ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-593-23.05.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-593-23.05.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

13.06.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության» բառերն առաջարկում ենք գրել «օրենսգրքի» բառից առաջ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակման մեջ ներառվող տվյալների սահմանված հաջորդականությունն ապահովելու նպատակով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթից, այն է՝ «5. Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

2. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 8-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ մասի համաձայն՝ «8. Էլեկտրոնային համակարգի շահագործման եւ անվտանգության կանոնները եւ շարժական կրիչի բնութագիրը սահմանում է Կառավարությունը:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալ.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի անցումային դրույթով սահմանված չեն Կառավարության կողմից շարժական կրիչի բնութագրի սահմանման նախատեսվող ժամկետը, ինչպես նաեւ այն դրույթները, որոնք գործելու են համապատասխան ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելու պահից: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված պահանջն՝ առաջարկում ենք Նախագծում որպես անցումային դրույթ սահմանել Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը եւ նշում կատարել օրենսդրական ակտի այն մասերին, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից: 

3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 223-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ մասի համաձայն՝ «8. Հարցաքննության տեսաձայնագրությունը պահվում է էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում եւ դրան հասանելիություն տրամադրելու միջոցով կարող է օգտագործվել մինչդատական վարույթի ընթացքում: Հարցաքննության տեսաձայնագրությունը կարող է պահվել նաեւ շարժական էլեկտրոնային կրիչում: Տեսաձայնագրության էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում պահվելու դեպքում՝ դրա հասանելիության մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, ինչպես նաեւ առկայության դեպքում դրան են կցվում տեսաձայնագրության հիման վրա քննիչի կազմած եւ ստորագրած ցուցմունքի թղթային կամ էլեկտրոնային եղանակով կատարված եւ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված վերծանումը: Տեսաձայնագրության շարժական կրիչում պահվելու դեպքում՝ այն կցվում է արձանագրությանը: Ցուցմունքի վերծանումն ապացուցման գործընթացում կարող է օգտագործվել այնքանով, որքանով համապատասխանում է տեսաձայնագրության բովանդակությանը:»:

Վերոնշյալ իրավակարգավորումը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից, մասնավորապես՝ մինչդատական վարույթի ընթացքում էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում պահվող հարցաքննության տեսաձայնագրության օգտագործման վերաբերյալ սահմանված դրույթը:  Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 223-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ մասում սահմանված դրույթը նախատեսում է, որ էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում պահվող հարցաքննության տեսաձայնագրությունը կարող է օգտագործվել մինչդատական վարույթում դրան հասանելիություն տրամադրվելու միջոցով: Մինչդեռ հասկանալի չէ՝ ի՞նչ է ենթադրում էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում պահվող հարցաքննության տեսաձայնագրությանը հասանելիության տրամադրումը, արդյո՞ք հնարավոր են դեպքեր, երբ էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված կրիչում պահվող հարցաքննության տեսաձայնագրության հասանելիություն չտրամադրվի, որը կսահմանափակի հարցաքննության տեսաձայնագրությունը մինչդատական վարույթում օգտագործելու հնարավորությունը: Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ փոփոխության մեջ իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է նաեւ «հասանելիության մասին համապատասխան նշում» հասկացությունը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող իրավակարգավումն իրավական որոշակիության տեսանկյունից:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 483-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ մասի տեքստում առաջարկում ենք նշել նաեւ Օրենսգրքի 483-րդ հոդվածի 12-րդ մասի համարը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Հաշվի առնելով ռեսուրսների սղության գործոնը, նշենք, որ բացակայել է Նախագիծն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

13.06.2023թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

13.06.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով, քրեական վարույթի պաշտաճ ամրագրման նպատակով, առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ, միաժամանակ՝ հնարավորություն ընձեռնելով դրանք պահպանել շարժական էլեկտրոնային կրիչներում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

02.06.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Օրենսգրքի անցումային դրույթների համաձայն՝ Օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:

Օրենսգրքի 8-րդ եւ մի շարք այլ հոդվածներում առկա են կարգավորումներ, որոնց համաձայն՝ վարութային գործողությունների տեսաձայնագրության կրիչները կցվում են համապատասխան արձանագրությանը:

Վերոնշյալ իրավակարգավորումների գործնական կիրարկումն ապահովելու համար իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու համար քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման գործընթացի շրջանակներում տեղեկատվության հավաքագրման, մշակման ու պահպանության համար առավել նպատակահարմար է սերվերային ենթակառուցվածքների օգտագործումը: 

Այսպիսով, ենթակառուցվածքների զգայունության աստիճանով պայմանավորված՝ առավել նպատակային է դիտարկվել ամրագրման ենթակա տվյալները սերվերային ենթակառուցվածքներում պահպանելու մոդելը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի ամրագրումը  ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչներում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235 /ներք. 1618/

09.06.2023թ.