ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-621-21.06.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6211 -21.06.2023-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6212 -21.06.2023-ՊԻ-011/0), «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6213 -21.06.2023-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6214 -21.06.2023-ՊԻ-011/0), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6215 -21.06.2023-ՊԻ-011/0) եւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6216 -21.06.2023-ՊԻ-011/0 ) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
26.06.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 4-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս, մինչդեռ նշված բովանդակությամբ կարգավորում, ըստ էության, արդեն նախատեսված է նույն հոդվածի 1-ին մասով, իսկ Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 1.1-ին մասով սահմանված բացառությունը, այն է՝ այն պահանջները, որոնք ենթակա են քննության նոտարի կողմից «Նոտարիատի մասին» օրենքի 18.2-րդ գլխով սահմանված կարգով, կարող է կատարվել հենց 297-րդ հոդվածի 1-ին մասում: Միաժամանակ առաջարկում ենք պահպանել դասական թվականների ճիշտ գրելաձեւը եւ Նախագծի 4-րդ հոդվածում նշված «1.1-րդ» ձեւակերպումը փոխարինել
Սույն առաջարկությունը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում կիրառված այլ դասական թվականների գրելաձեւին: 2. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 308-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի ուժով «Վճարման կարգադրություն արձակելու գործը ենթակա է առաջին ատյանի դատարանին, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացված պահանջը գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը եւ այն ենթակա չէ քննության նոտարի կողմից «Նոտարիատի մասին» օրենքի 18.2-րդ գլխով սահմանված կարգով:» Նշենք, որ «Նոտարիատի մասին» օրենքի 18.2-րդ գլխով սահմանված կարգով նոտարին ներկայացվում են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմում՝ հենց նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի պահանջով, հետեւաբար անհրաժեշտությունը բացակայում է միաժամանակ նշել որ առաջին ատյանի դատարանին են ենթակա նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող պահանջները եւ հղում կատարել «Նոտարիատի մասին» օրենքին, որի 18.2-րդ գլխի բովանդակությունից արդեն իսկ բխում է պահանջի չափը: 3. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով, որպես Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանված է Նոտարական պալատի կողմից հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, մինչդեռ Նախագծերի փաթեթով եւ որեւէ այլ իրավական ակտով սահմանված չէ Նոտարական պալատի համար պարտականություն հայտարարություն հրապարակելու համար. մինչդեռ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»: 4. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի ամբողջ 31-րդ գլուխը նոր խմբագրությամբ է շարադրվում, մինչդեռ փաստացի տվյալ նախագծով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածում լրացվում է մեկ մաս եւ հաջորդիվ կատարվում են նոր լրացումներ. հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջները՝ առաջարկում ենք ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրել, այլ տվյալ գլխում կատարել համապատասխան լրացումներ: Նշված առաջարկության կարեւորությունը բխում է նաեւ այն հանգամանքից, որ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրված Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխի ուժի մեջ մտնելու այլ ժամկետ, մինչդեռ տվյալ օրենսգրքի գործող 220-րդ հոդվածով սահմանված, օրինակ, նոտարական գործողությունների իրավաչափության վերաբերյալ գործերն արդեն իսկ ընդդատյա են վարչական դատարանին, հետեւաբար չեն կարող նոր ուժի մեջ մտնել՝ խախտելով նաեւ ներկայումս վարչական դատարանի վարույթում գտնվող նոտարական գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի ընդդատությունը: 5. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծի վերնագիրը չի համապատասխանում նշված նախագծի բովանդակությանը. մասնավորապես տվյալ նախագծով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլուխը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում կատարվում է միայն մեկ փոփոխություն: 6. «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացումն առաջարկում ենք կատարել 18.3-րդ համարի ներքո, քանի որ 18.2-րդ համարով գլուխ տվյալ նորմատիվ իրավական ակտում նախատեսված եղել է, ինչի չեղյալ ճանաչվելը թույլատրելի չի դարձնում նույն համարի կրկին օգտագործումը, քանզի նորմատիվ իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարները համապատասխանաբար չեն փոփոխվում: Նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել: 7. «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված «Նոտարիատի մասին» օրենքի 36.1-ին հոդվածի վերախմբագրման արդյունքում ձեւավորվում է միտք, ըստ որի նոտարական ակտ է նաեւ նոտարի կողմից իրականացված գործարքը, այնինչ «Նոտարիատի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից բխում է, որ նոտարական գործողություն է գործարքի վավերացումը: Ուստի առաջարկում ենք օրենքի նախկին խմբագրությամբ տեսքտում «վավերացում» բառից հետո լրացնել «գումարի բռնագանձման պահանջով արձակած կարգադրությունը» բառակապակցությունը՝ իրավական շփոթից զերծ մնալու եւ նշված նախագծով ակնկալվող լրացումը իրացված համարելու նպատակով: 8. Առաջարկում ենք «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող 82.4-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանեցնել