ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-612-06.06.2023-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
27.06.2023թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացնել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին ամրացվող գույքի վերաբերյալ հատուկ կարգավորումներ, որի ուժով համայնքային կազմակերպությանը գույք կարող է ամրացվել Կառավարության որոշմամբ: Նշենք, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի վերջին պարբերությամբ սահմանված է՝ «Համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները, բացառությամբ 14-րդ հոդվածի, որով նախատեսված լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարը:»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանը գույք կարող է ամրացվել ոչ միայն Կառավարության որոշմամբ, այլեւ հիմնադրի որոշմամբ: Տարաբնույթ մեկնաբանություններից եւ իրավական շփոթից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում լրացնել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի նաեւ 5-րդ հոդվածի վերաբերելիությունը համայնքային կամակերպություններին. մասնավորապես առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 5.1-ին հոդվածում կարգավորում նախատեսել առ այն, որ բացի Հիմնադրից համանքային ոչ առեւտրային կազմակերպությանը գույք կարող է ամրացվել նաեւ Կառավարության որոշմամբ կամ լրացվող 5.1-ին հոդվածում հղում կատարել նույն օրենքի 5-րդ հոդվածին: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացնել նոր 5.1-ին հոդված, որի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերում կիրառված է «Կառավարություն» եզրույթը` համապատասխան հոլովաձեւերով, իսկ 7-րդ եւ 8-րդ մասերում` «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եզրույթը՝ համապատասխան հոլովաձեւերով: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները՝ համապատասխանեցնելով նաեւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում կիրառված հասկացություններին: 3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «5.1-րդ» գրելաձեւը փոխարինել «5.1-ին» գրելաձեւով` պահպանելով դասական թվականների հիշատակման կանոնը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է` «3. Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:»: 4. Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նախատեսել նույն Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր 5.1-ին հոդվածի 4-րդ մասում նշված համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին ամրացված գույքը վարձակալության հանձնելու կարգը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ ակտի ընդունման ժամկետը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները: Միաժամանակ նշենք, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ հղում է կատարվում Կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմանը, մինչդեռ տվյալ որոշումն ուժը կորցրել է 2023 թվականին ապրիլի 26-ին: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծում առկա չեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր: Միաժամանակ` վերոգրյալ դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ` ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-248) 27.06.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ` ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-248) 27.06.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է օրենքով կանոնակարգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը, որի նպատակով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքը նախատեսվում է լրացնել նոր՝ 5.1-ին հոդվածով: Վերջինիս համաձայն առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարությունն իր որոշմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացնել ցանկացած գույք եւ հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման եւ այլն: Ընդհանուր առմամբ Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն առաջարկվող նոր՝ 5.1-ին հոդվածի տեքստում, մեր կարծիքով, առկա է ներքին հակասություն: Մասնավորապես, առաջարկվող նոր՝ 5.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ. «Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության,...: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:», իսկ հաջորդ՝ 5-րդ մասով սահմանվում է, որ. «Ամրացված գույքի օգտագործման արդյունքում hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության ստացած եկամուտները hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ:»: Այսինքն, առնվազն ամրացված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցների մասով հակասություն է առաջանում նշված մասերի միջեւ, քանի որ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ կարող է «այլ բան նախատեսված չլինել» (եւ ամենայն հավանականությամբ՝ հենց այդպես էլ կլինի): Հետեւաբար, նշված հակասության վերացման եւ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք նոր՝ 5.1-ին հոդվածի 5-րդ մասի «նախատեսված չէ» բառերից հետո ավելացնել «օրենքով կամ» բառերը: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ նշված հակասության վերացման տեսանկյունից որոշ հստակեցման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 15.06.2023թ.
1. Նախագծով առաջարկվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարել: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը Օրենքով կանոնակարգված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 5.1-րդ հոդվածով, որի համաձայն՝
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը: 2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 23.06.2023թ.
|