ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-622-21.06.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-622-21.06.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
03.07.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «օրենք» կրճատ տարբերակը Նախագծում այլեւս չի կիրառվում: 2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն եւ այլն), իսկ մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար մրցույթի արդյունքում սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվել տվյալ երթուղիները սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ հաստատվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ»: Վերը մեջբերված նորմով սահմանվում են փոխադրավարձի վերանայման դեպքեր, դրանք են՝ օբյեկտիվ պատճառների ի հայտ գալը եւ ուղեգծի փոփոխությունը՝ կրճատումը կամ երկարացումը, ինչպես նաեւ նոր երթուղու ձեւավորման դեպքում նոր փոխադրավարձի սահմանում: Հարկ է նկատել, որ քննարկվող նորմի ձեւակերպումից հստակ չէ՝ արդյոք այդ նորմում նշված փոխադրավարձի վերանայման ընթացակարգի վերաբերյալ կարգավորումները վերաբերում են քննարկվող նորմում նշված բոլոր դեպքերին, թե միայն ուղեգծի փոփոխության՝ կրճատման կամ երկարացման եւ նոր երթուղու ձեւավորման դեպքում նոր փոխադրավարձի սահմանման դեպքերին: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 11-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ մասը վերաձեւակերպել, հակառակ դեպքում ստացվում է, որ կարգավորված չէ, թե օբյեկտիվ պատճառների ի հայտ գալու դեպքում ում կողմից է իրականացվում փոխադրավարձի վերանայումը եւ ինչ ընթացակարգով: Բացի այդ՝ հարկ է անդրադառնալ նաեւ քննարկվող նորմում նշված «իսկ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվել» դրույթին: Նախ՝ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «միասնական օպերատոր» հասկացությունը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենսդրության՝ տրանսպորտին վերաբերող կարգավորումներում այն չի կիրառվում: Երկրորդ՝ հասկանալի չէ, թե նոր երթուղիների ձեւավորման դեպքում ինչու նոր մրցույթ չի հայտարարվում, ինչպես նաեւ հասկանալի չէ, թե մրցույթ չհայտարարելու դեպքում որ օպերատորի կողմից է սպասարկվում տվյալ երթուղին: 3. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում նեք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի ( )»: 4. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք նշել նաեւ, թե Նախագծի որ դրույթներն են գործելու Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, որով սահմանված է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ ( ) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից ( )»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 03.07.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 03.07.2023թ.
Ներկայացված Նախագծով նախատեսվում է վերանայել փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ գործող կարգավորումը: Մասնավորապես՝ առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում սահմանել փոխադրավարձն առանց մրցույթի: Ընդ որում, փոխադրավարձը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կ ատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 26.06.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, ինչը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչպես նաեւ միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում առաջացած խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ: Ներկայացված Նախագծով, հեղինակն առաջարկում է վերանայել փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ գործող կարգավորումը: Մասնավորապես, միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում սահմանել փոխադրավարձն առանց մրցույթի: Ըստ այդմ, փոխադրավարձի փոփոխման իրավասությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Առաջարկվում է վերանայել նաեւ բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումները սպասարկող տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցվածության պահանջը: Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման արդյունքում, հեղինակն ակնկալում է, որ կկանոնակարգվի կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը, միասնական երթուղային ցանցերի ձեւավորումից հետո հնարավորություն կտրվի վերանայելու երթուղիների փոխադրավարձերը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 28.06.2023թ.
|