ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-623-27.06.2023-ՏՀ-011/0), «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6231 -27.06.2023-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6232 -27.06.2023-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6233 -27.06.2023-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6234 -27.06.2023-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6235 -27.06.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-623-27.06.2023-ՏՀ-011/0), «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6231 -27.06.2023-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6232 -27.06.2023-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6233 -27.06.2023-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6234 -27.06.2023-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6235 -27.06.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
14.07.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասում սահմանված է. «6. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին եւ հարկային մարմնին առցանց տրամադրում են տվյալների բազայի հասանելիություն ձեւակերպված պատվերների (հարկային մարմնին՝ ուղեւորափոխադրում իրաանացնողների) մասով տեղեկատվությանը, այդ թվում՝ փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի եւ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի վերաբերյալ, ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հարկ ենք համարում նշել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 1706-րդ հոդվածի 2-րդ մասում առանձին պատասխանատվություն է սահմանված էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձեւակերպված պատվերների մասով միայն հարկային մարմնին իրենց տվյալների բազային առցանց հասանելիություն չտրամադրելու համար, մինչդեռ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը տվյալների բազային առցանց հասանելիություն տրամադրելու պարտականություն ունեն նաեւ լիազոր մարմնին: Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձեւակերպված պատվերների մասով լիազոր մարմնին իրենց տվյալների բազային առցանց հասանելիություն չտրամադրելու համար առանձին պատասխանատվություն չի նախատեսվում: 2. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 3. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «ենթաօրենսդրական իրավական» բառերն առաջարկում ենք փոխարինել «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում սահմանված հասկացությունը եւ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթը, այն է. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածին: 4. «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Տրանսպորտի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: 5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բառից հետո լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի վերնագիրը: 6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավադրույթին, այն է. «5. Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանման հիշատակմանը: 7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.6-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ: Հարկ ենք համարում նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.6-րդ հոդվածում կիրառված են ոչ ճիշտ հասկացություններ, կետադրական նշաններ, որոնք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 170.6-րդ հոդվածի տեքստում պահպանվել են: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջակում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.6-րդ հոդվածի նոր խմբագրությունը վերանայել քննարկվող տեսանկյունից: 8. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք պահպանել հոդվածի կետերի համարակալման հաջորդականությունը: 9. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի (ըստ հաջորդականության՝ չորրորդ) «ա» ենթակետում «ենթակետը» բառն առաջարկում ենք փոխարինել «կետը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի (ըստ հաջորդականության՝ չորրորդ) «բ» ենթակետի «ենթակետերն» բառին, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ենթակետը» բառին: 10. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով (ըստ հաջորդականության՝ երրորդ) «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 19.7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի համաձայն. «2. Կազմակերպություննների, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղեւորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու պետական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝ (...)»: Վերոնշյալ իրավակարգավորմամբ սահմանվում է նաեւ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու պետական տուրքի չափերը: Հարկ է նկատել, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նախատեսված են էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության մասին կարգավորումներ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ իրականացնող սուբյեկտների վերաբերյալ որեւէ իրավակարգավորում նախատեսված չէ, բացառությամբ՝ ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման թույլտվությունը