ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-592-23.05.2023-ՖՎ-011/0) եւ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-5921 -23.05.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հասմիկ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-592-23.05.2023-ՖՎ-011/0) եւ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-5921 -23.05.2023-ՖՎ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
09.06.2023թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքին (այսուհետ՝ Օրենք) այլեւս հղում չի կատարվում: 2. Նախագծի 1-ին հոդվածով նշված է. «մասը լրացնել «դ1» կետով եւ շարադրել հետեւյալ խմբագրությամբ»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ նույն հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք վերը մեջբերված ձեւակերպումից հանել «եւ շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը: 3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասում լրացնել նոր՝ «դ1» կետ, ինչի արդյունքում այն ունենում է հետեւյա բովանդակությունը. «Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպիչը ( ) Հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով»: Նախ՝ առաջարկում ենք լրացումը կատարել այնպես, որ այն կապակցված միտք արտահայտի, երկրորդ՝ «Հատուկ» բառն առաջարկում ենք շարադրել փոքրատառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքում այն կիրառված է փոքրատառով: Բացի այդ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «դ» կետով արդեն իսկ սահմանված է կարգավորում ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ ստեղծելու վերաբերյալ, կարծում ենք, որ առանձին կետով լրացում կատարելու փոխարեն առավել նպատակահարմար է հենց վերոնշյալ «դ» կետում սահմանել, որ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով: 4. «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, համարվում է փոփոխություն կատարելու միջոց: Նշված առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»: 5. «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում այդ մասում առկա է չհամարակալված պարբերություն: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: Հետեւաբար առաջարկում ենք կա՛մ չհամարակալված պարբերությունը համարակալել, կա՛մ այն շարադրել «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի հետ որպես մեկ միասնական պարբերություն: 6. «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է սահմանել կարգավորում, որի համաձայն, տոտալիզատորների մասնակցի հաշիվը պետք է համալրվի բացառապես այդ մասնակցի բանկային հաշվի միջոցներից: Հատկանշական է, որ «Վիճակախաղերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով նախատեսված է պատասխանատվություն վերոնշյալ պահանջը խախտելու համար: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ այն հանգամանքին, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասում սահմանել նմանատիպ կարգավորում ինտերնետ շահումով խաղերի համար եւս: Մինչդեռ Օրենքի 4-րդ գլխով սահմանված չէ որեւէ կարգավորում Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «դ1» կետով սահմանված պահանջի խախտման համար: Կարծում ենք՝ անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում վերոնշյալ կարգավորման հետ կապված տոտալիզատորի եւ ինտերնետ շահումով խաղերի դեպքում տարբերակված մոտեցումը ցուցաբերելու համար: Միաժամանակ առաջարկում ենք վերցնել Նախագծերի փաթեթում առկա վրիպակները, մասնավորապես՝ Նախագծի եւ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածներում «Օրենք» բառերը շարադրել փոքրատառերով, ինչպես նաեւ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «5.2րդ» ձեւակերպումը փոխարինել «5.2-րդ» ձեւակերպմամբ: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 09.06.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 09.06.2023թ.
Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է շահումով խաղերի եւ վիճակախաղերի մասնակիցների խաղային հաշիվները համալրել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով, ինչի արդյունքում յուրաքանչյուր խաղացող կկարողանա խաղադրույք կատարել միայն իր խաղային հաշվից եւ իրեն պատկանող հաշվի միջոցներից: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 26.05.2023թ.
Պատգամավորների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում, ինչպես նաեւ «Վիճակախաղերի մասին» օրենքում: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ անկախ սոցիալական կարգավիճակից, հասարակության մի զգալի հատված շարունակում է մեծացնել համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերին իր մասնակցությունը՝ ավելի սրելով ոչ միայն իրենց սոցիալական խնդիրները, այլեւ պետության համար առաջացնելով եւ տնտեսական, եւ ընդհուպ մինչեւ անվտանգային խնդիրներ: Կարգավորման ընդունման հրատապությունը պայմանավորված է մտահոգիչ ցուցանիշների ահագնացող աճով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել նախատեսել սահմանափակող կարգավորում, որի միջոցով հնարավոր կլինի արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ եւ պաշտպանել սպառողների շահերը: Ներկա կարգավորումները հնարավորություն են տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել այլ բանկային հաշիվ եւ դրա միջոցով օգտագործել, խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլեւ ցանկացած անձի պատկանող հաշիվների միջոցով: Նախագծերի փաթեթի ընդունումը նախ եւ առաջ միտված է նրան, որպեսզի յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից եւ իրեն պատկանող հաշվի միջոցներից՝ սրանով ավելի վերահսկելի դարձնելով իր վարքագիծը: Մյուս կողմից խաղացողները, ովքեր չունեն սեփական բանկային հաշիվներ կամ իրենց պատկանող հաշիվների վրա կիրառված են արգելանքներ կամ հանդիպում են այլ խոչընդոտների բանկային գործառնությունների իրականացման իմաստով, կկանգնեն մի շարք սահմանափակումների առաջ: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթի ընդունումը որոշ չափով զերծ կպահի հասարակության խոցելի խմբերին մոլեխաղերով հրապուրվելու անկանխատեսելի հետեւանքներից, մասնավորապես՝ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնելուց: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 08.06.2023թ.
|