ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-602-29.05.2023-ՏՀ-011/0) եւ «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6021 -29.05.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-602-29.05.2023-ՏՀ-011/0) եւ «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6021 -29.05.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

19.06.2023թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Լիցենզավորման մասին» օրենքին Նախագծում այլեւս հղում չի կատարվում: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից, այն է՝  «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը» եւ

2. Նախագծի 1-ին հոդվածով, որպես փոստային կապի գործունեության իրականացման ոլորտում լիցենզիայի կասեցման հիմք, սահմանված է՝ «օրենքով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին եւ մեքենայացման, ավտոմատացման եւ տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնին ամբողջական հասանելիություն չտրամադրելը»: «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով փոստային կապի, սուրհանդակային կապի օպերատորի եւ ազգային օպերատորի համար պարտականություն է սահմանված մասքսային մարմիններին համապատասխան սարքավորումներին եւ միջոցներին ամբողջական հասանելիություն ապահովելը:

Սահմանադրության 33-րդ հոդվածով երաշխավորվում է յուրաքանչյուր անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության եւ գաղտնիության իրավունքը, որպես հիմնարար իրավունք, որը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով: 

«Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը փոստային առաքանին սահմանում է որպես «վերջնական տեսքով հասցեագրված առաքանի, որն ընդունում է փոստային կապի ծառայություններ մատուցողը՝ կանոնակարգի պահանջներին համապատասխան, այդ թվում՝ նամակագրական թղթակցություն…»:

«Փոստային կապի մասին» օրենքի 4-րդ հոդվածը ընդգծում է, որ փոստային կապի կամ սուրհանդակային կապի հաղորդակցության ազատության եւ գաղտնիության ապահովումը փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունք է:

Մաքսային մարմիններին օրենքով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին եւ մեքենայացման, ավտոմատացման եւ տեղեկատվայնացման միջոցներին հասանելիության տրամադրումը «ամբողջական» բանաձեւով, որի մանրամասները սահմանվելու են հրամանով՝ ենթաօրենսդրական ակտով, չի երաշխավորում մարդու հիմնարար իրավունք հանդիսացող նամակագրության եւ հաղորդակցության այլ ձեւերի ազատության եւ գաղտնիության իրավունքը: Այս առումով «ամբողջական հասանելիություն» ձեւակերպման օգտագործումը եւ «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացումը խոցելի են եւ կարող են խոչընդոտներ առաջացնել իրավական որոշակիության եւ համաչափության սկզբունքների պահպանման տեսանկյունից: Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ: Այսինքն, եթե փոստային առաքանիները դիտարկենք նամակագրություն, ինչպես այն սահմանում է  «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դիֆինիտիվ նորմը, ապա այդ հիմնարար իրավունքի սահմանափակումը հնարավոր է իրականացնել միայն օրենքով եւ ոչ լիազորված պետական կառավարման մարմնի եւ մաքսային մարմնի համատեղ հրամանով եւ պետք է լինեն բավականաչափ հստակ ու մատչելի: Միաժամանակ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումներն անհրաժեշտ է դիտարկել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 9-րդ եւ 181-րդ հոդվածների համատեքստում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել «ամբողջական հասանելիություն» ձեւակերպումը՝ կարգավորումները նախատեսելով օրենսդրական ակտերում:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 11.1-ին կետի «բ» ենթակետում «եւ (կամ)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջները:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 11.1-ին կետի «գ» ենթակետով փոստային կապի գործունեության իրականացման համար, որպես լիցենզիայի գործողության կասեցման հիմք, սահմանված է՝ «սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքագրելու եւ առանց նշված փաստաթղթերի եւ տեղեկությունների հավաքագրման փոստային առաքանիների տեղափոխման դեպքերում»:  Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է փոփոխություն կատարել «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում, որի արդյունքում՝ Նախագծով լրացող նոր 11.1-ին կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ խախտման պատճառի վերացումը:

Նկատի ունենալով, որ Նախագծով նախատեսված կարգավորումների արդյունքում լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք է հանդիսանալու նաեւ փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքագրելը եւ առանց նշված փաստաթղթերի եւ տեղեկությունների հավաքագրման փոստային առաքանիների տեղափոխում իրականացնելը, այսինքն՝ փոստային կապի գործունեության իրականացման ոլորտում, որպես լիցենզիայի գործողության կասեցման հիմք անհրաժեշտ է միաժամանակ եւ՛ փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքագրելը, եւ՛ տեղեկությունների հավաքագրման փոստային առաքանիների տեղափոխում իրականացանելը, հասկանալի չէ, թե արդեն իսկ առանց փաստաթղթերն ու տեղեկությունները հավաքագրելու եւ փոստային առաքանիների տեղափոխում իրականացված լինելու դեպքում ինչն է համարվելու խախտման պատճառի վերացում: Այլ կերպ ասաց՝ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով լրացվող 11.1-ին կետի «գ» ենթակետի պարագայում ինչպես է հնարավոր խախտման պատճառը, ինչպես նաեւ կացեցումը վերացած համարվել: 