միայն էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով դրույթի: Միեւնույն ժամանակ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով (ըստ հաջորդականության՝ երրորդ) Օրենքի 19.7-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում սահմանված իրավակարգավորումը նախատեսում է նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու դրույթ: Վերոգրյալի հիման վրա, նշենք, որ հասկանալի չէ՝ թեթեւ մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացման սուբյեկտ են հանդիսանում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ ֆիզիկական անձինք, ում պետք է տրամադրվի թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման արտոնագիր, թե միայն ֆիզիկական անձինք: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը միմյանց համապատասխանության տեսանկյունից: 11. Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետով (ըստ հաջորդականության՝ իններորդ) Օրենքի 19.7-րդ հոդվածը նախատեսվում է լրացնել նոր՝ 7.1-ին մասով, որի համաձայն՝ «7.1. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձեւակերպված պատվերով իրականացված ուղեւորափոխադրումների համար հաշվարկված, գանձված եւ պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը, իսկ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման արտոնագիր ստանալու նպատակով այդ գործունեությունն իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը, բացառապես էլեկտրոնային եղանակով մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ ներկայացնում են հարկային մարմին: Սույն մասում նշված հայտարարությունների ձեւերը եւ լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»: Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ իրավադրույթով հարկային մարմնին վերապահվում է հայտարարությունների ձեւերի եւ լրացման կարգի սահմանման լիազորություն: Միեւնույն ժամանակ Նախագծի անցումային դրույթով նախատեսված չեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը եւ այն դրույթները, որոնք գործելու են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված է. «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթով սահմանել Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը եւ այն դրույթները, որոնք գործելու են համապատասխան ենթաօրենդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: 12. Նախագծի 1-ին հոդվածի 8-րդ կետով (ըստ հաջորդականության՝ տասներերորդ) Օրենքի 19.7-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի համաձայն. «8. Որեւէ ամսվա համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում մինչեւ ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն` տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի եւ ավելացվող ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի մեծությունների հանրագումարով: Ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում ավելացված ավտոբուսների, միկրոավտոբուսների նստատեղերի կամ ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի մասով հաշվարկվում է պետական տուրք` սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:»: Նախագծի 1-ին հոդվածի 8-րդ կետով (ըստ հաջորդականության՝ տասներերոդ) Օրենքի 19.7-րդ հոդվածի 8-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում Օրենքի գործող 19.7-րդ հոդվածի 8-րդ մասում «ավտոբուսներ, միկրոավտոբուսներ կամ թեթեւ մարդատար մեքենաներ» հասկացությանը տրված կրճատ տարբերակի, այն է՝ «(այսուհետ՝ սույն հոդվածում՝ ավտոմեքենա)» ձեւակերպումը, ինչպես նաեւ երթուղու հետ կապված գործակիցների ավելացման վերաբերյալ նոր Հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ դրույթներ այլեւս սահմանված չեն: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել նաեւ Օրենքի 19.7-րդ հոդվածի 14-րդ մասում կիրառված «ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման դեպքում» ձեւակերպումը: 13. Նախագծի 1-ին հոդվածի 11-րդ կետով (ըստ հաջորդականության՝ տասներեքերորդ) Օրենքի 19.7-րդ հոդվածի 12-րդ մասից նախատեսվում է հանել «թեթեւ մարդատար մեքենայով,» բառերը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 19.7-րդ հոդվածի 12-րդ մասում «թեթեւ մարդատար մեքենայով,» բառերը եւ կետադրական նշանը կիրառված են երկու անգամ: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 11-րդ կետում նախատեսված փոփոխության մեջ հստակեցնել հղումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջը, այն է. « 4. Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: 14. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող 18-րդ կետում առաջարկում ենք «18» թվից հետո միջակետը փոխարինել փակագծով, իսկ «Տարեկան բազային տուրքի» բառերը գրել «1000-ապատիկի» բառից առաջ՝ Օրենքի 20.1-ին հոդվածում կիրառված ձեւի պահպանման նպատակով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթից, որի համաձայն. «3. Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»: 15. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում հղում է կատարվում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի «22-րդ հոդվածի «Գործունեության այլ բնագավառներ» բաժնին»: Մինչդեռ հարկ է նկատել, որ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածը բաղկացած է տասը մասերից, իսկ «Գործունեության այլ բնագավառներ» բաժինն ընդգրկված է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք ուղղել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կատարված հղումը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասից: 16. Նախագծերի փաթեթում առկա են մի շարք վրիպակներ, դասական թվականների ոչ ճիշտ գրության ձեւեր: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել նախագծերի ամբողջ տեքստը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթում ներառված նախագծերի համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 14.07.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 14.07.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության հասկացությունը, էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կանոնակարգել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով, էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաեւ պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ, վերանայել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոնավոր ուղեւորափոխադրումների արտոնագրի տրամադրման գործընթացը, ինչպես նաեւ սահմանել կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ: Ֆինանսատնտեսագիտական հինախնդիրների տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) որոշ դրույթների: 1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.7.-րդ հոդվածի 2-րդ մասը (որով սահմանվում են ուղեւորափոխադրումների իրականացման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը) շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Կազմակերպություննների, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղեւորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու պետական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝...» (այնուհետեւ՝ նշվում են կոնկրետ դրույքաչափերը): Չնայած այն հանգամանքին, որ գործող Օրենքի 19.7.-րդ հոդվածի 2-րդ մասում նույնպես առանց մասնագիտական հիմնավորվածության օգտագործված է «ուղեւորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու պետական տուրք» հասկացությունը, սակայն առաջարկվող խմբագրությամբ նշված մասի նոր շարադրանքը դառնում է էլ ավելի խնդրահարույց՝ կապված այն հանգամանքի հետ, որ միաժամանակ փոխվում է նաեւ պետական տուրքի դրույքաչափի հաշվարկման բազան: Արդյունքում, նշված մասում օգտագործված երկու բազային՝ «արտոնագիր» եւ «պետական տուրք» հասկացությունները վերջնականապես կորցնում են իրենց սկզբնական նշանակությունը եւ ամբողջովին խեղաթյուրում այս մասի տնտեսագիտական բովանդակությունը: Մասնավորապես՝ - «արտոնագիր» հասկացությունը ՀՀ օրենսդրությամբ կիրառվում է հիմնականում երկու իմաստով՝ որպես որեւէ գործողություն կատարելու համար պետության կողմից տրվող թույլտվություն կամ որպես որեւէ երեւույթի կամ փաստի (օրինակ՝ գյուտի գրանցման) արձանագրման փաստաթուղթ, ընդ որում՝ շատ կարեւոր է նշել, որ երկու դեպքում էլ խոսքը գնում է մեկանգամյա թույլտվության կամ տրվող փաստաթղթի մասին, - Օրենքի 19.7.-րդ հոդվածի 2-րդ մասի գործող տեքստում (օրինակ՝ Երեւան քաղաքի համար) սահմանված է. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար՝ ամսական... թեթեւ մարդատար մեքենայի քանակի եւ բազային տուրքի 9.5-ապատիկի արտադրյալի չափով» պետական տուրք, այսինքն՝ հստակ հասկացվում է, որ այս պետական տուրքը սահմանված է Երեւան քաղաքում յուրաքանչյուր ամսվա համար ուղեւորափոխադրումների կազմակերպման մեկանգամյա արտոնագիր տալու համար, թեեւ հասկանալի է նաեւ, որ գործնականում այս վճարը ոչ այնքան պետական տուրք է, որքան՝ հարկ: Այս դեպքում ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, որ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով հնարավոր է կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը փոխի (ավելացնի կամ պակասեցնի) իր կողմից կազմակերպվող ուղեւորափոխադրումների համար օգտագործվող ավտոմեքենաների քանակը, ուստի վարչարարության տեսանկյունից շատ ավելի դյուրին է յուրաքանչյուր ամիս ներկայացնել ավտոմեքենաների քանակը եւ հարկային համեմատաբար բարդ վարչարարության փոխարեն վճարել պետական տուրք եւ շարունակել աշխատել, - Նախագծով առաջարկվող նոր խմբագրությամբ տեքստում, ինչպես արդեն նշեցինք, նախատեսվում է փոխել նաեւ պետական տուրքի հաշվարկման բազան, մասնավորապես՝ թեթեւ մարդատար մեքենայի քանակի եւ բազային տուրքի բազմապատիկ գործակցի արտադրյալի փոխարեն առաջարկվում է որպես պետական տուրքի հաշվարկման բազա, օրինակ՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, սահմանել. «յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝ կանխիկ դրամով վճարումների դեպքում 2 տոկոսի չափով, անկանխիկ դրամով վճարումների դեպքում՝ 1,5 տոկոսի չափով:»: Այսինքն, այս դեպքում խոսք չի կարող գնալ ելակետային տվյալի (մեքենաների քանակի) հնարավոր փոփոխության մասին, իսկ յուրաքանչյուր ուղեւորափոխադրումից հետո էլ արտոնագրի ստացումը դառնում է ուղղակի անիմաստ, քանի որ փաստացի ստացվում է, որ պետությունը, պետական տուրքի վճարման դիմաց, ուղեւորափոխադրման թույլտվություն է տալիս միայն այդ ուղեւորափոխադրումն իրականացնելուց հետո (սրանով էլ «արտոնագիր» հասկացությունը կորցնում է իր հնարավոր բոլոր իմաստները): Մյուս