ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-588-17.05.2023-ԱՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-588-17.05.2023-ԱՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

05.06.2023թ.  







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «ՀՕ-01-Ն» ձեւակերպումը փոխարինել «ՀՕ-1-Ն» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ինչպես նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ճիշտ հերթական համարը: 

Միաժամանակ առաջարկում ենք շտկել Նախագծի վերնագրում առկա վրիպակը՝ «ՕՐԵՆՈՒՄ» բառը փոխարինելով «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7.9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4-րդ մասով սահմանվում է կարգավորում օդանավակայաններում Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց եւ օտարերկրյա պատվիրակությունների սպասարկման վերաբերյալ: Հատկանշական է, որ այդ լրացումը կատարվում է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության ապահովումը, սպասարկումը եւ սոցիալական երաշխիքները» վերնագրով 2-րդ գլխի «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումն օդանավակայաններում» վերտառությամբ 7.9-րդ հոդվածում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «(…) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (…)», նույն հոդվածի 10-րդ մասով սահմանված է. «(…) Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը (…)»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք ապահովել լրացվող դրույթի բովանդակության եւ Օրենքի համապատասխան գլխի եւ հոդվածի վերնագրերի համապատասխանությունը միմյանց:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7.9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կարող են օգտվել նաեւ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները»: Այսպես՝ նշենք, որ Նախագծով սահմանվում է, որ պաշտոնական պատվիրակությունների սրահից  օգտվելու իրավունք ունեն սահմանափակ թվով պաշտոնատար անձինք, որոնց ցանկը սահմանվում է Կառավարության կողմից: Մինչդեռ քննարկվող նորմում նշված առանձնահատկությունը հաշվի առնված չէ, եւ դրա ձեւակերպումից բխում է, թե այդ սրահից կարող են օգտվել ցանկացած պաշտոնատար անձի ընտաիքի անդամը՝ նույնիսկ այդ պաշտոնատար անձի՝ համապատասխան ցուցակում ընդգրկված չլինելու դեպքում: Առաջարկում ենք այս առումով հստակեցում մտցնել:

Բացի այդ՝ հարկ է անդրադառնալ քննարկվող նորմում նշված «կետով» բառին, առաջարկում ենք այն փոխարինել «մասով» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հղումը կատարվում է Օրենքի 7.9-րդ հոդվածի 4-րդ մասին: Հարկ է նկատել, որ նշված առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի եւ նույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:

4. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (...)»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

05.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

05.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ինչի արդյունքում վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

25.05.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում (այսուհետ` Օրենք):

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի 2003թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը 2018թ. ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի մի շարք կարգադրություններ ուժը կորցրած ճանաչելու եւ մի շարք կարգադրություններում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՆԿ-48-Ն կարգադրությամբ ուժը կորցրած ճանաչելու եւ համապատասխան հարաբերությունները մինչ օրս որեւէ իրավական ակտով կարգավորված չլինելու հանգամանքով:

Օրենքի 7.9-րդ հոդվածում սահմանված է, որ Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաեւ այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

Հաշվի առնելով, որ Օրենքում առկա իրավակարգավորումները վերաբերում են միայն որոշ պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների՝ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից օգտվելուն, որն այլ կերպ կոչվում է նախագահական կամ կառավարական սրահ, անհրաժեշտություն է առաջացել Օրենքում նախատեսել դրույթներ նաեւ օդանավակայանների մյուս՝ պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու վերաբերյալ՝ սահմանելով լիազորող նորմ: 

Այսպիսով, Նախագծով ակնկալվում է Օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց ուժի մեջ մտնելուց հետո եւ համապատասխան լիազորող նորմի առկայության պայմաններում՝ վարչապետի որոշմամբ կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը, վերջիններիս սպասարկման կարգը, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց ընտանիքների անդամների կողմից վերոնշյալ սրահից օգտվելու կարգը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

30.05.2023թ.