ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KWF) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-617-19.06.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KWF) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-617-19.06.2023-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

29.06.2023թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ նշենք, որ թեեւ վերը նշված միջազգային պայմանագրում կիրառված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված հասկացություններ եւ կարգավորումներ, այնուամենայնիվ, վերջինիցս բխող նոր օրենքի ընդունման կամ գործող օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

 (հեռ.՝ 011-513-248)

29.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.՝ 011-513-248)

29.06.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2022 թվականի դեկտեմբերի 13-ին եւ 2023 թվականի փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձեւով կնքված՝ «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղային գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագիրը: Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել Միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/GIZ) եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղային գրասենյակներ: Համաձայնագիրը ներառում է դրույթներ ՄՀԸ եւ ՎՎԲ գրասենյակների հանձնառությունների, ինչպես նաեւ ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների պարտավորությունների վերաբերյալ:  Նախատեսվում է, որ ՄՀԸ գրասենյակը կաջակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից Տեխնիկական համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերի կատարմանն ու կառավարմանը եւ կներկայացնի ՄՀԸ-ն Հայաստանում: ՄՀԸ գրասենյակը կարող է կատարել նաեւ նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական եւ վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաեւ երկրին առնչվող եւ տարածաշրջանային բնույթի հանձնարարություններ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603)

28.06.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2022 թվականի դեկտեմբերի 13-ին եւ 2023 թվականի փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձեւով կնքված՝ «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղային գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): 

Համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ համագործակցության զարգացմանը՝ հիմք ընդունելով 1998թ. հուլիսի 27-ին երկու երկրների միջեւ կնքված Տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, ինչը հիանալի հնարավորություն է՝ ապահովելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների եւ ծրագրերի կայուն շարունակությունը:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ՄՀԸ եւ ՎՎԲ տեղային գրասենյակներ: Համաձայնագիրը ներառում է դրույթներ ՄՀԸ եւ ՎՎԲ գրասենյակների հանձնառությունների, ինչպես նաեւ ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների պարտավորությունների վերաբերյալ:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է.

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններն ապահովեն գրասենյակների անվտանգությունն ու պաշտպանությունը,

- ազատել գրասենյակների համար ներմուծված պարագաները, այդ թվում՝ սարքերն ու ավտոմեքենաները ներմուծման ու արտահանման բոլոր տեսակի տուրքերից, նավահանգստային ու պահեստային վճարներից, ինչպես նաեւ այլ պետական վճարներից եւ երաշխավորում է դրանց անհապաղ բացթողումը,

- ազատել բոլոր տեսակի ուղղակի հարկերից ՄՀԸ եւ ՎՎԲ կատարող կազմակերպություններին եւ նրանց գրասենյակներին (բացառությամբ այն աշխատողների, որոնք չեն պատկանում ԳԴՀ կառավարության միջոցներով աշխատավարձ կամ նպաստ ստացող խմբին),

- ազատել Հայաստանի Հանրապետությունում գանձվող շրջանառության հարկերից կամ համանման այլ անուղղակի հարկերից ՄՀԸ եւ ՎՎԲ կատարող կազմակերպությունների կամ նրանց գրասենյակների ձեռք բերած պարագաները եւ ստացած ծառայությունները,

- հաստատել կատարող կազմակերպությունների կամ գրասենյակների՝ հեռահաղորդակցային կապերի, այդ թվում՝ ռադիոկապի եւ արբանյակային կապուղիների միացման վերաբերյալ դիմումները, օգնել կատարել բոլոր անհրաժեշտ գրանցումները,

- հաստատել կատարող կազմակերպությունների դիմումները, որոնք վերաբերում են գրասենյակների աշխատակիցների աշխատանքի թույլտվություններին, ինչպես նաեւ կացության անհրաժեշտ թույլտվություններին եւ վիզաներին եւ այլն:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

27.06.2023թ.