ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-599-26.05.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-599-26.05.2023-ԱռՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
15.06.2023թ.
Նախագիծը չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր: Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է մի շարք փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում, հարկ ենք համարում անդրադառնալ այդ մասում շարադրված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի անվանմանը: Այսպես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքին հղում կատարելիս նշվում է վերջինիս լրիվ անվանումը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Հետեւաբար առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42» բառերը հանել: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 14.06.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 14.06.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ պայմանավորված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքով կատարված փոփոխությամբ, որի համաձայն Օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, եւ որի հիմքով անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.1-ին հոդվածի 2-րդ մասում՝ համապատասխանեցնելով նշված օրենքների իրավակարգավորումները: Բացի այդ, Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով ախտաբանաանատոմիական գործունեությունը իրականացվում է ձեւաբանական հետազոտությունների եւ ախտաբանաանատոմիական դիահերձումների միջոցով, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել վերոնշյալ իրավակարգավորումները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 14.06.2023թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենսգրքի եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) դրույթների միջեւ հակասությունները (իմաստային անհամապատասխանությունները) եւ տարաբնույթ մեկնաբանությունը վերացնելու հանգամանքով: Բանն այն է, որ Օրենսգրքի 471 հոդվածի 2-րդ մասով սահմանվում է ախտաբանաանատոմիական հերձումների եւ (կամ) հետազոտությունների անցկացման պայմանների խախտումների համար պատասխանատվություն տուգանքի տեսքով՝ հղում կատարելով Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին, մինչդեռ 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքի հիման վրա նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 24-րդ հոդվածը նախատեսում է այլ կարգավորում, այն է՝ առանց մարդու համաձայնության բժշկական օգնության եւ սպասարկման վերաբերյալ դրույթներ: Նման պարագայում Օրենքի 24-րդ հոդվածի եւ Օրենսգրքի 471 հոդվածի 2-րդ մասն իրարամերժ են, ինչպես նաեւ խախտումներ հայտնաբերվելու դեպքում վարչական տույժ կիրառելու հիմքերը բացակայում են: Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 471 հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով պատասխանատվություն Օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված պայմանների եւ կարգերի խախտման համար: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 15.06.2023թ.
|