ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-616-14.06.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-616-14.06.2023-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

07.07.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ Նախագծի 1-ին հոդվածում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ «Օրենք»)» ձեւակերպումից հանել չակերտները:

3. Նախագծի ամբողջ տեքստում առկա են մի շարք վրիպակներ, շարադասության խնդիրներ, ինչպես նաեւ դասական թվականների ոչ ճիշտ գրության ձեւեր: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի ամբողջ տեքստը:

4. Նախագծի մի շարք հոդվածներում միեւնույն միտքն արտահայտվում է տարբեր բառերով, կամ Օրենքում, ինչպես նաեւ Նախագծով սահմանվող հասկացությունները կիրառվում են այլ կերպ: Օրինակ.

Նախագծում կիրառվում են «Հեռուստալսարանի չափումներ», «հեռուստալսարանի չափումներ» եւ  «Հեռուստալսարանի վարկանիշային չափումներ» հասկացությունները:

Նախագծում կիրառվում են «Հեռուստալսարանի չափումներ իրականացնողներ» եւ «Հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձ» հասկացությունները:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 6-րդ կետում «տեսալսողական ոլորտում» բառերն առաջարկում ենք փոխարինել «տեսալսողական մեդիայի ոլորտում» բառերով՝ հիմք ընդունելով Օրենքում կիրառված ձեւակերպումը:

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում կիրառվում է «հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով սփռում ունեցող հեռուստաընկերություններ» ձեւակերպումը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասում՝ «հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով հեռարձակողներ» եզրույթը: Հարկ է նկատել, որ Օրենքում կիրառված է «հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսում գործող Հեռարձակող» եզրույթը:

Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում է «հեռարձակող» հասկացությունը՝ իր հոլովաձեւերով: Մինչդեռ՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված «տեսալսողական մեդիածառայություն մատուցող» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ՝ «այսուհետ՝ Հեռարձակող, լսողական մեդիածառայություն մատուցող՝ Լսողական ծրագրեր հեռարձակող»: 

Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք կիրառել նորմատիվ իրավական ակտերով սահմանված հասկացությունները, ինչպես նաեւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի  1-ին եւ 2-րդ մասերում սահմանված իրավադրույթները, որոնց համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

5. Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է նաեւ «Գովազդի մասին» օրենքը: Հետեւաբար Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում նոր լրացվող 14.3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսվող «գովազդատու» հասկացությունը պետք է կիրառվի «Գովազդի մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված «գովազդատու» հասկացության  բովանդակությամբ, այն է՝ գովազդատուն իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման նպատակով: Սա նշանակում է, որ «գովազդատու» կարգավիճակի առկայությունը չի ենթարկվում գրանցման կամ հաստատման որեւէ մարմնի կողմից, համապատասխանաբար՝ նաեւ չի վերահսկվում, եւ գովազդատուներին Կոմիտեին անդամակցելու հնարավորություն տրամադրելու հետ մեկտեղ անհրաժեշտ են այդպիսի կարգավիճակի առկայությունը անվիճելի դարձնող «գործիքներ» սահմանել, որոնք հնարավորություն կտան հաստատել սուբյեկտի Կոմիտեին անդամակցելու իրավունքը, հակառակ պարագայում ցանկացած գովազդատու (ոչ միայն տեսալսողական մեդիային ոլորտում) կարող է անդամակցել Կոմիտեին, ընդ որում, հասկանալի չէ՝ ինչն է հիմք հանդիսանում անձին՝ գովազդատու համարելու համար կամ որ պահից եւ մինչեւ երբ է ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդես գալիս որպես գովազդատու, ուստիեւ Կոմիտեի անդամ:

6. Նախագծի 2-րդ հոդվածում «ենթակետով» բառն առաջարկում ենք փոխարինել «կետերով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

Նույն դիտարկումը հաշվի առնելով՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 3-րդ մասի «ենթակետերում» բառը փոխարինել «կետերում» բառով:

7. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի 1-ին մասում կիրառված է «հեռարձակման գովազգային շուկա» հասկացությունը:

8. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Հեռուստատեսության ոլորտում վարկանիշի ձեւավորվումը, ինչպես նաեւ հեռարձակման գովազդային շուկայում գնագոյացումն իրականացվում է հեռարձակողների, առանձին տեսալսողական հաղորդումների եւ տեսալսողական ծրագրերի հեռուստալսարանի չափումների միջոցով (այսուհետեւ՝ հեռուստալսարանի չափումներ):»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 29-րդ կետում սահմանված՝ «Հեռուստալսարանի չափումներ» հասկացությունը միայն առանձին տեսալսողական հաղորդումների կամ տեսալսողական ծրագրերի վարկանիշների բացահայտման կապակցությամբ իրականացվող գործունեություն է: Մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի 1-ին մասում նշում է կատարվում հեռարձակողների, առանձին տեսալսողական հաղորդումների եւ տեսալսողական ծրագրերի հեռուստալսարանի չափումների մասին: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթը եւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 29-րդ կետում սահմանված հասկացությունը համապատասխանեցնել միմյանց:

