ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-609-01.06.2023-ԱռՀ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6091 -01.06.2023-ԱռՀ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-6092 -01.06.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Էմմա Պալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-609-01.06.2023-ԱռՀ-011/0), «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6091 -01.06.2023-ԱռՀ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-6092 -01.06.2023-ԱռՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

23.06.2023թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդը կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում եւ կազմակերպում մասնագիտությամբ կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:»:

Վերոնշյալ իրավակարգավորման մեջ կիրառվող «համապատասխան բնագավառ» ձեւակերպումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես, առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդ լինելու համար սահմանված պահանջներից է համապատասխան բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունենալու հանգամանքը: Միեւնույն ժամանակ,  հասկանալի չէ՝ ո՞ր բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժն է դիտարկվելու համապատասխան բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ քննարկվող իրակավադրույթի տեսանկյունից: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված իրավադրույթի իրավական որոշակիության ապահովման նպատակով հստակ սահմանել բնագավառը, որում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժը հնարավորություն կընձեռնի սուբյեկտին լինելու առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդ: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավադրույթի «համապատասխան բնագավառի» ձեւակերպմանը:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «4. Առողջապահական՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդը կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն` թերապեւտի կամ մանկաբույժի կամ ընտանեկան բժիշկ մասնագիտությամբ, հանրային ծառայության առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:»:

Վերոնշյալ իրավակարգավորմամբ առողջապահական՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պարտադիր պահանջներից մեկը թերապեւտի կամ մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մասնագիտությամբ բարձրագույն բժշկական կրթություն ունենալու հանագմանքն է: Կարծում ենք՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգավորումն արդարացված չէ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքի տեսանկյունից եւ տարբերակված մոտեցում է ցուցաբերում բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձանց տարբեր խմբերի նկատմամբ: Մասնավորապես՝ թերապեւտի կամ մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մասնագիտությամբ բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձինք հնարավորություն են ունենում համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդ լինելու, իսկ բարձրագույն բժշկական կրթություն ունեցող այլ մասնագիտություն ունեցող անձանց կողմից այս աշխատանքի ընտրության ազատության իրավունքը սահմանփակվում է: 

Սահմանադրության 29-րդ  հոդվածի համաձայն. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:»:

Սահմանադրության 57-րդ հոդվածում ամրագրված է մարդու եւ քաղաքացու աշխատանքի ընտրության ազատության հիմնական իրավունքը, որի 1-ին մասում սահմանված է. «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:»:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է խտրականության արգելքի սկզբունքին՝ արտահայտելով, մասնավորապես, հետեւյալ իրավական դիրքորոշումները, (…) խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224): Այսպիսով, Նախագծով նախատեսված իրավակարգավորումը խտրական մոտեցում է ցուցաբերում բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձանց միջեւ, մասնավորապես՝ թերապեւտի կամ մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մասնագիտություն ունեցողների եւ բժշկական այլ մասնագիտություններ ունեցողների նկատմամբ:

Հարկ է նկատել նաեւ, որ «Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից» (ՍԴՈ-881): Մինչդեռ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ բացակայում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող բժշկական կրթության մասնագիտությունների ընտրության վերաբերյալ հիմնավորվումը: Ուստի հասկանալի չէ՝ բժշկական կրթություն ունեցող անձանց միջեւ նման տարբերակված մոտեցման օբյեկտիվ հիմքը եւ իրավաչափ նպատակը: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավադրույթը, կարող է խնդրահարույց լինել խտրականության արգելքը սահմանադրական սկզբունքի տեսանկյունից:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածն ունի «Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ հայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները» վերնագիրը: Հատկանշական է, որ քննարկվող հոդվածում առկա են նաեւ առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ հայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեության ղեկավարում իրականացնող գործադիր մարմնի վերաբերյալ կարգավորումներ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «(…) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը (…)»` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի վերնագիրն ու բովանդակությունը համապատասխանեցնել միմյանց:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը, որը նշանակվում եւ ազատվում է օրենսդրությամբ եւ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով»: Վերը նշված դրույթից բխում է, որ գործադիր մարմնի պաշտոնում նշանակումն ու ազատումը իրականացվում է օրենսդրությամբ եւ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածում լրացնել նոր՝ 9-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ. «Առողջապահության ոլորտի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում ընտրությունը (նշանակումը) իրականացվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքին եւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին համապատասխան»: Սրանից բխում է, որ գործադիր մարմնի պաշտոնից ազատման վերաբերյալ կարգավորումներ սահմանվում են ոչ թե «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով, այլ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքով: Բացի այդ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժդ» կետով սահմանված է, որ նույն մասի «ա»-«ժգ» կետերով սահմանված դեպքերից բացի, անձը կարող է ազատվել գործադիր մարմնի պաշտոնից, եթե առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 2-րդ մասով նշված է, որ գործադիր մարմնի պաշտոնից ազատում կարող է իրականացվել օրենսդրությամբ եւ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւս: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ ազատվում» բառերը:

5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդը կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում եւ կազմակերպում մասնագիտությամբ կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. 

«Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով եւ «կամ» շաղկապով բաժանված պայմաններով»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի վերը մեջբերված դրույթը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 3-րդ մասում գործադիր մարմնի հավակնորդի համար սահմանվող պայմաններն իրարից անջատվում են «կամ» շաղկապով եւ ստորակետով՝ կարող ենք փաստել, որ քննարկվող դրույթից բխում է, որ գործադիր մարմնի հավակնորդ լինելու համար բավարար է վերջինիս կրթությանը եւ ստաժին ներկայացված պայմաններից ցանկացած մեկին համապատասխանելը: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրել՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը հաշվի առնելով:

6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. 

