ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-585-12.05.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5851 -12.05.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-585-12.05.2023-ՏՏԳՇ-011/0) եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5851 -12.05.2023-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանք:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

02.06.2023թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հիշատակել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «8. Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը:»: 

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է՝ «4. Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»:

2. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով, ինչպես նաեւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներով նախատեսված լրացումներում սահմանված իրավակարգավորումները վերաբերում են քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդներին եւ ագրոքիմիկատներին:

Վերոնշյալ իրավակարգավորումները խնդրահարույց են օրինականության սկզբունքի տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ. 

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2. Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:

Սահմանադրության 159-րդ հոդվածում սահմանված են պետական կառավարման համակարգի մարմինները, որի համաձայն՝ «Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով:»:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է համապատասխան նախարարությունը:»: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի հասկացությունը, այն է՝ «3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.»:

Հիմք ընդունելով մեջբերված իրավադրույթները՝ նշենք, որ սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը՝ համապատասխան նախարարությունը, որը համարվում է Սահմանադրությամբ սահմանված մարմին, իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հարկ է նկատել, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման համար անհրաժեշտ է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման լիազորությունը հստակ սահմանված լինի օրենքով: «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում, «Բուսասանիտարիայի մասին» օրենքում, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթում բացակայում է քաղաքականությունը մշակող լիազոր մարմնին Նախագծերի փաթեթում կիրառվող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու վերաբերյալ լիազորող նորմը: Նշենք նաեւ, որ օրենքում սահմանվող լիազորող նորմը պետք է համապատասխանի իրավական որոշակիությանը, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: Նախագծերի փաթեթն օրինականության սկզբունքին համապատասխանեցնելու նպատակով առաջարկում ենք քաղաքականությունը մշակող մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորությունը սահմանել օրենքով:

Միաժամանակ Նախագծերի փաթեթում հղումների հստակության եւ իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկում ենք Նախագծերի փաթեթում կիրառվող «քաղաքականություն մշակող լիազոր մարմին» հասկացության մեջ նշում կատարել քաղաքականության համապատասխան ոլորտների մասին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Սույն առաջարկի անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ իրավական որոշակիության ապահովման պահանջով, որպեսզի քաղաքականություն մշակող համապատասխան լիազոր մարմինը կարողանա դրեւորել համապատասխան վարքագիծ:

3. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 18-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասում «Օրենք» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենք» բառով, ինչպես նաեւ վերոնշյալ լրացման տեքստից հետո առաջարկում ենք դնել չակերտ՝ նախատեսվող լրացման տեքստը չակերտներում առանձնացնելու նպատակով:

4. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ եւ 15-րդ կետերում կետադրական նշանի եւ բառերի լրացման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ եւ 15-րդ կետերում կկիրառվեն միմյանց հաջորդող երկու կետադրական նշաններ:

Նույն դիտարկումը վերաբերելի նաեւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսված լրացումներին:

5. «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 28-րդ կետում «հրատապ եւ հատուկ դեպք» բառերն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «3. Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

6. «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասում «ժամկետը,» բառից հետո նախատեսվում է լրացնել «սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը, մինչեւ պիտանելիության ժամկետի ավարտը,» բառերը:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասում նախատեսված լրացման արդյունքում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման ժամկետը լրանալու հիմքով գրանցումից հանվելու դեպքում թույլատրվում է վերջիններիս իրացումը, օգտագործումը եւ արտահանումը մինչեւ պիտանելիության ժամկետի լրանալը: 

Հարկ է նկատել, որ «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածում սահմանված է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ շրջանառվող պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պարտադիր պետական գրանցման պահանջը:  Նույն օրենքի 7-րդ հոդվածում սահմանված է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդներին եւ ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջները, որի 2-րդ մասի համաձայն՝ «2. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել եւ օգտագործել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ:»: Այսպես՝ կարծում ենք՝ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասում նախատեսված լրացումը հակասություն է առաջացնում «Բուսասանիտարիայի մասին» օրենքում սահմանված պարտադիր գրանցման պահանջի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների իրացման եւ օգտագործման արգելքի հետ:

Բացի այդ, «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մասի 1-ին կետում սահմանված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման ժամկետը լրանալու եւ վերագրանցման հայտ ներկայացվելու հիմքով պեստիցիդների եւ ագրոքիմիկատների վերագրանցման վերաբերյալ իրավակարգավորումն իմաստազրկվում է:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք բացառել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասում նախատեսված լրացման եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքի միջեւ հակասությունը:

                                                                                  Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության օրինականության սկզբունքի եւ իրավական որոշակիության  տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Բուսասանիտարիայի մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

01.06.2023թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

01.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է «Բուսասանիտարիայի մասին» օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնին իրավունք վերապահել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տալ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն, եթե առկա են տեղեկություններ պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ վերջիններիս կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առեւտրային անվանման, ազդող նյութի, ազդող նյութի պարունակության, պատրաստուկային ձեւի վերաբերյալ:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

16.05.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Նախագծերի փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում հրատապ լուծում պահանջող խնդիրների առկայությունը եւ նշված ոլորտներում համապատասխան իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունը:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կսահմանվեն իրավակարգավորումներ, համաձայն որոնց քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից կընդունվեն իրավական ակտեր, որոնց միջոցով ավելի հրատապ լուծումներ կստանան գյուղատնտեսության զարգացման խթանմանը, բույսերի կարանտին եւ ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման ու տարածման, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգությանը սպառնացող իրավիճակների կանխարգելմանը վերաբերող հարցերը, միաժամանակ, նշված ոլորտներում տարվող քաղաքականությունն ավելի արդյունավետ կիրականացվի: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

30.05.2023թ.