ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-597-26.05.2023-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5971 -26.05.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-597-26.05.2023-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5971 -26.05.2023-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

13.06.2023թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում սահմանված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը, որի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում մեջբերել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն՝ «5. Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանելիս հաշվի առնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթը:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «170.13-րդ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «170.13-րդ» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

12.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

12.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը, մասնավորապես՝

- անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայմանավորված՝ նախատեսսվում է որոշակիորեն ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 8 տոկոս,

- ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում 18 եւ ավել տոկոսով,

- օղու եւ էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով:

Առաջարկվում է նաեւ վարչական պատասխանատվություն նախատեսել ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

01.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), համապատասխան լրացումներ կատարելով հարակից՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», որի նպատակն ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է, ինչպես նաեւ ծխախոտի արտադրանքն առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումը:

Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ակցիզային հարկի համակարգը, այդ թվում՝ դրույքաչափերը, վերջին անգամ վերանայվել է 2019թ-ին, ըստ որի՝ 2020թ. հունվարի 1-ից բարձրացվել են ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես, 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը յուրաքանչյուր տարի էթիլային սպիրտի եւ սպիրտային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվել են 30%-ով, իսկ IQOS ծխախոտի եւ ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը՝ 15%-ով: 

Ակցիզային հարկով հարկման ենթակա այլ ապրանքների համար Օրենսգրքով սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվել են տարեկան 3%-ով: Ներդրվել է ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի 3%-ով բարձրացնելու համակարգ, որով կարգավորվել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների գների աճով պայմանավորված՝ դրույքաչափերի աճ ապահովելու հարցը: 

Խնդիրն, ըստ հեղինակի, կայանում է նրանում, որ ակցիզային հարկերի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի վերանայելու ժամանակահատվածը լրանում է 2023թ. դեկտեմբերի 31-ին, մինչդեռ, 2019թ. առկա ցուցանիշների հիման վրա սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը 2020թ. ի վեր չեն վերանայվել, մինչդեռ ապրանքների գները էականորեն փոխվել են: 

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ 

1) վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես՝ 

- անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայմանավորված՝ որոշակիորեն ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 8 տոկոս. 

- ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում 18 եւ ավել տոկոսով, 

- օղու եւ էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի բարձրացնել 10 տոկոսով, 

2) Վարչական պատասխանատվություն նախատեսել ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար: 

Հաշվի առնելով, որ թվարկված արտադրանքների համար անհրաժեշտ է սահմանել ակցիզային հարկի այնպիսի դրույքաչափեր, որպեսզի դրանք համահունչ եւ համադրելի լինեն ԵՏՄ անդամ մյուս պետություններում սահմանված դրույքաչափերին եւ առհասարակ միության շրջանակներում դրանց մասով իրականացվող միասնական հարկային քաղաքականության ընդհանուր տրամաբանությանը, Նախագծերի փաթեթի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, առաջարկություններ եւ դիտողություններ չկան, մինչդեռ սոցիալական ազդեցության տեսանկյունից, ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը կբերի հասարակական առավել լայն սպառում ունեցող արտադրատեսակների (սպիրտային խմիչքների, ծխախոտի արտադրանքի), ինչպես նաեւ քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի գների բարձրացման:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

02.06.2023թ.