ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-619-20.06.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-619-20.06.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
03.07.2023թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «1985 թվականի դեկտեմբերի 6-ի» ձեւակերպումը գրել «Վարչական» բառից առաջ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված կանոնին համապատասխանեցնելու նպատակով, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: 2. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասում վարչական պատասխանատվություն է նախատեսված սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանքը նույն հոդվածի 1-ին մասում նախատեսված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելու համար: Միաժամանակ գյուղական համայնքներում Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված արաքները պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում որպես վարչական պատասխանատվություն սահմանվում է երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկ չափով տուգանքը, իսկ գյուղական համայնքներում նույն արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու դեպքում երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով տուգանքը: Քանի որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունները կատարվում են Օրենսգրքի 154-րդ հոդվածում, հարկ ենք համարում նշել, որ թե՛ գործող Օրենսգրքով, թե՛ Նախագծով նախատեսված փոփոխությունների արդյունքում Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները գյուղական բնակավայրերում կատարելու դեպքում նախատեսված տուգանքի չափի եւ նույն արարքները գյուղական բնակավայրերում պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կամ վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու դեպքում սահմանված տուգանքների չափերի միջեւ տարբերությունը համաչափ չէ: Ուստի առաջարկում ենք վերանայել Օրենսգրքի 154-րդ հոդվածը նաեւ քննարկվող համատեքստում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված իրավակարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 03.07.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 03.07.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար: Նախագծով առաջարկվում է նաեւ փոփոխել կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափերը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 28.06.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), ըստ որի առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար: Մասնավորապես, հեղինակն առաջարկում է ավելացնել Օրենսգրքի 154-րդ եւ 1541 -րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվություն սահմանող տուգանքի չափերը, քանի որ վերը նշված հոդվածներով սահմանված իրավախախտումները կատարելուց եւ վարչական տույժի ենթարկվելուց հետո որոշ սուբյեկտներ շարունակում են վարչական իրավախախտում կատարել՝ նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո: Որոշ դեպքերում նշանակվող տույժերը երբեմն էականորեն ավելի պակաս են այդ իրավախախտումների կատարման կամ շարունակման դեպքերում ստացվող եկամուտներից, արդյունքում՝ սուբյեկտների համար նշանակված վարչական տույժը վճարելը, նույնիսկ՝ խախտման համար երկրորդ անգամ տույժի ենթարկվելը ավելի «շահավետ» է, քան իրավախախտում կատարելուց խուսափելը եւ քաղաքաշինական համապատասխան նորմերի պահպանումը: Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կբարելավվի օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, էականորեն կնվազեն շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքերը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 26.06.2023թ.
|