Քաղաքացիական օրենսգրքին, քանի որ Քաղաքացիական օրենսգիրքը ճանաչում է ոչ միայն համապարտ, այլ նաեւ բաժնային պարտավորությունների տեսակը, որի չնախատեսումը կարող է խնդիրներ առաջացնել այն պարտավորությունների համար, որտեղ մեկից ավելի պարտապաններ պարտատիրոջ առաջ կրում են բաժնային պարտավորություն: 9. Առաջարկում ենք հստակեցնել «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող 82.5-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը: Ըստ 1-ին մասի Նոտարների միջեւ գործերի բաշխումը եւ վերաբաշխումը կատարվում է բացառապես հատուկ համակարգչային ծրագրի միջոցով որի շահագործման կարգը սահմանվում է Արդարադատության նախարարի հրամանով, իսկ 3-րդ մասը այդ համակարգչային ծրագրի մշակման եւ գործարկման կարգը սահմանելու լիազորությունը վերապահում է Նոտարական պալատին: Ուստի առաջանում է իրավական շփոթ «շահագործործում» եւ «գործարկում» տերմինների հարաբերակցության միջեւ: 10. Առաջարկում ենք «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող 82.7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «կողմից» բառից հետո ավելացնել «կամ սույն օրենքի 82.4-րդ հոդվածի 1-ին մասում չնշված անձի դեմ.»: 11. «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող 82.10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշվում է, որ նոտարի արձակած կարգադրությունը պետք է պարունակի նշում առ այն, որ նոտարն ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը, բացառությամբ սույն օրենքի 82.9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի, սակայն խնդիրը կայանում է նրանում այդպիսի բացառությունների առկայությունը, այն է՝ պահանջն առերեւույթ հիմնավորված չլինելը կամ պահանջի հիմքում ընկած գործարքն կամ գործարքի որեւէ էական պայման առոչինչ լինելը, չի կարող հաստատվել առանց պահանջի հիմնավորվածության ստուգման: Ուստի առաջարկում ենք վերացնել նման հակասությունը: 12. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումները չեն կարող կատարվել «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում, քանի որ վերջինս կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքերը: Սակայն Նախագծի փաթեթով նախատեսված է, որ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու դիմումների վերաբերյալ գործերի քննություն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով է իրականացվում: Ուստի առաջարկում ենք դրույքաչափերի վերաբերյալ լրացումը կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում: 13. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին, ինչի հիման վրա, համապատասխանաբար, կատարել փոփոխություն նաեւ վերնագրում: Եզրահանգում Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը, փորձաքննության ենթարկելու համար նախատեսված մեկօրյա ժամկետը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա դիտողությունների եւ առաջարկությունների ամբողջական ներկայացման, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 26.06.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքների կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ (հեռ.` 011-513-248) 26.06.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ենթակայության հստակ չափանիշներ, նոտարների միջեւ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների բաշխման չափանիշը եւ կարգը, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննության ժամկետը եւ կարգը, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի վերադարձման եւ մերժման հիմքերը, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հետ կապված ծախսը (նոտարական գործողության վճարը) դրա կրկնապատիկի չափով պարտապանից գանձելու կառուցակարգը, գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը վիճարկելու եւ չեղյալ ճանաչելու հիմքերը եւ ընթացակարգը, ինչպես նաեւ առաջարկվում է սահմանել, որ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննության համար գանձվելու է միայն նոտարական գործողության վճար, եւ որ նոտարի կողմից արձակված գումարի բռնագաձման պահաջով կարգադրությունը ենթակա է լինելու կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 26.06.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Նոտարիատի մասին» օրենքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը նախատեսվել է որպես նոտարական գործողություն եւ առանձին գլխով սահմանվել են նշված գործողությունը կատարելու հետ կապված էական հարցերը, որոնք հանգում են հետեւյալին. - Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ենթակայության չափանիշներ. - Սահմանվել է նոտարների միջեւ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումների բաշխման չափանիշը եւ կարգը. - Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները. - Սահմանվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննության ժամկետը եւ կարգը. - Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի վերադարձման եւ մերժման հիմքերը. - Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննության համար գանձվելու է միայն նոտարական գործողության վճար. - Սահմանվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հետ կապված ծախսը (նոտարական գործողության վճարը) դրա կրկնապատիկի չափով պարտապանից գանձելու կառուցակարգ. - Սահմանվել են գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը վիճարկելու եւ չեղյալ ճանաչելու հիմքերը եւ ընթացակարգը. - Սահմանվել է, որ նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը ենթակա է լինելու կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 26.06.2023թ.
|