5. Նախագծում հղումների հստակությունն ապահովեու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում հստակեցնել, թե  նոր մասը որտեղ է լրացվում. մասնավորապես՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում «լրացնել նոր մաս» ձեւակերպումը փոխարինել «լրացնել նոր 1.1-ին մաս» ձեւակերպմամբ:

Նույն դիտարկումը վերաբերվում է նաեւ ««Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետին, որում անհրաժեշտ է հստակ նշել, թե որ մասից հետո է նախատեսվում սահմանել լրացվող նոր մասը:

7. «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Փոստային կապի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «ունենալ» բառից հետո լրացնել «կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն պահանջներին համապատասխան» բառերը, իսկ նույն նախագծի 5-րդ հոդվածում կիրառվում է «կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին» ձեւակերպումը, մինչդեռ՝ նշենք, որ  «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացման արդյունքում Կառավարությունը փոստային կապի բնագավառում հաստատելու է (…) միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները (…): Նկատի ունենալով, որ լիազորող նորմը վերաբերում է նվազագույն պահանջները հաստատելուն, ուստի անհրաժեշտ է «կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն պահանջներին համապատասխան» բառերը փոխարինել «կառավարության որոշմամբ հաստատված նվազագույն պահանջներին համապատասխան» բառերով, իսկ «կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին» բառերը՝ «կառավարության որոշմամբ հաստատված նվազագույն պահանջներին» բառերով:

8. Նշենք, որ «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով, որպես տվյալ նախագծից բխող ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետ, սահմանված է միայն  տեխնոլոգիական սարքավորումներին եւ մեքենայացման, ավտոմատացման եւ տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները եւ դրանց միջոցով փոստային եւ սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաեւ վերջիններիս միջոցով փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկը ընդունելու ժամկետը, մինչդեռ Նախագծով եւ Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով բացակայում են փաստաթղթերը եւ տեղեկությունները հավաքագրելու համար սահմանված մաքսային մարմնի եւ փոստային կապի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնի համատեղ հրամանի ընդունման ժամկետը: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծում սահմանել նաեւ նշված ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետը:

9. «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նոր լրացվող չհամարակալված մասում հղում է կարարված տվյալ հոդվածի առաջին մասի «ը» կետին, որն էլ իր հերթին  հղում է կատարում մեկ այլ կետի, մինչդեռ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ արգելվում է կատարել շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Սահմանադրության 33-րդ եւ 79-րդ հոդվածների պահանջներին,  հստակությունը, համապատասխանությունը «Լիցենզավորման մասին» օրենքի եւ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Միաժամանակ, հաշվի առնելով ռեսուրսների սղության գործոնը, նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.՝ 011-513-248)

19.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.՝ 011-513-248)

19.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման եւ մաքսային մարմիններին ներկայացման համար: Համապատասխան տեղեկությունների հավաքագրման եւ մաքսային մարմիններին փոխանցման արդյունավետության ապահովման նպատակով նախագծերով սահմանվում են նաեւ փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջներ եւ տեղեկությունների ցանկի սահմանման իրավասություն: Նախատեսվում է նաեւ համապատասխան տեղեկությունների մաքսային մարմիններին չներկայացումը սահմանել որպես համապատասխան գործունեության լիցենզիայի կասեցման հիմք:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

09.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել են ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): 

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածք միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով առաքվող ապրանքների համար նախքան այդպիսի առաքանիների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ժամանումը, դրանց վերաբերյալ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն փոխադրողների կողմից չի ներկայացվում: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է առաքանիների ժամանումից հետո, ինչը ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացումը մաքսային մարմինների կողմից դարձնում է ժամանակատար՝ մաքսային մարմինների կողմից համապատասխան տեղեկատվության ստացման հանգամանքով պայմանավորված:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման եւ մաքսային մարմիններին ներկայացման համար, սահմանել նաեւ փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջներ եւ տեղեկությունների ցանկի սահմանման իրավասություն: Առաջարկվում է համապատասխան տեղեկությունները մաքսային մարմիններին չներկայացնելը սահմանել որպես համապատասխան գործունեության լիցենզիայի կասեցման հիմք:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում 

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                               ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

19.06.2023թ.