կողմից, տեղի ունեցած փաստի (տվյալ դեպքում՝ կատարված ուղեւորափոխադրման) համար հետին թվով պետական տուրքի գանձումը նույնպես իմաստազուրկ է դառնում, քանի որ այս դեպքում զուտ տեսականորեն կարելի է միայն պատկերացնել օրական 15-20 արտոնագրի տրամադրում մի գործունեության համար, որի իրականացման նպատակով ֆիզիկական անձը հարկային մարմնում պետք է հաշվառվի ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, բոլոր պատվերները պետք է իրականացնի հարկային մարմնի էլեկտրոնային հարթակի միջոցով, սահմանված արտոնագրերը պետք է տրամադրի հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ կատարած վճարին էլ բնորոշ է լինելու բացառապես հարկի, այլ ոչ թե պետական տուրքի հատկանիշներ (ինչ վերաբերում է կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, ապա նրանք արդեն իսկ հանդիսանում են գրանցված հարկատուներ), - հարկ է նաեւ հիշել, որ գործող օրենքներով, տաքսի ծառայությունների մատուցման մասով, բացի գործող «թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագրից», տաքսի ծառայություն մատուցողից պահանջվում է ունենալ նաեւ համապատասխան լիցենզիա, ինչը նույնպես տաքսի ծառայություն մատուցելու համար թույլտվություն է, որի համար նույնպես (այս դեպքում՝ միանգամայն իրավացիորեն) սահմանված է համապատասխան պետական տուրքի վճարման պարտավորություն: Այսինքն՝ ստացվում է, որ նույն գործունեությունն իրականացնելու թույլտվության համար անձինք պարտավոր են լինելու վճարել երկու տարբեր պետական տուրքեր: Հաշվի առնելով վերը շարադրվածը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթով հետապնդվող խնդրի լուծման եւ դրա շրջանականերում նախատեսվող իրավակարգավորումները տնտեսագիտորեն հիմնավորված եւ ճիշտ ձեւակերպելու նպատակով, առաջարկում ենք ուղեւորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու եւ դրա դիմաց պետական տուրք գանձելու փոխարեն ՀՀ հարկային օրենսգրքով սահմանել պարտադիր վճար (Նախագծով առաջարկվող դրույքաչափերով), սակայն ոչ թե «ուղեւորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու», այլ «ուղեւորափոխադրումների իրականացման համար», բնականաբար, «Պետական տուրքի մասին» օրենքից հանելով համապատասխան բոլոր կարգավորումները: 2. Նախագծի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է պետական տուրքի չափերի գործող տարբերակումը (ըստ՝ Երեւան քաղաքի, մարզկենտրոնների, այլ քաղաքների, սահմանամերձ գյուղերի եւ այլ վայրերի) փոխարինել այլ տարբերակմամբ՝ ըստ վճարման անկանխիկ եւ կանխիկ եղանակների, որի դեպքում առավելություն է նախատեսվում անկանխիկ վճարումների կատարման համար: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ այս տարբերակումն ամբողջ ծավալով կարող է նախատեսվող ազդեցությունը չունենալ, քանի որ անկանխիկ վճարումների իրականացման հետ կապված ինչպես ծառայություն մատուցողը, այնպես էլ վճարողը կարող են ունենալ օբյեկտիվ դժվարություններ (հատկապես՝ հեռավոր մարզերում եւ համայքներում): 3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղեւորափոխադրումներ իրականացնողները բոլոր պատվերները պետք է իրականացնեն բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով, իսկ դրանից դուրս պատվերների իրականացումը համարվելու է հարկերի թաքցնում, Նախագծերի փաթեթը որեւէ կարգավորում չի նախատեսում այն դեպքերի համար, երբ այդ ուղեւորափոխադրումները էլեկտրոնային հարթակի միջոցով հնարավոր չլինի իրականացնել օբյեկտիվ (փոխադրողների կամքից անկախ) պատճառներով (օրինակ՝ ինտերնետ կապի երկարաժամկետ բացակայություն, կապի խաթարումներ, կապի միջոցների անսարքություններ եւ այլն), ինչի հետ կապված իրավակարգավորումներն էլ առաջարկում ենք ավելացնել Նախագծում: Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 06.07.2023թ.
Կառավարության կողմից ներկայացվել են ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի: Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղեւորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում եւ չեն հարկվում: Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցող եւ փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը փաստացի դուրս է մնում վերահսողությունից: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթում ընդգրկված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 16-րդ հոդվածում լրացնել նոր մասեր, որոնցից 8-րդ մասով նախատեսվում է սահմանել, որ. «Ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով»: Հարկային վարչարարության տեսանկյունից նման մոտեցումը, բնականաբար, միանգամայն ընդունելի եւ հասկանալի է, քանի որ պետությունը պարտավոր է հնարավորինս կրճատել ստվերային տնտեսությունը եւ բոլոր տնտեսավարողներին բերել հարկային օրինական դաշտ: Սակայն, մյուս կողմից առաջարկվող մոտեցումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ բնակչության սոցիալական առանձին խմբի, մասնավորապես՝ սեփական ավտոմեքենաներով տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց վրա, քանի որ դրանց մի զգալի մասը հնարավոր է այլեւս չկարողանալ աշխատել՝ կապված ինտերնետ հասանելիության եւ էլեկտրոնային հարթակով աշխատելու կարողությունների բացակայության հետ: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՝ ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 10.07.2023թ.
|