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի 1-ին մասում «(այսուհետեւ՝ հեռուստալսարանի չափումներ)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 29-րդ կետում սահմանված է «Հեռուսատալսարանի չափումներ» եզրույթը, եւ նորմատիվ իրավական ակտում պետք է կիրառվի սահմանված հասկացությունը: 

9. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն. «3. Հեռուստալսարանի չափումների արդյունքները ենթակա չեն հրապարակման, եթե համապատասխան հեռարձակողն այդ մասով համապատասխան պահանջ է ներկայացնում Հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձին: Հեռարձակողի կողմից համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո այդ գծով հեռուստալսարանի չափումների արդյունքները տրամադրվում են բացառապես կարգավորող մարմնին, ով դրանք կարող է օգտագործել օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:»:

Նշված իրավադրույթը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես, հասկանալի չէ՝ հեռարձակողի կողմից ներկայացվող պահանջի ձեւը, ինչպիսի փաստաթուղթ է ենթադրում «համապատասխան պահանջը», արդյո՞ք այն կարող է լինեն ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Բացի այդ հարկ է նկատել, որ օրենդրությամբ, ինչպես նաեւ Նախագծով նախատեսված իրավակարգավորումներում բացակայում են հեռուստալսարանի չափումների արդյունքերը կարգավորող մարմնի կողմից օգտագործման սահմանված դեպքերը եւ կարգը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.1-ին հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթն իրավական որոշակիության տեսանկյունից:

10. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «4. Սույն հոդվածի 1-ին մասով եւ Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված կամ չվերահսկվող կազմակերպությունների իրականացրած հեռուստալսարանի չափումների արդյունքերը հիմք չեն հեռարձակողների վարկանիշների ձեւավորման, այդ թվում՝ գովազդի շուկայական ճանաչելի գնի սահմանման համար:»:

Վերոնշյալ իրավակարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես, հասկանալի չէ՝ «գովազդի շուկայական ճանաչելի գին» հասկացությունը: Բացի այդ, Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված դրույթից բխում է, որ գովազդի շուկայական ճանաչելի գինը սահմանվում է, մինչդեռ հասկանալի չէ՝ ինչպե՞ս է սահմանվում, ու՞մ կողմից եւ ինչպե՞ս է բացահայտվում գովազդի շուկայական ճանաչելի գնի բովանդակությունը: 

Հարկ ենք համարում նշել, որ «Գովազդի մասին» օրենքի 17-րդ հոդվածում սահմանված է գովազդի պայմանագրային բնույթը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածում ամրագրված է պայմանագրի ազատության սկզբունքը, որի 1-ին մասի համաձայն. «Քաղաքացիները եւ իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս:»: Նույն հոդվածի 4-րդ մասում սահմանված է, որ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով: Այսպես՝ գովազդի պայմանագրի գինը յուրաքանչյուր դեպքում որոշվում է գովազդի պայմանագրի կողմերի համաձայնությամբ: Հիմք ընդունելով այն հանագմանքը, որ Նախագծով սահմանված իրավադրույթները չեն կարգավորում գովազդի շուկայական ճանաչելի գնի սահմանումը որոշակի սանդղակով կամ այնպիսի եղանակով, որը կբացահայտի գովազդի շուկայական ճանաչելի գնի բովանդակությունը, ապա գովազդի գնի որոշումը մնում է պայմանագրի ազատության սկզբունքի կարգավորման տիրույթում եւ յուրաքանչյուր դեպքում որոշվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: 

Այս համատեքստում խնդրահարույց է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 57-րդ հոդվածում լրացվող նոր 6.1-ին մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն. «6.1 Սույն օրենքի 14.2 հոդվածի 1-ին մասով եւ Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված եւ/կամ չվերահսկվող անձանց կողմից իրականացված հեռուստալսարանի չափումների արդյունքում գովազդի շուկայական գնի որոշումը յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում չափումներն իրականացնող անձի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»: Մասնավորապես՝ սույն դրույթը պատասխանատվություն է սահմանում Կոմիտեի կողմից չընտրված եւ չվերահսկվող անձանց կողմից իրականացված հեռուստալսարանի չափումների արդյունքում գովազդի գնի որոշման համար, ընդ որում հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձի համար: Հարկ է նկատել, որ քննարկվող դրույթը պատասխանատվություն է սահմանում կոնկրետ սուբյեկտի՝ հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձի համար, այլ սուբյեկտների՝ գովազդի պայամանագրի կողմերի կողմից կատարվող գործողության համար, ովքեր օրենքում եւ այլ իրավական ակտերով գովազդի շուկայական ճանաչելի գնի բովանդակության սահմանման բացակայությամբ պայմանագրային հարաբերություններում առաջնորդվում են պայմանագրի ազատության սկզբունքով: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածի 4-րդ մասում եւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 57-րդ հոդվածում լրացվող նոր 6.1-ին մասում սահմանված իրավադրույթները:

11. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 57-րդ հոդվածում լրացվող նոր 6.1-ին մասի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: »

12. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է Կոմիտեի ձեւավորման վերաբերյալ իրավակարգավորումներ:

Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասում սահմանված է Օրենքի գործողության ոլորտը, որի համաձայն՝ «Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում՝

1) տեսալսողական մեդիածառայություն մատուցողների վրա.

2) օպերատորների վրա.

3) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների վրա.

4) կարգավորող պետական մարմնի վրա.

5) հանրային տեսալսողական մեդիածառայություն մատուցողի գործունեության կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմնի վրա։»:

Հարկ է նկատել, որ Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասում թվարկված են այն  սուբյեկտները, որոնց վրա տարածվում է Օրենքի գործողությունը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք սուբյեկտների շարքում նշում կատարել նաեւ տեսալսողական մեդիայի ոլորտում նոր ստեղծվող ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպության՝ Հեռուստատեսային ինդուստրիալ կոմիտեի մասին:

13. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում առաջարկում ենք բացառել «ՀՀ-ն» հապավման կիրառությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթը, որի համաձայն. «2. Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

Նույն դիտարկումը վերաբերելի նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասին:

14. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի համաձայն՝ «5. Հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով հեռարձակողները Կոմիտեին անդամակցում են համապատասխան սփռման (լիցենզիայի գործողության) ժամանակահատվածում:

6. Հանրային հեռարձակողները եւ կարգավորող պետական մարմինը Կոմիտեին անդամակցում են անժամկետ՝ օրենքի ուժով:»:

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում սահմանված են հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով հեռարձակողների, ինչպես նաեւ հանրային հեռարձակողների եւ կարգավորող պետական մարմնի անդամակցության ժամկետները: Միեւնույն ժամանակ Կոմիտեին գովազդատուների եւ գովազդային գործակալությունների անդամակցության ժամկետների վերաբերյալ դրույթներ Նախագծով սահմանված իրավակարգավորումներում նախատեսված չեն:

15. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերի համաձայն. «7. Կոմիտեն համարվում է ձեւավորված, եթե ապահովվել է հանրային մուլտիպլեքով հեռարձակողների կազմում հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների առնվազն կեսից ավելի մասնակցությունը:

8. Կոմիտեն չի կարող ստեղծվել, իսկ ստեղծված լինելու դեպքում գործունեությունը օրենքի ուժով ժամանակավորապես դադարեցվում է, եթե դրան չեն անդամակցում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների առնվազն կեսից ավելին:»:

Հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեի ձեւավորումը, Կոմիտեի ստեղծումը, ինչպես նաեւ Կոմիտեի գործունեության ժամանակավորապես դադարեցումը պայմանավորվում է Կոմիտեի կազմում անդամակցող մասնակիցների միայն մի շրջանակի մասնակցության պայմանով: Կոմիտեին անդամակցող մյուս մասնակիցներն որեւէ դեր չեն ունենում Կոմիտեի ձեւավորման գործընթացում: Նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթից բխում է Կոմիտեի մասնակիցների կամավոր անդամակցությունը: 

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 8-րդ մասի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Նախագծով սահմանված իրավակարգավորումներում բացակայում է Կոմիտեի գործունեության ժամանակավորապես դադարեցման ժամկետը, ինչպես նաեւ բացակայում են Կոմիտեի գործունեության վերսկսման վերաբերյալ իրավակարգավորումները:  Հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեի չձեւավորման, կամ գործունեության դադարեցման դեպքերում ոլորտը կարագավորող իրավադրույթները եւս բացակայում են Նախագծով սահմանված իրավակարգավորումներում: Ուստի առաջարկում ենք վերանայել Կոմիտեի գործունեության դադարեցման վերաբերյալ քննարկվող դրույթը: 

16. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերի համաձայն. «9. Կոմիտեին անդամակցող անձինք՝ իրենց անդամակցության ժամանակահատվածում պարտավորվում են օգտվել սույն օրենքի 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած հեռուստալսարանի չափումների տվյալներից եւ այլ սահմանված ծառայություններից Կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պայմաններով:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված տվյալներից ու ծառայություններից չօգտվելու դեպքում՝ տվյալ կազմակերպությունը (կամ անձը) պարտավորվում է չօգտված ծառայության արժեքի չափով անհատույց վճարում իրականացնել Կոմիտեին, որի հաշվարկման կարգը սահմանվում է Կոմիտեի կողմից:»:

Վերոնշյալ իրավակարգավորումումները խնդրահարույց են իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ. 

