ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-608-31.05.2023-ԱռՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6081 -31.05.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Հրաչյա Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-608-31.05.2023-ԱռՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6081 -31.05.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

22.06.2023թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների համար սահմանել պարտականություն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելիս տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման վերաբերյալ, ընդ որում, որպես անձնական տվյալների մշակման նպատակ, սահմանված է (մեջբերում) «պացիենտի առողջության եւ բարոյականության հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը»:

Լրացվող պարտականությունը, կարծում ենք՝ կարող է խնդրահարույց լինել Սահմանադրության համաչափության սկզբունքի տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ.

- Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:»:

- Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

- Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:»;

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին: Մասնավորապես՝ համաչափության սկզբունքի տարրերից յուրաքանչյուրին՝ բովանդակային առումով, Սահմանադրական դատարանը մանրամասն անդրադարձել է իր՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ: Ըստ այդմ՝ «Համաչափության սկզբունքի առաջին տարրը հիմնական իրավունքի սահմանափակման նպատակի լեգիտիմությունն է, այն է` Սահմանադրությամբ նախատեսված լինելը: Դա նշանակում է, որ օրենսդիրը, իրականացնելով հիմնական իրավունքի սահմանափակման իր լիազորությունը, պետք է հիմնվի Սահմանադրությամբ նախատեսված նպատակների վրա: Բոլոր այն դեպքերում, երբ այդ նպատակներն ուղղակիորեն ամրագրված են սահմանափակվող հիմնական իրավունքին կամ ազատությանը վերաբերող սահմանադրական դրույթներում (…), օրենսդիրն իրավասու է միայն դրանք կոնկրետացնել օրենքներում, մնացյալ դեպքերում օրենսդիրն ինքն է բացահայտում սահմանափակման` օրենքով սահմանված նպատակի սահմանադրական բովանդակությունը` հիմնվելով Սահմանադրության վերաբերելի նորմերի մեկնաբանության վրա:

Հավաստիանալով իր կողմից պարզված սահմանադրական նպատակի առկայության մեջ` օրենսդիրն այնուհետեւ պետք է ընտրի դրան հասնելու միջոցները: Հետեւապես, ընտրված միջոցների սահմանադրականությունը կանխորոշվում է առաջին հերթին դրանցով հետապնդվող նպատակով:

Ինչ վերաբերում է օրենսդրի կողմից միջոցների ընտրությանը` սահմանադրորեն արդարացված նպատակին հասնելու համար, ապա, նախ` դրանք պետք է պիտանի լինեն հիշյալ սահմանադրական նպատակին հասնելու համար: Այսինքն՝ այնպիսի օրենսդրական միջոցներն են պիտանի, որոնցով օրենսդիրն ի զորու է հասնել հետապնդվող նպատակին, այլ կերպ` երբ ապահովված է հավանականությունը, որ արդյունքը, որին ձգտում է օրենսդիրը, ի հայտ կգա:

Համաչափության սկզբունքի հաջորդ տարրն օրենսդրի կողմից ընտրված միջոցի անհրաժեշտությունն է, այսինքն՝ այն, որ այդ միջոցը` այլ միջոցների համեմատ նույն ներգործությամբ, պետք է ենթադրի ամենամեղմ միջամտությունը որեւէ հիմնական իրավունքին կամ ազատությանը: Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու բոլոր պիտանի միջոցներից պետք է ընտրվի այն օրենսդրական միջոցը, որը նպատակին հասնելու նույն հավանականությամբ, այսինքն՝ նույն արդյունավետությամբ, սակայն առավել մեղմ է սահմանափակում որեւէ հիմնական իրավունք կամ ազատություն:

Համաչափության սկզբունքի վերջին` չորրորդ տարրը պահանջում է, որ օրենսդիրն իր կողմից ընտրված պիտանի եւ անհրաժեշտ միջոցը համեմատի սահմանափակվող հիմնական իրավունքի կամ ազատության սահմանադրական նշանակության հետ` պարզելու համար, որ այդ միջոցներով արդյունքում պետությունն իրապես հասնում է հետապնդվող նպատակին, եւ սահմանափակվող հիմնական իրավունքը կամ ազատությունն իր նշանակությամբ չի պահպանում իր գերակայությունը այն հանրային շահերի նկատմամբ, որոնք պահպանելու նպատակով էլ օրենսդիրը դիմում է հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման: Վերջնարդյունքում դա նշանակում է, որ որեւէ հիմնական իրավունքի կամ ազատությանը չմիջամտելը կամ այն երաշխավորելը, կախված դրանց էությունից, կանոն է, իսկ դրա սահմանափակումը` բացառություն, որը պետք է հիմնավորվի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում: Ընդսմին, որքան ավելի ինտենսիվ է սահմանափակումը, այնքան ավելի է մեծանում սահմանափակումը հիմնավորելու բեռը»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորումը հիմնականում վերաբերում է մանիպուլյացիոն եւ այլ սենյակներում տեսանկարահանող սարքերի օգտագործման արգելքին, սակայն ոչ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների համար տեսանկարահանող սարքերի օգտագործումը, որպես անձնական տվյալների պաշտպանության իրավունքի սահմանափակման համար ընտրված լավագույն միջոց: Մասնավորապես ներկայացված չեն ընտրված՝ որպես բոլոր հնարավոր միջոցներից ամենամեղմ միջամտությունն ենթադրող միջոցների անհրաժեշտության վերաբերյալ դիտարկումներ: Այլ կերպ ասած Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի սահմանափակման պիտանիության եւ անհրաժեշտության հիմնավորումը, համապատասխան սահմանափակման օբյեկտիվ հիմքը բացակայում է, ինչը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից: Միաժամանակ նշենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է, որ անձնական տվյալների մշակումը պետք է իրականացվի համաչափության սկզբունքի հիման վրա, այն է՝ (մեջբերում) «Տվյալների մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր: 2. Անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար: 3. Արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ: 4. Արգելվում է անձնական տվյալների մշակումը, եթե տվյալները մշակելու նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված կերպով»:

