ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-589-22.05.2023-ՊԻ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5891 -22.05.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-589-22.05.2023-ՊԻ-011/0) եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5891 -22.05.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
13.06.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) լրիվ անվանման հիշատակումից «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի համարը վերնագրի տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանաված պահանջը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»: 3. Նախագծում հասկացությունների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 2-րդ մասում «Քրեակատարողական ծառայողն» ձեւակերպումը փոխարինել «քրեակատարողական ծառայողն» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով Օրենքում եւ Նախագծում կիրառվող ձեւը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դրույթից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Նույն դիտարկումը վերաբերելի նաեւ նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 3-րդ մասում կիրառված «Քրեակատարողական ծառայությունում» ձեւակերպմանը, որն առաջարկում ենք փոխարինել «քրեակատարողական ծառայությունում» ձեւակերպմամբ: 4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս ծառայողն ենթակա է ատեստավորման: Մինչեւ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելն՝ առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները: Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում` Քրեակատարողական ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:»: Վերոնշյալ իրավակարգավորումը սահմանում է հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում` քրեակատարողական ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում քրեակատարողական ծառայողների ատեստավորման ենթակա չլինելու կանոնը: Մինչդեռ վերը մեջբերված դրույթից հասկանալի չէ՝ արդյոք նշված դեպքերում ծառայողը պահպանում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու ձեռք բերած իրավունքը: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 20.1-ին հոդվածի 3-րդ մասում հստակեցնել վերոնշյալ դրույթը՝ քննարկվող հատվածով: 5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 9-րդ մասում սահմանված է. «Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողն ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողն ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:»: Վերոնշյալ իրավակարգավորման երկրորդ նախադասությամբ նշված է, որ այդ դրույթում նշված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Հարկ է նկատել, որ քննարկվող նորմում սահմանվում են ինչպես հղիության եւ ծննդաբերության, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողների, այնպես էլ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողների ատեստավորման վերաբերյալ կարգավորումներ: Ընդ որում՝ նշված դեպքերում ատեստավորման համար սահմանված են տարբեր ժամկետներ, մասնավորապես՝ ծառայության անցնելուց երեք ամիս հետո եւ երկու ամիս հետո, մինչդեռ քննարկվող նորմի երկրորդ նախադասությամբ նշվում է կատարված միայն եռամսյա ժամկետի վերաբերյալ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությամբ կիրառված են «Սույն մասով նախատեսված ծառայողներ» բառերը՝ նշենք, որ այն տարածվում է ոչ միայն նորմի առաջին, այլեւ երրորդ նախադասությամբ նշված դեպքերի վրա: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 9-րդ մասի 2-րդ նախադասության նույն դրույթով նախատեսված քրեակատարողական ծառայողների ատեստավորման համար դիմելու ժամկետի սկզբի մասին նշումը՝ հաշվի առնելով նաեւ երկամսյա ժամկետը: 6. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 13-րդ մասի համաձայն. «Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման համար դիմելու ժամկետի ընթացքում ունեն ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն համապատասխան նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի:»: Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ. Նախագծով սահմանված չէ ատեստավորման համար դիմելու ժամկետ: Հետեւաբար վերոնշյալ դրույթում իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է «ատեստավորման համար դիմելու ժամկետի ընթացքում» ձեւակերպումը: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 20.1-ին հոդվածի 13-րդ մասում սահմանվում է ատեստավորման մասնակցած ծառայողների ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորության վերաբերյալ իրավադրույթ: Մինչդեռ «առնվազն» եզրույթի կիրառումն իրավական շփոթ է առաջացնում, մասնավորապես՝ հասկանալի չէ՝ ինչպես է որոշվում ո՞ր դեպքերում քրեակատարողական ծառայողը կարող է ատեստավորման համար դիմել եւս երկու անգամ, ո՞ր դեպքերում քրեակատարողական ծառայողը կունենա հնարավորություն երկու անգամից ավել դիմելու ատեստավորման համար: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 20.1-ին հոդվածի 13-րդ մասում սահմանված իրավադրույթն իրավական որոշակիության տեսանկյունից, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: 7. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 15-րդ մասում երկրորդ նախադասությամբ նշված է. «Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:»: Այսպես՝ վերոգրյալ դրույթի շարադասությունից բխում է, որ «վերադասության կարգով» բառերը վերաբերում են նաեւ դատական կարգով բողոքարկմանը, հետեւաբար առաջարկում ենք քննարկվող նախադասությունը խմբագրել: 8. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ցուցումներ» բառից հետո նախատեսվում է լրացնել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացված որոշումների վերանայման արդյունքում կայացնում է որոշումներ,» բառերը: Նշված լրացման արդյունքում Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կկիրառվի երկու միմյանց հաջորդող ստորակետներ: Հետեւաբար առաջարկում ենք քննարկվող լրացումը կատարել ոչ թե «ցուցումներ» բառից հետո, այլ «ցուցումներ,» բառից եւ կետադրական նշանից հետո: 9. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 9.1-ին կետի համաձայն. «9.1) Սույն օրենքի 20.1-ին հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերելու, հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու կամ սույն օրենքի 20.1-ին հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կրկնակի ատեստավորման համար չդիմելու դեպքում»: Վերոնշյալ լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Օրենքի 39-րդ հոդվածում սահմանված են քրեակատարողական ծառայությունից ազատման վերաբերյալ իրավակարգավորումներ: Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ քրեակատարողական ծառայությունից ազատման դեպքերում լրացվում է նոր հիմք, ըստ որի քրեակատորղական ծառայողները Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 20.1-ին հոդվածի 6-րդ մասում սահմանված 3 տարվա ժամկետում ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու դեպքում ազատվում են քրեակատարողական ծառայությունից: Միեւնույն ժամանակ, Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներից չի բխում քրեակատարողական ծառայողների ատեստավորման պարտադիր բնույթը, ինչպես նաեւ սահմանված չէ քրեակատարողական ծառայողների կողմից ատեստավորման որոշակի ժամկետ (բացառությամբ՝ քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ համապատասխան պաշտոնի նշանակված, մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված, հղիության եւ ծննդաբերության, մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից, արձակուրդից կամ գործուղումից վերադարձած քրեակատարողական ծառայողների): Հարկ է նկատել, որ Նախագծով որպես հավելավճար հաշվարկելու եւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով չատեստավորվելու հետեւանք նախատեսվում է քրեակատարողական ծառայողների քրեակատարողական ծառայությունից ազատումը, մինչդեռ Նախագծում բացակայում է բոլոր քրեակատարողական ծառայողների որոշակի ժամկետում հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորվելու պահանջը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումներում հստակեցնել հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման կամավոր կամ պարտադիր լինելու հանագամանքը: Քանի որ նման կարգավորումների դեպքում մի կողմից Նախագծից բխում է, որ հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորումն ունի կամավոր բնույթ, սակայն 3 տարվա ընթացքում հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով չատեստավորվելը հանգեցնում է քրեակատարողական ծառայությունից ազատման: 10. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի վերնագրին: 11. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Հիմք ընդունելով մեջբերված իրավակարգավորումն՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթում սահմանել նաեւ այն դրույթները, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից: Նշենք, որ այս առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից: 12. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «սույն օրենքի 20.1-ին հոդվածով» բառերն առաջարկում ենք վերանայել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «սույն օրենքն»՝ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, բաղկացած է 7 հոդվածներից եւ չունի 20.1-ին հոդված: 13. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կատարել լրացումներ եւ փոփոխություն: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանաված իրավադրույթից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»: 14. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի վերջում նախատեսվում է «փրկարարական ծառայողներին» բառերից հետո լրացնել «եւ քրեակատարողական ծառայողներին» բառերը: Հարկ ենք համարում նշել, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում բացակայում են «փրկարարական ծառայողներին» բառերը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը: 15. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանված է, որ քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Հարկ ենք համարում նշել, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում բացակայում են քննարկվող նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը, ինչպես նաեւ այն դրույթները, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասն՝ առաջարկում ենք «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում որպես անցումային դրույթ սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետ, ինչպես նաեւ նշում կատարել այն դրույթների մասին, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 12.06.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 12.06.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ, որի միջոցով, ըստ նախաձեռնության հեղինակի, հնարավոր կլինի լուծել Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավման խնդիրները, ինչպես նաեւ նախատեսվող այլ կարգավորումների շնորհիվ հնարավոր կլինի սահմանել եւ հստակեցնել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2020 թվականի հունվարի 21-ի N ՀՕ-14-Ն օրենքի ընդունմամբ առաջացած՝ Օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած, չկարգավորված եւ (կամ) ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում՝ նաեւ տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 30.05.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով՝ մասնավորապես «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում են մի շարք կարգավորումներ, որոնք ուղղված են քրեակատարողական ծառայության մասնագիտական ներուժ ունեցող կադրերի ներգրավմանը, ինչպես նաեւ նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որն, ըստ հեղինակի, կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ համալրելով թափուր հաստիքները եւ ներգրավելով որակյալ կադրեր: Ներկայացվող նպատակներին հասնելու հիմնական քայլերից մեկն, ըստ հեղինակի, հանդիսանում է քրեակատարողական ծառայության՝ որպես հանրային ծառայության տեսակի պատշաճ կազմակերպումն ու ծառայության գրավչության բարձրացումը: Կարեւորվել է նաեւ քրեակատարողական ծառայության անցնելու եւ ծառայությունը շարունակելու համար Նախագծերի փաթեթում սոցիալական երաշխիքների եւ լրացուցիչ խթանների նախատեսումը: Նախագծերի փաթեթով քրեակատարողական ծառայողների համար նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, ըստ որի կներդրվի քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգ, կսահմանվեն համապատասխան հավելավճարների չափեր, վճարման եւ հաշվարկման կարգեր, հաշվարկվող հավելավճարների դադարեցման պայմաններ: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 30.05.2023թ.
|