ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-620-20.06.2023-ԳԿ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-620-20.06.2023-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

11.07.2023թ. 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում կընդլայնվի պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հաստիքի թափուր տեղի համալրման հնարավորությունը, կհստակեցվի համակարգողի պաշտոնի հավակնորդների ցանկը (նախատեսվում է, որ այդ պաշտոնին կարող են հավակնել միայն տնօրենը կամ փոխտնօրենը՝ փոխարենը նվազեցնելով աշխատանքային ստաժի ժամկետները՝ հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն ընձեռելով), հնարավորություն կտրվի ուսուցչի պաշտոնին համապատասխանող եւ ուսուցիչ չաշխատող անձանց մասնակցելու կամավոր ատեստավորմանը, ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին հնարավոություն կտրվի գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու որպես ուսուցիչ, կհստակեցվի «օրինակելի ուսումնական պլան» հասկացությունը եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն կցանկանայինք ուշադրություն հրավիրել Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի նոր՝ 3-րդ ենթակետի վրա, ըստ որի? ?ռնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաեւ. «ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:»: Խնդիրը կայանում է նրանում, որ առկա (ստացիոնար) ուսուցման ավարտական կուրսի ուսանողները զուտ ֆիզիկապես չեն կարող համատեղել կրթությունը եւ գյուղական վայրերում աշխատանքը, ուստի առաջարկում ենք սահմանել, որ տվյալ դրույթը վերաբերում է հեռակա, հեռավար (դիստանցիոն) եւ դրսեկության ձեւով ուսուցում ստացող ուսանողներին:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակյան դրա 7-րդ հոդվածով առաջարկվող լրացումը հստակեցման անհրաժեշտություն է զգում:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

22.06.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): 

 Նախագծի ընդունման արդյունքում՝ 

- Օրենքում տնօրենի պաշտոնի հավակնորդի համար սահմանված պահանջում ստորակետն ու «եւ»-ը «կամ»-ով փոխարինելու դեպքում հաստիքի թափուր տեղի համալրման հնարավորությունն ընդլայնվում է, սակայն այնքանով, որ հաստատության տնօրենի պարտականությունների կատարման համար կարող է բավարար լինել.

- Համակարգողի պաշտոնին հաստատությունից կարող է հավակնել միայն տնօրենը կամ փոխտնօրենը, սակայն հաշվապահը կամ մանկավարժական այլ աշխատող, ինչպես նաեւ ղեկավարման փորձ չունեցող անձը չի կարող դիմել: Փոխարենը նվազեցվել են աշխատանքային ստաժի ժամկետները՝ հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն ընձեռելով.

- ՈՒսուցչի պաշտոնին համապատասխանող եւ ուսուցիչ չաշխատող անձանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալով՝ կստեղծվի մասնագետների բազա, որոնք անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում նախ կհիմնավորեն որակյալ մասնագետ լինելու փաստը եւ հետագայում կձգտեն մտնել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը.

- ՈՒսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողին գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու հնարավորություն ընձեռելով՝ կկրճատվի ուսուցչի թափուր տեղերի թիվը՝ նպաստելով սովորողի սահմանադրական իրավունքի իրացմանը.

- Օրենքում «օրինակելի ուսումնական պլան» կապակցությունը փոխարինվում է «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածք եւ ուսումնական պլանի կազմման կանոններ» հասկացությամբ՝ հիմք ընդունելով հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությունը, համաձայն որի՝ նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ համապատասխան դասարանների համար հաստատությունն ինքնուրույն է կազմելու իր ուսումնական պլանը՝ չափորոշչի եւ ուսումնական պլանի ընդհանրական կանոնների եւ ուղեցույցի հիման վրա՝ հաշվի առնելով սովորողների նախասիրություններն ու նրանց կողմից ուսումնասիրվող առարկաների ու մասնագիտության ընտրությունը.

- ՈՒսուցիչների գործուղման կարգի լիազորող նորմում ավելացվել է «մարզերի» բառը՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլեւ կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը.

- Ավարտական կուրսի ուսանողին դպրոցում աշխատելու հնարավորություն ընձեռելը հնարավորինս կնվազեցնի տարիներով չհամալրվող թափուր տեղերի թիվը.

- Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները, կամավոր ատեստավորմանը մասնակցելով, մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման հնարավորություն կունենան:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը  սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

հեռ. /011/ 513 235    ներք. /1618/

27.06.2023թ.