ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-601-29.05.2023-ՄԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

19.06.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսվում է «Երեխայի իրավունքների մասին» օրենքով սահմանված երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը փոխարինել երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ Համալիր ծրագիր)՝ այն հիմնավորմամբ, որ՝ (մեջբերում Նախագծին կից ներկայացված հիմնավորումից) «ներկայումս գործող համալիր ծրագրի համար լիազորող նորմը բացակայում է»: Մինչդեռ նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորումը չի արտացոլում Նախագծով նախատեսվող փոփոխությունները, դրանց ընդունման նպատակն ու անհրաժեշտությունը. այսպես՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 33-րդ հոդվածը վերաբերում է երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրին, որի բովանդակությունը, մշակման սկզբունքները հստակ սահմանված են նույն օրենքով. մինչդեռ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված փոփոխությունների արդյունքում տարեկան ծրագիրը Համալիր ծրագրով փոխարինելու արդյունքում բաց են մնում մի շարք կարգավորումներ, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն: Օրինակ՝ Համալիր ծրագրի կատարման համար հաշվետվությանը վերաբերող դրույթը չսահմանելու նպատկահարմարությունը, Համալիր ծրագիր բովանդակությունը հստակ սահմանող դրույթի կամ նշված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույց չսահմանելու, նշված ծրագրի հետ միաժամանակ դրա կատարումն ապահովող օրինագծերը Կառավարություն չներկայացնելու նպատակահարմարության վերաբերյալ: Սահմանադրական դատարանն իր՝ ՍԴՈ-1176 որոշմամբ անդրադարձ է կատարել օրենսդրական փոփոխությունների հիմնավորված լինելու պահանջի վերաբերյալ արտահայտելով հետեւյալ դիրքորոշումը՝ «օրենսդրությունն ստատիկ երեւույթ չէ, այն կարող է եւ պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: Միեւնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով բացի Համալիր ծրագրի համար լիազորող նորմ սահմանելուց, առանց հիմնավորման մի շարք կարգավորումներ եւս հանվում են՝ առաջարկում ենք Նախագծի հիմնավորումը համապատասխանեցնել Նախագծով սահմանված փոփոխություններին:

 Նշենք նաեւ, որ Նախագծով սահմանված փոփոխությունների արդյունքում, տարեկան ծրագիրը Համալիր ծրագրով փոխարինելով, հասկանալի չէ՝ Համալիր ծրագիրն ինչ պարբերականությամբ է ընդունվելու:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Երեխայի իրավունքների մասին» օրենքի չորրորդ գլխի մասին նշումը հանել, Նախագծի 1-ին հոդվածի մասի համարակալումը հանել, «Հոդվածը» բառը նշել փոքրատառով, «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով, իսկ նոր խմբագրությամբ շարադրված հոդված 33-ի վերնագիրը նշել թավ տառերով: Սույն առաջարկները բխում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 34-րդ հոդվածի պահանջներից: Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածն անհրաժեշտ է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Հոդված 33. (…)»»

3. Նախագծի 2-րդ հոդվածում անհրաժեշտ է հղում կատարել, թե որ օրենքի 34-րդ եւ 35-րդ հոդվածներն են ուժը կորցրած ճանաչվում՝ հղում կատարելով «Երեխայի իրավունքների մասին» օրենքին կամ վերջինիս կրճատ տարբերակին: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից:

4. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները:

5. Նախագծի 3-րդ հոդվածով, որպես Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: Նույն հոդվածի 2-րդ մասով, որպես Նախագծով նախատեսված ենթաօրենսդրական ակտի, այն է՝ Համալիր ծրագրի ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանված է   Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամանակահատվածը: Նշենք, որ Կառավաության 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ 432-Լ որոշմամբ սահմանված ծրագիրը եւ միջոցառումները իրականացնելու վերջնաժամկետը 2023 թվականն է: Նշված ժամկետը Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի հետ համադրելու արդյունքում ստացվում է, որ 2023 թվականի ավարտից հետո հնարավոր է  որոշակի ժամանակահատվածով երեխայի իրավունքների պաշտպանության որեւէ Համալիր ծրագիր առկա չլինի:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

01.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

01.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է երեխաների իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերը փոխարինել համալիր ծրագրով, ընդ որում՝ 2017-2021 թվականների ռազմավարական պլանավորման գնահատման արդյունքների (գնահատումն արդեն իսկ իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից եւ արդյունքները ներկայացվել է Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովին) եւ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի ավարտից հետո նաեւ նշված ծրագրի գնահատման արդյունքների հաշվի առնմամբ սահմանել ոլորտային ընդգրկուն միջոցառումներ, որոնք անդրադարձ կկատարեն երեխայի բոլոր իրավունքների իրացմանը եւ պատասխանատու գերատեսչությունների համար կլինեն ուղեցույց առաջիկա տարիների համար՝ հստակ ուրվագծելով ոլորտային քաղաքականությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծի մշակումը բխում է սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի թիվ ԿԱ/282-2022 արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման, ինչպես նաեւ ոլորտային համալիր ծրագրի մշակման համար լիազորող նորմի ամրագրման անհրաժեշտությունից:

Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ խնդիրն այն է, որ Երեխաների իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարեւոր միջոցառումներ, որոնց մի մասը ներառված են ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի  թիվ 432-Լ որոշմամբ հաստատված Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թթ. համալիր ծրագրում եւ ծրագրի իրականացման միջոցառումներում:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում ոչ թե յուրաքանչյուր տարի կարճաժամկետ միջոցառումներ սահմանել, այլ երեխաների իրավունքների պաշտպանության 2017-2021թթ. ռազմավարական պլանավորման գնահատման արդյունքների եւ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023թթ. համալիր ծրագրի ավարտից հետո նաեւ նշված ծրագրի գնահատման արդյունքների հաշվի առնմամբ սահմանել ոլորտային ընդգրկուն միջոցառումներ, որոնք անդրադարձ կկատարեն երեխայի բոլոր իրավունքների իրացմանը եւ պատասխանատու գերատեսչությունների համար կլինեն ուղեցույց առաջիկա տարիների համար՝ հստակ ուրվագծելով ոլորտային քաղաքականությունը:

Ակնկալվում է, որ ամրագրվող լիազորող նորմի արդյունքում հնարավորություն կստեղծվի սահմանել ոլորտային երկարաժամկետ նպատակադրումներ՝ իրավիճակի վերլուծության, հստակ ելակետային եւ թիրախային արժեքների շնորհիվ, որը թույլ կտա էականորեն բարելավել երկրում երեխայի իրավունքների պաշտպանության գործընթացը: 

Հաշվի առնելով ոլորտի կարեւորությունը՝ կարծում ենք նպատակահարմար կլիներ Օրենքով սահմանել նաեւ Նախագծով նախատեսված Համալիր ծրագրով իրականացվող միջոցառումների կապակցությամբ հաշվետվողականության վերաբերյալ հիմնական չափանիշները եւ սկզբունքները: 


Եզրահանգում

Վերոնշյալ դիտարկումը հաշվի առնելու դեպքում Նախագիծը կարող է լրամշակման կարիք ունենալ:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235 /ներք. 1618/

18.06.2023թ.