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ Կոմիտեի կողմից ընտրած եւ վերահսկվող առեւտրային կազմակերպությունները իրականացնում են հեռուստալսարանի չափումներ: Միաժամանակ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 9-րդ մասում Կոմիտեին անդամացող անձանց համար սահմանվում է պարտականություն օգտվել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածում սահմանված կազմակերպությունների կատարած ոչ միայն հեռուստալսարանի չափումների տվյալներից, այլ նաեւ «այլ սահմանված ծառայություններից»: Նախագծով սահմանված իրավակարգավորումները չեն բացահայտում Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածում սահմանված կազմակերպությունների կողմից կատարվող այլ սահմանված ծառայությունների բովանդակությունը: Հարկ է նկատել, որ Օրենքում սահմանվող պարտականությունը պետք է բավարար չափով որոշակի եւ հստակ ձեւակերպվի, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: 

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 10-րդ մասում հղում է կատարվում նույն հոդվածի 9-րդ մասով սահմանված տվյալներին եւ ծառայություններին, մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված է Կոմիտեի անդամակցող անձանց պարտականություն: Բացի այդ, Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 10-րդ մասում անհրաժեշտ է որոշակիացնել «տվյալ կազմակերպություն» ձեւակերպումը նախատեսված պարտականության հասցեատեր սուբյեկտների շրջանակի հստակեցման նպատակով: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերում սահմանված իրավադրույթների իրավական որոշակիությունը:

17. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում որպես Կոմիտեի մասնակից թվարկվում է կարգավորող պետական մարմինը:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «4. Սույն հոդվածի 1-ին մասով եւ Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված կամ չվերահսկվող կազմակերպությունների իրականացրած հեռուստալսարանի չափումների արդյունքերը հիմք չեն հեռարձակողների վարկանիշների ձեւավորման, այդ թվում՝ գովազդի շուկայական ճանաչելի գնի սահմանման համար:»:

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.3-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված է Կոմիտեին անդամակցող անձանց պարատականությունը օգտվել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածում սահմանված կազմակերպությունների կատարած հեռուստալսարանի չափումների տվյալներից եւ այլ սահմանված ծառայություններից:

Նախագծի նախատեսվող իրավակարգավորումների համապարփակ վերլուծությունից բխում է, որ կարգավորող պետական մարմինն իր լիազորությունների իրականացման համար օգտվում է միայն Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած հեռուստալսարանի չափումների տվյալներից եւ այլ սահմանված ծառայություններից, ինչպես նաեւ հեռարձակողների վարկանիշների ձեւավորման, այդ թվում՝ գովազդի շուկայական ճանաչելի գնի սահմանման համար հիմք են հանդիասանում միայն Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 3.1-ին գլխում ներառված 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած հեռուստալսարանի չափումները։ Հարկ ենք համարում նշել, որ հեռուստալսարանի չափումները կարգավորող պետական մարմնի սեփական լիազորությունների իրականացման գործիքակազմերից են: Կարգավորող պետական մարմնի Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար Օրենքում սահմանված է կարգավորող պետական մարմնի հասարակական կամ պայմանագրային հիմունքներով մասնագետների եւ փորձագետների ներգրավման հնարավորություն: Մասնավորապես՝ Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է՝ «Կարգավորող պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների եւ փորձագետների:»:

Առաջարկում ենք Նախագծով Կոմիտեի համար նախատեսված լիազորությունները վերապահել կարգավորող պետական մարմնին՝ օրենսդրական մակարդակում նախատեսելով համապատասխան կառուցակարգեր: Սույն առաջարկը բխում է նաեւ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված իրավադրույթից, այն է՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»

Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 30-րդ կետում սահմանված է, որ Կոմիտեի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության առանձնահատկությունները կարող են սահմանվել նաեւ կանոնադրությամբ: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել կարգավորող պետական մարմնի մասնակցությունը Կոմիտեի կազմում:

18. Հարկ ենք համարում նշել, որ Օրենքում լրացվում է հեռուստալսարանի չափումների վերաբերյալ նոր՝ 3.1-ին գլուխ: Մինչդեռ Կոմիտեի ընտրած կազմակերպուպությունների կողմից հեռուստալսարանի չափումների իրականացման գործընթացի վերաբերյալ համակարգային իրավադրույթներ Նախագծով սահմանված կարգավորումներում նախատեսված չեն: 

Հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջների, հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության ընթացակարգի, գործառույթների, ինչպես նաեւ Կոմիտեի մասնակիցների անդամությունը դադարեցնելու դեպքերի սահմանումը Նախագծով նախատեսված իրավակարգավորումներում վերապահված է Կոմիտեին: Հարկ ենք համարում նշել, որ քննարկվող հարցերի վերաբերյալ կարգավորումները գտնվում են Կոմիտեի ներքին ակտերի իրավասության շրջանակում: 

Այսպես՝ Օրենքում նախատեսվում է կոնկրետ գործունեության իրականացում, որի վերաբերյալ դրույթներն օրենսդրական կարգավորման շրջանակից դուրս են նախատեսվում: Հիմք ընդունելով վերոգրյալն, կարծում ենք Օրենքում նախատեսվող հեռուստալսարանի չափումների իրականացման իրավասության վերաբերյալ իրավակարգավումները, այդ թվում՝ հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության ընթացակարգը, գործառույթները, ինչպես նաեւ Կոմիտեի մասնակիցների անդամությունը դադարեցնելու դեպքերն անհրաժեշտ է կարգավորել օրենսդրական մակարդակում:

19. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն՝ առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

20. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված ծանուցման մեջ ներառվող տվյալների շարքում ընդգրկված չափումներ իրականացնող իրավաբանական անձի հասցեի փոխարեն սահմանել նշված իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ գտնվելու վայրի հասցեն՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի կարգավորումները:

21. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ Կոմիտեի կողմից սահմանված ընթացակարգով չընտրված կամ չվերահսկվող իրավաբանական անձինք չափումներ կարող են իրականացնել միայն մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը՝ որոշակի պայմանների պահպանմամբ, մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունը չի արտացոլում Կոմիտեի կողմից սահմանված ընթացակարգով չընտրված կամ չվերահսկվող իրավաբանական անձանց կողմից սահմանափակ ժամկետում, այն է՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, չափումներ իրականացնելու հնարավորությունը: 

Այսպես՝ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է՝ «Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված եւ/կամ չվերահսկվող անձանց կողմից հեռուստալսարանի չափումներ կատարելու գծով կարգավորող մարմինը կարող է սահմանել, փոփոխել կամ դադարեցնել չափանիշներ (ստանդարտներ) հեռուստալսարանի չափումներ իրականցնելու համար եւ վերահսկել արդյոք համապատասխան չափումներ իրականացնող անձինք պահպանում են այդ չափանիշները (ստանդարտներ)»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ ցանկացած դեպքում, առանց որեւէ ժամկետային սահմանափակման, Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված անձինք կարող են չափումներ իրականացնել՝ պահպանելով Կարգավորող մարմնի սահմանած չափանիշները: Հիմք ընդունելով վերոգրյալը, եւ դրույթների միջեւ կարգավորումների համապատասխանությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում եւս սահմանել Կարգավորող մարմնի կողմից չափանիշներ սահմանելու եւ չափումներ իրականացնողների կողմից դրանք պահպանելու առավելագույն ժամկետը: 

Բացի այդ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է Կարգավորող մարմնի կողմից չափանիշներ կամ ստանդարտներ սահմանելու իրավասություն, մինչդեռ բացակայում է համապատասխան ստանդարտները Կարգավորող մարմնի կողմից սահմանելու ժամկետը, իսկ առանց նշված ստանդարտների կամ չափանիշների Կարգավորող մարմինը չի կարող իրականացնել Կոմիտեի կողմից չընտրված կամ չվերահսկվող ընկերությունների վերահսկողությունը: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից, որի համաձայն՝ « Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

22. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

Ըստ այդմ, ցանկանում ենք ընդգծել, որ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը հանդիսանում են լիազորող նորմերը, որոնք, ի թիվս այլնի, լիազորություներ  են սահմանում Կարգավորող մարմնի համար եւ պետք է նախատեսվեն նորմատիվ իրավական ակտի հիմնական մասում:

Խնդիրը նույնական է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 7-11-րդ մասերի պարագայում, որտեղ շարադրված նորմերը, ըստ էության, հանդիսանում են պատասխանատվություն սահմանող նորմերը եւ չեն կարող ներառված լինել անցումային դրույթներում: 

Այսպիսով՝ վերը նշված երկու կարգավորումներն, ըստ էության, սահմանափակ ժամկետով գործողությամբ սահմանված իրավական նորմեր են, հետեւաբար նշված կարգավորումները կարող են սահմանվել Օրենքի հիմնական մասում՝ անցումային դրույթներում սահմանելով այդ դրույթների գործողության հստակ ժամկետը: 

23. Առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով սահմանել հստակ ժամկետ՝ Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո Կոմիտեի ձեւավորման, Կոմիտեի ձեւավորումից հետո վերջինիս կանոնադրության ընդունման համար՝  հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանված մի շարք կարգավորումներ ուղղակիորեն կապված են Կոմիտեի ձեւավորման եւ վերջինիս կանոնադրության ընդունման հետ: 

24. Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ գրավոր հավաստման մեջ պետք է նշված լինի նաեւ տեղեկատվություն առ այն, որ գրավոր հավաստումը ներկայացնող անձը ծանոթացել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի Հեռուստալսարանի չափումների գծով իրականացված աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից հեռուստալսարանի չափումների արժանահավատությունը՝ գրավոր հավաստմանը կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացություններ) դրանց առկայության դեպքում:

Նշված դրույթը խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից. մասնավորապես, եթե հեռուստալսարանի չափումներին վերաբերող կարգավորոմները նոր են, նախատեսվում են սույն Նախագծով, եւ հեռուստալսարանի չափումների իրականացումը մասնավոր իրավահարաբերություն է, իրականացվում է պայմանագրային հիմունքներով հետեւաբար ինչպե՞ս կարող էր նախքան սույն օրենքի ուժի մեջ մտնելը չափումներ իրականացնողների նկատմամբ ստուգումներ իրականացվել: Բացի այդ գրավոր հավաստման մեջ ընդգրկվող տվյալների շարքում պարտադիր է միայն այն ստուգումների կամ ուսումնասիրությունների մասին նշելը, որոնք կասկածի տակ են դնում այդ ստուգումների կամ ուսումնասիրությունների արժանահավատությունը: Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ եթե չափումներ իրկանացնող անձի (կամ ցանկացած այլ անձի, ով հեռուստալսարանի չափումների արդյունքները փոխանցել է երրորդ անձանց) կարծիքով բացակայում է, հեռուստալսարանի չափումների արժանահավատությունը կասկածի տակ դնող ստուգում կամ ուսումնասիրություն, ինչ բացասական հետեւանք կարող է ունենալ չափումների իրկանացնող անձի համար իր կարծիքով նման ուսումնասիրության բացակայությունը կամ ով է որոշելու համապատասխան կասկածի առկայությունը:

25. Նախագծի 6-րդ հոդվածով սահմանված է՝ «Մինչեւ 2024թ. հունվարի 1-ը հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձինք, ինչպես նաեւ ցանկացած այլ անձ, ով հեռուստալսարանի չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ տարածում  է դրանց տարածմանը զուգահեռ, պետք է համաժամանակյա նույն եղանակով ծանուցի երրորդ անձանց առնվազն հետեւյալի մասին.

Տվյալ ձեւակերպումւց հասկանալի չէ «տարածել» եզրույթի բովանդակությունը. մասնավորապես՝ ինչ եղանակով կամ անձանց ինչ շրջանակում  է համարվում տվյալի տարածումն իրականացված. (օրինակ՝ փոքրաթիվ խմբի շրջանակում կամ ոչ հրապարակային եղանակով չափումների արդյունքների ներկայացումը կհամարվի արդյո՞ք տվյալի տարածում):

26. Ցանկանում ենք արձանագրել, որ խնդրահարույց է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 12-րդ կետը առ այն, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում նոր լրացվող 14.3-րդ հոդվածի 1-6-րդ, 9-րդ, 10-րդ, մասերի եւ 14.4-րդ հոդվածի 2-4 մասերի գործողության ժամկետը սահմանափակված է մինչեւ 2029 թվականի հունվարի 1-ը, իսկ, օրինակ, Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում նոր լրացվող 14.3-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերի գործողությունը՝ ոչ: Համարում ենք, որ 2029 թվականի հունվարի 1-ից Կոմիտեի ձեւավորման եւ գործունեության հետ կապված նորմերի գործողության դադարմամբ, դեռեւս գործողության մեջ գտնվող նորմերը չեն կարողանա լիարժեքորեն գործել, քանզի նրանց կիրառումը, մեկնաբանումը իրականացվում է հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից: Ուստի Կոմիտեի ձեւավորման եւ գործունեության հետ կապված նորմերի մի մասի գործողության դադարումը կհանգեցնի նրանց հետ փոխկապակցված այլ նորմերի կիրառման խնդիրների: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Հաշվի առնելով ռեսուրսների սղությունը՝ նշենք, որ բացակայել է Նախագծի վերաբերյալ առկա դիտողությունների եւ առաջարկությունների ամբողջական ներկայացման, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