Բացի այդ անձնական տվյալների մշակման՝ հավաքման եւ ամրագրման համար  օրենքով սահմանված նպատակը, այն է՝ բարոյականության հիմնական իրավունքի եւ ազատության պաշտպանություն միանշանակ չի ընկալվում, վերացական է եւ նման եզրույթ կիրառված չէ որեւէ իրավական ակտում, մինչդեռ անձնական տվյալների մշակման նպատակի հստակ սահմանումը օրենքով բխում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներից:

2. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «կառավարության» բառը շարադրել մեծատառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, որոնցով սահմանված է. 

«1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

3. Նախագծի անցումային դրույթներով առաջարկում ենք սահմանել օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նախատեսված իրավադրույթը, այն է. «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.»:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածին հղում կատարելիս դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու եւ վրիպակը վերացնելու նպատակով «471.-րդ» ձեւակերպումը փոխարինել «47.1-ին» ձեւակերպմամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով ռեսուրսների սղության գործոնը, նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լիեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածների տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

21.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

21.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է օրենսդրությամբ նախատեսել պացիենտին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելիս բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից տեսալուսանկարահանման նվազագույն երաշխիքներ եւ պայմաններ: Մասնավորապես, պացիենտին բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս, նրան կամ նրա օրինական ներկայացուցիչին պետք է տրամադրել տեղեկատվություն՝ տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման մասին: Տեսալուսանկարահանման արդյունքում ստացված տվյալները կարող են փոխանցվել բացառապես պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության առկայության պայմանով: Փաթեթով առաջարկվում է տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելել չափումների եւ միջամտությունների (մանիպուլյացիոն) սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում, սանհանգույցներում: 

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

15.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): 

 Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է բժշկական ծառայությունների տրամադրման ժամանակ բժշկական գաղտնիքի պահպանման, մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրների բացառման անհրաժեշտությունից:

Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումներով՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին համապատասխանության ապահովման նպատակով առաջարկվում է նախատեսել պացիենտին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելիս բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից տեսալուսանկարահանման նվազագույն երաշխիքներ եւ պայմաններ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները.

1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)  առաջարկվող  Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի լրացման համաձայն՝ «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները պարտավոր են՝ Պացիենտի առողջության եւ բարոյականության հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով, պացիենտին բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս նրան կամ նրա օրինական ներկայացուցչին տրամադրել տեղեկատվություն՝ տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման մասին:

Առաջարկում ենք հստակ սահմանել, որ տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման մասին տեղեկատվությունը տրամադրվում է նախքան բժշկական օգնության տրամադրումը, քանի որ պացիենտն իրավունք ունի, իմանալով տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման մասին, հրաժարվել բժշկական օգնություն ստանալուց. 

2. Վերոնշյալ դրույթի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ չնայած այն հանգամանքին, որ  բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների համար տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը համարվում է պարտականություն, սակայն այդ պարտականությունը չկատարելու համար որեւիցե պատասխանատվություն սահմանված չէ: Բացի նշվածից, նախատեսված չէ, թե ինչ եղանակով է տեսալուսանկարահանման սարքերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին.

3. Օրենքի 28-րդ հոդվածի լրացմամբ նաեւ սահմանվում է, որ՝ «Տեսալուսանկարահանման արդյունքում ստացված տվյալները կարող են փոխանցվել բացառապես պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության առկայության պայմանով:»:

Առաջարկում ենք տալ «տեսալուսանկարահանման արդյունքում ստացված տվյալներ»-ի մեկնաբանությունը: Անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյո՞ք «տեսալուսանկարահանման արդյունքում ստացված տվյալներ»-ը կարող են լինել միայն «պացիենտին տեսալուսանկարահանելու արդյունքում ստացված տվյալներ»: 


Եզրահանգում

Վերոնշյալ առաջարկությունները հաշվի առնելու դեպքում՝ Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք կունենա:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

հեռ. /011/ 513 235    ներք. /1618/

21.06.2023թ.