ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-607-31.05.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-607-31.05.2023-ԱռՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

22.06.2023թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի 2-րդ մասում «հեղուկ» բառից հետո լրացնել «, լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում,» բառերով:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացման արդյունքում Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը ձեւակերպվում է հետեւյալ կերպ. «2. Ձեւաբանական հետազոտություններն իրականցվում են կենդանության օրոք հիվանդությունների ախտորոշման նպատակով: Կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան եւ (կամ) հյուսվածք եւ (կամ) հեղուկ, լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում, ենթակա է պարտադիր ձեւաբանական հետազոտության ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման նպատակով: Ձեւաբանական հետազոտությունների ցանկը եւ անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Այսպես՝ Նախագծով նախատեսված լրացման արդյունքում ձեւաբանական հետազոտությունները պարտադիր իրականացվելու են միայն լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում: Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Միաժամանակ անցումային դրույթով նախատեսվում է, որ լիազոր մարմնի կողմից համապատասխան դեպքերը սահմանվում են Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ լիազոր մարմնի կողմից համապատասխան դեպքերի սահմանումը ընկած ժամանակահատվածում ձեւաբանական հետազոտությունների իրականացման հնարավորությունը բացառվում է, քանի որ մինչեւ լիազոր մարմնի կողմից համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումը բացակայելու են պարտադիր ձեւաբանական հետազոտության իրականացման ենթակա դեպքերը: Ուստի հասցեատեր սուբյեկտները չեն կարողանալու դրսեւորել հապատասխան վարքագիծ, այն է՝ համապատասխան դեպքերում իրականացնել պարտադիր ձեւաբանական հետազոտություն: Նախագծով նախատեսված իրավակարգավորմամբ ձեւաբանական հետազոտության իրականացումը հնարավոր է դառնում միայն լիազոր մարմնի կողմից համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումից հետո: 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը կարող է ընդունվել նաեւ արդեն ընդունված, սակայն դեռեւս ուժի մեջ չմտած օրենսդրական ակտի հիման վրա, առաջարկում ենք Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը վերանայել՝ լիազոր մարմնի կողմից համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսված ժամկետի տեսանկյունից: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթից, որի համաձայն՝ «Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաեւ այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:»: Կամ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով սահմանել օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նախատեսված իրավադրույթը, այն է՝ «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

21.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

21.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը «հեղուկ» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում,» բառերով, ինչի արդյունքում միայն լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում պարտադիր կդառնա մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի ձեւաբանական հետազոտությունը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

14.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք):

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ (այսուհետ՝ Հիմնավորում) Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում արձանագրված՝ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան եւ (կամ) հյուսվածք եւ (կամ) հեղուկ ձեւաբանական հետազոտության ենթարկելու պահանջի պարտադիր լինելու հանգամանքով: 

Հիմնավորման մեջ նշվում է, որ ցանկացած դեպքում մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի ձեւաբանական հետազոտության պարտադիր լինելու հանգամանքը առաջացնում է հավելյալ ծախս, առավել եւս, հանգեցնում է ավելորդ գործողության՝ հեռացված օրգանի երկու տարի ժամկետով  պահպանություն: Այսինքն, վերը նշված գործընթացը պարտադիր սահմանելը, բոլոր դեպքերի համար,  նպատակահարմար չէ:

 Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում պարտադիր դարձնել մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի ձեւաբանական հետազոտությունը:

2. Նախագծի վերաբերյալ առողջապահական տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը:

Նախագծի ընդունման արդյունքում լիազոր մարմնի կողմից Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվելիք դեպքերի ցանկից կարող են որոշակի դեպքեր դուրս մնալ: Նախագծի ընդունումը որոշակի ռիսկեր կարող է առաջացնել պացիենտի համար, քանի որ առանց պաթոհիստոլոգիական մեծածավալ ուսումնասիրություններ կատարելու հնարավոր է սխալվել ախտորոշման հարցում, ինչպես նաեւ բաց թողնել որոշակի պաթոլոգիա ախտորշման վաղ փուլում, որը կարող է հանգեցնել բարդությունների եւ բուժման հետ կապված խնդիրների: Հիմնավորմամբ մարմնից հեռացված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի ձեւաբանական հետազոտության պարտադիր լինելը ներկայացվում է որպես «որոշակի դեպքերում ավելորդ դժվարություններ», հավելյալ ծախս, ավելորդ գործողություն, մինչդեռ առավել նպատակահարմար է հիվանդության վաղ փուլում ախտորոշումը, քան հետագայում հայտնաբերումը եւ բուժումը: 


Եզրահանգում

Կարծում ենք, Նախագիծը առողջապահական հիմնախնդրի տեսանկյունից  լրացուցիչ քննարկման եւ հիմնավորման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

19.06.2023թ.