

- սահմանվում է, որ քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք: Գործող ոստիկանության ծառայողների նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո.

- նախատեսվում է սահմանել, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության եւ հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ: 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ օպերատիվ կերպով կլուծվի քրեական ոստիկանությունն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը՝  մինչեւ բազային եւ շարունակական կրթության համակարգի ներդրումը:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունը.

Առաջարկում ենք Օրենքի 14-րդ հոդվածում նոր լրացվելիք 6.2-րդ մասի 1-ին նախադասության մեջ «բակալավրի» բառից առաջ ավելացնել համապատասխան մասնագիտության եւ/կամ ուսումնական հաստատության անվանումը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Վերոնշյալ առաջարկությունը հաշվի առնելու դեպքում՝ Նախագիծը լրամշակման կարիք կունենա:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/

25.05.2023թ.