ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-614-08.06.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-614-08.06.2023-ԱռՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

29.06.2023թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված լրացման տեսքն առաջարկում ենք համապատասխանեցնել Օրենքի 2-րդ հոդվածում հասկացությունների կիրառության տեսքին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող լրացմանը զուգահեռ առաջարկում ենք Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 65-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված լրացման արդյունքում Օրենքի 2-րդ հոդվածում ճիշտ կետադրությունն ապահովելու նպատակով: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր նախադասության համաձայն. «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի (ավտարիզացիոն նամակի) եւ  ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:»:

Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ.

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր նախադասությամբ կիրառված «համապատասխանության հավաստագիր (ավտարիզացիոն նամակ)» հասկացությունն Օրենքում, ինչպես նաեւ Նախագծում բացահայտված չէ: Ուստի հասկանալի չէ՝ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակներն արտադրողի կողմից ի՞նչ պահանջների կամ չափանիշների են համապատասխանեցվում, ի՞նչ է ենթադրում համապատասխանության հավաստագիրը (ավտարիզացիոն նամակը): Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքների մեջ թվարկվում է որակի երաշխիքային ապահովությունը, կրկնակի վիրահատությունների առաջացման անհրաժեշտության բացառումը, արտադրատեսակների նույնականացման հնարավորությունը եւ ներպատվաստվող բժշկական արտադրատեսակների համար պետության կատարած ծախսերի նպատակային լինելն ու արդյունավետությունը:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 46-րդ հոդվածում նախատեսված են բժշկական արտադրատեսակների գրանցման եւ անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության վերաբերյալ իրավակարգավորումներ, որի 1-ին մասի համաձայն. «1. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է այն բժշկական արտադրատեսակների շրջանառությունը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ հետեւյալ բժշկական արտադրատեսակների, որոնք ենթակա չեն պարտադիր գրանցման.(…)»:

Նույն հոդվածի 4-րդ մասում սահմանված է. «4. Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների պետական գրանցման ժամանակ գնահատվում է բժշկական արտադրատեսակների անվտանգության, որակի եւ արդյունավետության, մակնշման ու շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը:»:

Այսպես՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող բժշկական արտադրատեսակներն ենթակա են գրանցման, եւ բժշկական արտադրատեսակների որակը եւ արդյունավետությունը գնահատվում է պետական գրանցման ժամանակ: Հետեւաբար, եթե արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագիրը տրվում է նաեւ որակի երաշխիքային ապահովության, կրկնակի վիրահատությունների առաջացման անհրաժեշտության բացառման նպատակներով, ապա կարծում ենք՝ այն կարող է ենթադրել նաեւ որակի համապատասխանության գնահատում, ինչը կհանգեցնի համապատասխանության հավաստագրի եւ գրանցման հավաստագրի բովանդակային առումով նույնացման: 

Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը):

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր նախադասությամբ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների ժամանակ օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերման համար նախատեսվում է պահանջ, այն է՝ համապատասխանության հավաստագրի (ավտարիզացիոն նամակի) եւ  ծագման սերտիֆիկատի առկայությունը, մինչեռ օրենսդրությամբ եւ Նախագծում քննարկվող իրավահարաբերություններին վերաբերելի ամբողջական այլ կարգավորումները բացակայում են: Բացի այդ, «համապատասխանության հավաստագիր» ձեւակերպման կիրառումը այլ վերաբերելի կարգավորումների բացակայությամբ հանգեցնում է տարաբնույթ մեկնաբանությունների, քանի որ հասկանալի չէ փաստաթղթի բովանդակությունը: Հետեւաբար իրավական որոշակիության ապահովման, տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակներով առաջարկում ենք ապահովել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր նախադասությամբ սահմանված իրավադրույթի իրավական որոշակիությունը, հստակեցնել կիրառված հասկացությունները, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում է «ներպատվաստվող բժշկական արտադրատեսակներ» հասկացությունը, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր նախադասությունում «ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակներ» ձեւակերպումը: Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս առաջարկում ենք կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված իրավակարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

29.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

29.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում (այսուհետ՝ Օրենք) իրավական հիմքեր ստեղծել պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների ժամանակ օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների կիրառման համար, կրկնակի վիրահատությունների առաջացման անհրաժեշտությունը հնարավորինս բացառելու, ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների նույնականացման հնարավորության ստեղծման, ինչպես նաեւ ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների համար պետության կատարած ծախերի նպատակային եւ արդյունավետ իրականացման համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

16.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում (այսուհետ` Օրենք):

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ (այսուհետ՝ Հիմնավորում), Նախագծի ընդունումը պայմանավորված է բժշկական ծառայությունների համար օգտագործվող՝ մարդու օրգանիզմում ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակներ, որոնք ներդրվում են մարդու օրգանիզմում՝  օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների կամ անատոմիական կառուցվածքի վերականգնման, փոխարինման, փոփոխման համար, պետության կողմից կատարված ծախսերի  արդյունավետությունը բարձրացնելու եւ պացիենտների անվտանգությունն ապահովելու  նպատակով:

Ներկայումս պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող բժշկական ծառայությունների համար օգտագործվող՝  ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակներ, որոնք ներդրվում են մարդու օրգանիզմում՝  օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների կամ անատոմիական կառուցվածքի վերականգնման, փոխարինման, փոփոխման համար,  ձեռքբերումն իրականացնելու համար չի պահանջվում արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագիր եւ ծագման սերտիֆիկատի առկայություն: Այդ պահանջի բացակայությունը բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող այն ծառայությունների դեպքում, երբ մարդու օրգանիզմում ներդրվում են ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակներ, հնարավոր չի լինում դրանք   նույնականացնել արտադրողի արտադրած ապրանքի հետ: Մասնավորապես՝ սերտիֆիկատի բացակայության դեպքում հնարավոր չի լինում  տարբերել, օրինակ՝ դեղապատ ստենդը՝ ոչ դեղապատից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների նույնիսկ աննշան թերությունների դեպքում, ծառայությունը կրկին մատուցելու անհրաժեշտություն է առաջանում: Ասվածից հետեւում է, որ ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների, ձեռքբերումը համապատասխանության հավաստագրի (ավտարիզացիոն նամակի) եւ ծագման սերտիֆիկատի առկայությամբ անհրաժեշտություն է: 

Նախագծի ընդունմամբ կարող են ապահովվել հետեւյալ արդյունքները.

  •        կունենանք որակի երաշխիքային ապահովություն՝ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների ժամանակ օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների համար.
  •        կբացառվի կրկնակի վիրահատությունների առաջացման անհրաժեշտությունը.
  •        ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակները կունենան նույնականացվելու հնարավորություն.
  •        ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների համար պետության կատարած ծախերը կլինեն նպատակային եւ արդյունավետ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

26.06.2023