06.07.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

06.07.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ներդնել հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրության համակարգ, սահմանել հեռուստալսարանի չափման գործիքակազմ, ստեղծել հեռուստատեսային ինդուստրիայի կոմիտե եւ չափելի դարձնել գովազդային շուկայի գնագոյացման սանդղակը:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր՝ 14.1.-ին հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Հեռուստատեսության ոլորտում վարկանիշի ձեւավորվումը, ինչպես նաեւ հեռարձակման գովազդային շուկայում գնագոյացումն իրականացվում է հեռարձակողների, առանձին տեսալսողական հաղորդումների եւ տեսալսողական ծրագրերի հեռուստալսարանի չափումների միջոցով (այսուհետեւ՝ հեռուստալսարանի չափումներ):»: Տվյալ մասը, մեր կարծիքով, վերաիմաստավորման եւ վերախմբագրման կարիք է զգում, քանի որ՝

- նախ հարկ է հստակեցնել «հեռարձակման գովազդային շուկա» հասկացությունը, քանի որ նման ձեւակերպմամբ խոսքը գնում է հեռարձակման ծառայության գովազդի, կամ այլ կերպ ասած՝ հեռարձակողի գովազդի մասին, այնինչ՝ բերված մասի տրամաբանությունը հուշում է, որ իրականում խոսքը գնում է հեռուստատեսային շուկայում գովազդային ծառայություների մատուցման մասին, ուստի առաջարկում ենք տվյալ մասի «հեռարձակման գովազդային շուկայում» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիայի ոլորտի գովազդային ծառայությունների շուկայում» բառերով,

- երկրորդ՝ հարկ է նկատի ունենալ, որ գովազդային ծառայությունների շուկան (անկախ նրանից, թե որ ոլորտի գովազդի մասին է խոսքը) ամբողջությամբ մրցակցային շուկա է եւ դրանում գովազդային ծառայությունների գները չեն կարող որոշվել բացառապես  հեռուստալսարանի չափումների միջոցով: Այդ չափումները, լավագույն դեպքում, կարող են ազդել գովազդային շուկայում գնագոյացման գործընթացի վրա՝ համեմատաբար հիմնավորված եւ այսպես կոչված՝ «արդարացի գնի» սահմանման առումով, սակայն մրցակցային շուկայում գովազդային կոնկրետ ծառայության գինն առաջին հերթին որոշվում է առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցության եւ ազատ շուկայական գնագոյացման մյուս գործոնների ազդեցության հիման վրա (եթե, իհարկե, խոսքը չի գնում հանրային ծառայությունների գնագոյացման մասին, իսկ տվյալ դեպքում՝ նշված գովազդային ծառայություններն իրենցից հանրային ծառայություն չեն ներկայացնում): Հետեւաբար, օրենքով ազատ մրցակցային շուկայում գնի սահմանման միակ չափանիշի իմպերատիվ սահմանումը հակասում է շուկայական գնագոյացման օբյեկտիվ տնտեսական օրենքներին եւ տրամաբանությանը, եւ նույնիսկ ընդունման դեպքում՝ նման տրամաբանությամբ սահմանված գովազդային ծառայության  գինը չի կարող համարվել ոչ միայն «արդարացի», այլեւ նույնիսկ պարզ շուկայական գին:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 14.2.-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «վերահսկվող առեւտրային կազմակերպություն» հասկացությունը, որը սահմանման կարիք է զգում՝ տարաբնույթ մեկնաբանությունների եւ տարընթերցումների հնարավորության բացառման նպատակով: Նույն խնդիրն առկա է նաեւ տվյալ հոդվածի 4-րդ մասում օգտագործված «գովազդի շուկայական ճանաչելի գին» հասկացության մասով, ինչը նույնպես սահմանման կարիք ունի (չնայած Նախագծի հետագա տեքստում եւ ընդհանրապես Օրենքում այս հասկացությունը որեւէ կերպ այլեւս չի օգտագործվում): 

3.  Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր՝ 14.3.-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերով սահմանվում է, որ. 

«9. Կոմիտեին անդամակցող անձինք՝ իրենց անդամակցության ժամանակահատվածում պարտավորվում են օգտվել սույն օրենքի 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած հեռուստալսարանի չափումների տվյալներից եւ այլ սահմանված ծառայություններից Կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պայմաններով:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված տվյալներից ու ծառայություններից չօգտվելու դեպքում՝ տվյալ կազմակերպությունը (կամ անձը) պարտավորվում է չօգտված ծառայության արժեքի չափով անհատույց վճարում իրականացնել Կոմիտեին, որի հաշվարկման կարգը սահմանվում է Կոմիտեի կողմից:», ինչը խնդրահարույց է ինչպես ազատ շուկայավարման տրամաբանության, այնպես էլ տվյալ երեւույթի իրավական հիմքի առումով: Մասնավորապես՝

- հեռուստալսարանի չափումների տվյալներից եւ այլ սահմանված ծառայություններից (որոնց ցանկը նույնպես հստակեցման կարիք ունի) օգտվելը, կարծում ենք, Կոմիտեին անդամակցող անձանց համար ոչ թե պարտականություն, այլ իրավունք պետք է լինի (առավել եւս, որ Կոմիտեն կամավոր անդամակցության հիման վրա ստեղծվող ինքնակարգավորվող կազմակերպություն է),

- Կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պայմաններով (ինչը նաեւ բացատրության եւ սահմանման անհրաժեշտություն է զգում) Կոմիտեին անդամակցող անձանց պարտադրելը ոչ միայն հակասում է ազատ շուկայական հարաբերությունների տրամաբանությանը եւ գործարար սովորույթներին, այլեւ անիմաստ է, քանի որ ենթադրվում է, որ Կոմիտեի սահմանած նվազագույն պայմանները (օրինակ՝ գները) պետք է համեմատաբար շահավետ լինեն շուկայական համանման ծառայությունների պայմաններից, հետեւաբար կարիք չի լինի նաեւ պարտադրել այդ ծառայություններից օգտվելը,

- ազատ շուկայական հարաբերությունների եւ մրցակցային շուկայի տրամաբանության տեսանկյունից առավել եւս ընդունելի չի կարող համարվել նշված «...տվյալներից ու ծառայություններից չօգտվելու դեպքում...չօգտված ծառայության արժեքի չափով անհատույց վճարում...» կատարելու պարտադրումը: Այսինքն, ստացվում է, որ մի կողմից Կոմիտեին կամավոր անդամակցած կազմակերպություններին պարտադրվում է օգտվել Կոմիտեի՝ ենթադրյալ լավագույն տվյալներից եւ ծառայություններից, իսկ դրանցից չօգտվելու դեպքում էլ պարտադրվում է վճարել չօգտված ծառայությունների դիմաց սահմանված վճարները: Շուկայական հարաբերությունների տեսանկյունից նման գործառույթներով եւ իրավակարգավորումներով Կոմիտեի գոյությունն արդեն իսկ խիստ հակասական բնույթ ունի, ինչն էլ օբյեկտիվորեն կխաթարի նրա գործունեությունը՝ նույնիսկ եթե օրենքի ուժով պարտադրվի այդ Կոմիտեի ստեղծումը: Որպես հեռուստալսարանի չափումների ոլորտում ինքնակարգավորվող կազմակերպության մոդել, կարծում ենք, քիչ թե շատ գործող կարող է լինել այն Կոմիտեն, որը կլինի կամավոր անդամության վրա հիմնված, իր անդամների համար շուկայական համանման ծառայություններից շահեկանորեն տարբերվող պայմաններ եւ ծառայություններ առաջարկող, այդ ծառայություններից օգտվելու իրավունք տվող՝ միաժամանակ այլ ծառայություններից օգտվելու առումով որեւէ խոչնդոտ չստեղծող եւ բացառապես անդամության համար անդամավճարներ գանձող կազմակերպությունը:

Նշված հանգամանքների եւ տրամաբանության շրջանակներում անհրաժեշտ է դիտարկել նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ օրենքի 57-րդ հոդվածի նոր՝ 6.1-ին մասը, ըստ որի. «Սույն օրենքի 14.2 հոդվածի 1-ին մասով եւ Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված եւ/կամ չվերահսկվող անձանց կողմից իրականացված հեռուստալսարանի չափումների արդյունքում գովազդի շուկայական գնի որոշումը յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում չափումներն իրականացնող անձի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:», ինչը նույնպես առաջարկում ենք վերաիմաստովորել եւ վերախմբագրել՝ ներկայացված հանգամանքերի համատեքստում:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման, իսկ որոշ հոդվածների մասով՝ վերաիմաստավորման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

27.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Ներկայիս գործող օրենսդրությամբ նախատեսված չէ հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության մեխանիզմ եւ գործիքակազմ: Ըստ էության, հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության հարցը թողնվել է առաջարկի եւ պահանջարկի տիրույթում՝ հաշվի չառնելով հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության ծառայությունների առանձնահատկությունները, նման ծառայությունների շուկայի վիճակագրության պատկերը, այս բնագավառում միջազգային փորձի նախադեպերը եւ այլն:

Նախագծով առաջարկվում է ներդնել հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրության համակարգ, սահմանել հեռուստալսարանի չափման գործիքակազմ, ստեղծել հեռուստատեսային ինդուստրիայի կոմիտե եւ չափելի դարձնել գովազդային շուկայի գնագոյացման սանդղակը, ինչի արդյունքում ակնկալվում է գովազդային շուկայում գնագոյացման մեխանիզմների հստակեցում, առավել կանխատեսելի, թիրախային, գրավիչ եւ արդյունավետ մեդիա գովազդների իրականացում, տեսալսողական ոլորտում հեռուստալսարանի ուսումնասիրության եւ չափման գործընթացի նկատմամբ վստահության բարձրացում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

30.06.2023թ.