ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-611-06.06.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-611-06.06.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
26.06.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «15-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «է» ենթակետ» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի ողջ տեքստում «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 15-րդ հոդվածին կատարված հղումներին: 2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 15-րդ հոդվածում լրացնել նոր ծառայություններ, որոնց համար սահմանվում է պետական տուրք, դրանք են տեսակապի միջոցով մատուցվող ծառայությունները: Այս կապակցությամբ հարկ է անդրադառնալ Օրենքի 2-րդ հոդվածին, որով սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթից բխում է, որ որեւէ ծառայության կամ գործողության համար պետական տուրք վճարվում է երկու պայմանների միաժամանակյա բավարարման դեպքում: Առաջինը՝ այդ ծառայությունը կամ գործողությունը պետք է սահմանվի «Պետական տուրքի մասին» օրենքով, երկրորդ՝ համապատսխան օրենքով պետք է սահմանվի նաեւ, որ այդ ծառայության կամ գործողության համար սահմանված է պարտադիր վճար: Մինչդեռ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածում լրացվող տեսակապի միջոցով մատուցվող ծառայությունների վերաբերյալ կարգավորումներ ներկայումս սահմանված են ոչ թե օրենսդրական ակտերով, այլ Կառավարության որոշումներով: Ընդ որում՝ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքով տեսակապով անձնագրերի հետ կապված մատուցվող ծառայությունների մասին որեւէ կարգավորում սահմանված չլինելու պարագայում, այդ օրենքից բացակայում է տեսակապով անձնագրերի հետ կապված մատուցվող ծառայությունների մատուցման համար պետական տուրք վճարելու անհրաժեշտության մասին: Վերոգրյալից հետեւում է, որ միայն «Պետական տուրքի մասին» օրենքում տեսակապի միջոցով մատուցվող ծառայությունների մասին լրացում կատարելը բավարար չէ: Հետեւաբար առաջարկում ենք նաեւ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքով սահմանել, որ Նախագծի 4-րդ հոդվածով նշված տեսակապի միջոցով մատուցվող ծառայությունների համար սահմանված է պարտադիր վճար: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 26.06.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Կարծում ենք, որ Նախագծով կատարվող որոշ փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում կատարել համապատասխան լրացում կամ փոփոխություն նաեւ այլ օրենքներում: Մասնավորապես՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում ներկայումս առկա «հյուպատոսական հիմնարկում պահվող ՔԿԱԳ ակտի հիման վրա կրկնակի վկայական տալու համար» սահմանված պետական տուրքի փոխարեն սահմանվում է նոր պետական տուրք՝ «քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու համար, ներառյալ՝ համապատասխան վկայական տալը»: Այսպես՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներկայումս «Քաղաքացիական կացության գրանցման մասին» օրենքի քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու դիմումի եւ անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ կարգավորումներ սահմանող 71-րդ հոդվածից չի բխում, որ այդ ծառայության համար սահմանված է պետական տուրք՝ առաջարկում ենք «Քաղաքացիական կացության գրանցման մասին» օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել, որ այդ դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր: Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 26.06.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ, ուժը կորցրած ճանաչել այլեւս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը եւ ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափ, որը ներկայումս սահմանված չէ: Բացի այդ, առաջարկվում է նաեւ սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափեր եւ վերացնել այլեւս օգտակար նպատակ չհետապնդող եւ որեւէ խնդիր չլուծող արտոնությունը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 15.06.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ. - ուժը կորցրած ճանաչել այլեւս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը եւ ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափը, որը ներկայումս սահմանված չէ. - սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը. - վերացնել այլեւս օգտակար նպատակ չհետապնդող եւ որեւէ խնդիր չլուծող արտոնությունը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 26.06.2023թ.
|