ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-596-24.05.2023-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-596-24.05.2023-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

14.06.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին»  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «Սույն օրենքը տարածվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչեւ 23 տարեկան անձանց վրա, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դեպքերում նաեւ մինչեւ ուսումնառության ավարտը:». նշված դրույթի շարադասությունը միանշանակ չի ընկալվում եւ կարող է առաջացնել իրավական շփոթ. այսպես՝ Օրենքի 1-ին հոդվածը սահմանում է անձանց շրջանակը ում վրա տարածվում է Օրենքի կարգավորումը՝ այն է առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչեւ 23 տարեկան անձինք: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի կարգավորման առարկայի մեջ անձանց շրջանակում որոշակի դեպքերում մինչեւ ուսումնառության ավարտի մասին նշելը տրամաբանական չէ եւ չի բխում Նախագծի 1-ին հոդվածի շարադասությունից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով Օրենքի 1-ին հոդվածով սահմանված կարգավորման առարկայի մեջ հղում կատարել Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված անձանց, այլ ոչ թե ուսումնառության ժամկետին կամ դեպքերին:

2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում նշված «մասերում» բառը փոխարինել «պարբերությունում» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների (հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս): Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ Օրենքի 2-րդ հոդվածը համարակալված պարբերություններ չունի:

3. Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի (կամ նրանց հավասարեցված անձանց) հասկացությունը՝ սպառիչ թվարկելով այն դեպքերը, որոնց հիմքով երեխան ժամանակավորապես կարող է մնալ առանց ծնողական խնամքի: Այդ դեպքերի շրջանակում Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է լրացնել ծնողի կալանավորված կամ ազատազրկված լինելը: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 1-ին մասում ոչ սպառիչ կերպով եւս սահմանված են ծնողական խնամքի բացայակայության հնարավոր դեպքերը, որոնց պարագայում երեխան կարող է համարվել առանց ծնողական խնամքի մնացած: Թեեւ Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասը ծնողական խնամքի բացակայության դեպքերի առավել լայն շրջանակ է նախատեսում՝ այնուամենայնիվ Օրենքի եւ Օրենսգրքի կարգավորումների միմյանց համապատասխանելու նպատակով՝ առաջարկում ենք Օրենսգրքի 109-րդ հոդվածում եւս կատարել նույնական լրացում:

4. Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր հասկացություններ: Մասնավորապես՝ Նախագծում կիրառվում են «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն)», «հաստատություն», «մանկատուն» ձեւակերպումները կամ «մանկատան շրջանավարտ» եւ «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ» ձեւակերպումները:

Հարկ ենք համարում մեջբերել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթները՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ:

5. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է լրացնել նոր պարբերություն, որով սահմանված է մանկատան շրջանավարտի հասկացությունը. մասնավորապես՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, որը խնամք է ստացել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (մանկատանը) եւ դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ ինչպես նաեւ 19 տարին լրանալու կապակցությամբ,(…) համարվում է մանկատան շրջանավարտ»:

Հարկ է նկատել, որ Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխային թվին պատկանող անձի հասկացությունը, հետեւաբար նշված հոդվածում «մանկատան շրջանավարտ» հասկացության սահմանումը չի բխում նշված հոդվածի բովանդակությունից:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «մանկատան շրջանավարտ» հասկացությունը չլրացնել Օրենքի 2-րդ հոդվածում: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից, որի համաձայն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը»:

6. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ « 8. Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի, Հայաստանի հանրապետության ընտանեկան օրենագրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

09.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ 

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքից հանվում են դաստիարակչական հաստատություններում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի կազմակերպմանը վերաբերող կարգավորումները, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում շարունակվում են պահպանվել դաստիարակչական հաստատություններում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների գտնվելու վերաբերյալ կարգավորումներ: 

Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում համանման փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

09.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո մինչեւ ուսումնառության ավարտը: Կարգավորման արդյունքում կապահովվի լիազորող նորմ՝ մանկատան շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտների անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման համար, ինչպես նաեւ կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

13.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի համաձայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք 18-23 տարեկան այն անձինք են, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչեւ նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են: Ելնելով վերը նշվածից՝ ներկայումս բարձրագույն ուսումնական հաստատությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչեւ 23 տարեկանը լրանալը: Սակայն հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու եւ վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը՝ երբեմն ստացվում է, որ ակամա տարիքային այդ սահմանաչափը (23 տարեկան) արդեն իսկ գերազանցվում է եւ քաղաքացին զրկվում է սոցիալական երաշխիքներից:

Բացի վերոնշյալից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ներկայումս չեն կարող նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվել անվճար հիմունքներով՝ հաշվի առնելով համապատասխան կարգավորումների բացակայությունը:

Նախագծով առաջարկվում է՝ 

- ընդլայնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո մինչեւ ուսումնառության ավարտը.

- ապահովել լիազորող նորմ մանկատան շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտների անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման համար.

- ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում.

- կատարել որոշ տեխնիակական բնույթի փոփոխություններ: 

Նախագծի ընդունումը սոցիալական առումով կունենա բացառապես դրական ազդեցություն, քանի որ դրա ընդունման արդյունքում հիմքեր կստեղծվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների ամրագրման համար: 

Նախագծի 2-րդ հոդվածում առկա է թեթեւակի վրիպակ՝ նշված է «նախնական (արհեստագործական) մասնագիտական», մինչդեռ բառերի դասավորվածությունը պետք է լինի հետեւյալ կերպ՝ «նախնական մասնագիտական (արհեստագործական)»: 

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, բացառությամբ վերոնշյալ թեթեւակի վրիպակի շտկման:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235 /ներք. 1618/

14.06.2023թ.