«Առողջապահական՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի ղեկավարը կարող է կատարել, տվյալ կազմակերպությունում, հետեւյալ մասնագիտությամբ այլ վճարովի աշխատանք՝ թերապեւտ կամ մանկաբույժ կամ ընտանեկան բժիշկ»:

Այս համատեքստում հարկ է անդրադառնալ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքին, որի 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից», ինչպես նաեւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի վերջին պարբերությանը, որով սահմանված է. «Համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները, բացառությամբ 14-րդ հոդվածի, որով նախատեսված լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարը»: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի վերը մեջբերված դրույթների վերլուծությունից բխում է, որ առողջապահական համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի համար Նախագծով եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված են իրար հակասող պահանջներ: Մասնավորապես՝ Նախագծով սահմանված է, որ առողջապահական համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարը, բացի գործադիր մարմնի ղեկավար լինելուց, այլ վճարով աշխատանք կարող է կատարել միայն նույն կազմակերպությունում թերապեւտ կամ մանկաբույժ կամ ընտանեկան բժիշկ աշխատելու դեպքում, իսկ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքով՝ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանք կատարելու դեպքում: Առաջարկում ենք ապահովել Նախագծով եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված դրույթների համապատասխանությունը միմյանց՝ սահմանելով համապատասխան բացառություն:

7. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32.1-ին հոդվածի համարն առաջարկում ենք վերնագրի տեքստից առանձնացնել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

8. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի եւ մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատվում են համապատասխանաբար լիազոր մարմնի, մարզպետի կամ համայնքի ղեկավարի հրամանով»: Նշված դրույթը խնդրահարույց է որոշակիության տեսանկյունից, մասնավորապես՝ հասկանալի չէ՝ ինչպես է որոշվում, թե կոնկրետ դեպքում վերոնշյալ երեք անձանցից ով պետք է կայացնի համապատասխան հրամանը, հատկապես եթե համայնքի ղեկավարը գործադիր մարմնի պաշտոնում նշանակման հետ կապված գործընթացներում ոչ մի գործառույթ չունի (հիմք՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ):

9. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ գլխում ներառված 32.1-ին հոդվածում սահմանված են լիազորող նորմեր: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի անցումային դրույթներում բացակայում են Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու նախատեսվող ժամկետները, ինչպես նաեւ այն դրույթների մասին նշումները, որոնք գործելու են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: 

Հիմք ընդունելով վերոգրյան՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթով սահմանել Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետ, ինչպես նաեւ նշում կատարել այն դրույթների մասին, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից: 

10. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի 32-րդ հոդվածը, առաջարկում ենք Օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ հոդվածում, որով կատարվում է հղում Օրենքի 32-րդ հոդվածին, կատարել համապատասխան փոփոխություն:

11. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն կետով սահմանված կարգավորումները չեն վերաբերում առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններին»: Հարկ է նկատել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված են կարգավորումներ բացառապես համայնքային կազմակերպությունների վերաբերյալ, հետեւաբար հասկանալի չէ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում լրացվող նոր նախադասության մեջ «պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող պետական կամ» բառերի կիրառության նպատակը: Առաջարկում ենք վերոնշյալ դիտարկումը հիմք ընդունելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում լրացվող նախադասությունից հանել «պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող պետական կամ» բառերը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության եւ խտրականության արգելքի սահմանադրական սզբունքների տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի եւ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

Հաշվի առնելով ռեսուրսների սղության գործոնը, նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթն ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

22.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

22.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով, պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող կամ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումը կառավարելի դարձնելու նպատակով, առաջարկվում է օրենքով սահմանել, որ առողջապահության ոլորտի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում ընտրությունը (նշանակումը) իրականացվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքին եւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում, փոփոխություն կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:

Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ տեղական ինքնակառավարման համակարգում, համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված, գործող օրենքներում առկա են կարգավորումներ, որոնք դժվարացնում են առողջապահական՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կառավարումը, ինչպես նաեւ գործող օրենքներում եւ դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերում կան տարբեր կարգավորումներ, որոնք բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների տնօրենների ընտրության համար հնարավորություն չեն տալիս ձեւավորել միասնական մոտեցում:

Նախագծերի փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝ 

1. Առողջապահության ոլորտի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների գործադիր մարմինների պաշտոնում ընտրություններն (նշանակումները) իրականացնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքին եւ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերին համապատասխան.

2. Առողջապահության ոլորտի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնել գործադիր մարմնի միջոցով.

3. Սահմանել, որ առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդը կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում եւ կազմակերպում մասնագիտությամբ կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

4. Սահմանել, որ առողջապահական՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդը կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն՝ թերապեւտի կամ մանկաբույժի կամ ընտանեկան բժիշկ մասնագիտությամբ, հանրային ծառայության առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ: 

Նախագծերի փաթեթում ներառված՝ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումը.

Վերոնշյալ նախագծերում օգտագործվում են համապատասխանաբար «բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններ» եւ «պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններ» արտահայտությունները, ինչի հետեւանքով ստացվում է, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններն ընդգրկված (ներառված) են «բաժնետիրական ընկերությունների» կամ «պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների» կառուցվածքում, մինչդեռ  բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունները իրենք իսկ հանդիսանում են «բաժնետիրական ընկերություններ» կամ  «պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ»: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում 

Վերոնշյալ նկատառումը հաշվի առնվելու դեպքում՝ Նախագծերի փաթեթը  լրամշակման կարիք կունենա:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

(հեռ.՝ 011-513-235, 16-18)

22.06.2023թ.