Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-594-24.05.2023-ԱՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
06.06.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մի շարք փաստաթղթեր Նախագծին կից ներկայացված չեն: Մասնավորապես՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը, նույն մասի 4-րդ կետով նշված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին: Նշենք նաեւ, որ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նշված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացության մեջ ամբողջական չեն ներկայացված նույն կետով սահմանված տեղեկությունները, մասնավորապես՝ բացակայում են միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկությունները: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքերի տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, 4-րդ կետով նախատեսված փաստաթուղթը եւ 6-րդ կետով նախատեսված տեղեկատվության ամբողջականությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 31.05.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 31.05.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), ըստ որի՝ մի Կողմի պետության քաղաքացիները, անկախ նրանց մշտական բնակության վայրից, իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի մուտք գործելու, գտնվելու տարանցիկ երթեւեկելու, դուրս գալու մյուս Կողմի պետության տարածքում՝ ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած հարյուր ութսուն օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով՝ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների ինքնությունը եւ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի (քաղաքացու անձնագիր, սովորական անձնագիր, ծառայողական անձնագիր, դիվանագիտական անձնագիր, կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտ՝ միայն երկու կողմերի տարածքների միջեւ ճամփորդելիս եւ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում) հիման վրա: Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 06.06.2023թ.
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2023 թվականի հունվարի 12-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որի նպատակն է հնարավորինս պարզեցնել Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի տարածքներում քաղաքացիների փոխադարձ այցելությունները: Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է 1993թ. մայիսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագրով: Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչեւ մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում: Համաձայնագրով սահմանվում է, որ մի Կողմի պետության քաղաքացիները, անկախ նրանց մշտական բնակության վայրից, իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի, մուտք գործելու, գտնվելու տարանցիկ երթեւեկելու, դուրս գալու մյուս Կողմի պետության տարածքում՝ ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած հարյուր ութսուն օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով՝ Համաձայնագրի 1-ին եւ 2-րդ հավելվածներում թվարկված՝ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների ինքնությունը եւ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի (քաղաքացու անձնագիր, ծառայողական անձնագիր, դիվանագիտական անձնագիր, կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտ (միայն երկու կողմերի տարածքների միջեւ ճամփորդելիս եւ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում)) հիման վրա: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները. - վրացական Կողմի՝ դիվանագիտական կամ ծառայողական վավեր անձնագիր ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող դիվանագիտական առաքելություններում, հյուպատոսական հիմնարկներում եւ միջազգային կազմակերպություններում աշխատանքի նշանակված քաղաքացիներից չպահանջել մուտքի արտոնագիր՝ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, - Վրաստանի քաղաքացիներին թույլատրել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, տարանցիկ երթեւեկել կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից միջազգային ուղեփոխադրումների համար նախատեսված սահմանային պաշտոնական անցակետերով եւ այլն: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 01.06.2023թ.
|