Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-625-28.06.2023-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
19.07.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 2-րդ մասում լրացում կատարելու արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ բովանդակությաւնը. «Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը: Սույն հոդվածով սահմանված պայմանները բավարարելու դեպքում երեխայի խնամակալին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում եւ վճարվում է անկախ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու հանգամանքից»: Այսպես՝ քննարկվող նորմի առաջին նախադասությամբ նշված է, թե որ դեպքում է երեխայի ծնողը կորցնում երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, իսկ լրացվող երկրորդ նախադասությամբ նշվում է, որ նույնիսկ երեխայի ծնողի՝ այդ իրավունքը կորցնելու դեպքում երեխայի խնամակալին միեւնույն է վճարվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում նշված է. «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող)»: Դրանից բխում է, որ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված «երեխայի ծնող» հասկացության մեջ արդեն իսկ ներառված է «երեխայի խնամակալ» հասկացությունը, ինչի արդյունքում Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ նախադասությամբ նշված կարգավորումները վերաբերում են երեխայի խնամակալին: Հետեւաբար իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք հստակեցնել, որ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված «երեխայի ծնող» բառերը չեն ներառում երեխայի խնամակալին: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 28.3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 1-ին կետում նշված կարգավորմանը: 2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 28.3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 1-ին կետով սահմանված է. «Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝ ( ) երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ, երեխայի խնամակալի (երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին)»: Այսպես՝ վերը մեջբերված դրույթում «բացառությամբ» բառից հետո փակագծում նշված բառերը բացահայտում են այս համատեքստում «երեխայի խնամակալի» բառերի կիրառման նպատակը: Հետեւաբար առաջարկում ենք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում նշված պահանջը պահպանելու նպատակով քննարկվող նորմից հանել «երեխայի խնամակալի» բառերը, իսկ դրան հաջորդող արտահայտությունը շարադրել փակագծերից դուրս: 3. Օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող, խնամքի արձակուրդում գտնվող ծնողին (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող) խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ՝ 1) առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, եւ 2) խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով»: Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «(այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող)» բառերը: Նշենք, որ հասկանալի չէ քննարկվող նորմից «(այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող)» բառերը հանելու եւ դրանք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 28.4-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 3-րդ կետում շարադրելու նպատակը, երբ վերջինս հղում է կատարում Օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասին: Հարկ է նկատել, որ նշված փոփոխությունը հակասում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: 4. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 28.4-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք 3-րդ կետի համարակալումը շտկել՝ այն համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին: 5. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 28.4-րդ հոդվածի մի շարք մասեր ուժը կորցրած ճանաչելու արդյունքում այդ հոդվածով սահմանվող կարգավորումների շրջանակից դուրս են մնում օտարերկրյա քաղաքացի ծնողին տրվող մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ կարգավորումը, ինչպես նաեւ խնամքի արձակուրդում գտնվելու կամ գյուղական բնակավայրի հաշվառման փաստի փոփոխության հետ կապված նպաստի չափի փոփոխության վերաբերյալ կարգավորումները: Նպաստի չափի փոփոխության համատեքստում հարկ է անդրադառնալ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 28.4-րդ հոդվածի 4-րդ մասին, որով թեեւ սահմանված է, որ «Տվյալ ամսվա նպաստի չափը որոշվում է ինքնաշխատ եղանակով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասը», այնուամենայնիվ դրա ձեւակերպումից հստակ չէ, որ խնամքի արձակուրդում գտնվելու կամ գյուղական բնակավայրի հաշվառման փաստի փոփոխությունը ենթադրում է վճարվող նպաստի չափի վերանայում: 6. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 28.5-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր՝ 9-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ. «ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային բաժին ներկայացնելու կամ այդ գրավոր հայտարարությունը տարածքային բաժնում տալու դեպքում»: Այսպես՝ նշենք, որ վերը մեջբերված դրույթում «այդ գրավոր հայտարարությունը» արտահայտությունում «այդ» բառը կիրառելիս ստացվում է, թե հղում է կատարվում նոտարական կարգով վավերացված խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին հայտարարությանը: Արդյունքում ստացվում է, թե այդ հայտարարությունը մի դեպքում ներկայացվում է տարածքային բաժին, մյուս դեպքում՝ տրվում է տարածքային բաժնում: Հետեւաբար, այս դրույթի իմաստը հստակեցնելու նպատակով, առաջարկում ենք որոշակիացնել, որ «այդ գրավոր հայատարարությունը» բառերը կիրառվում են նոտարական վավերացում չպահանջող հայտարարության իմաստով: 7. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի որոշ դրույթներով սահմանվում են Կառավարության՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ դրույթներ՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել նաեւ այդ ակտերի ընդունման համար հստակ ժամկետ, ինչպես նաեւ սահմանել, թե Նախագծի որ դրույթներն են գործելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից: Նշենք, որ վերոգրյալ առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 19.07.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 19.07.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնությունը դիմումի հիման վրա նպաստը վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով, հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն օտարերկրյա քաղաքացի ծնողի համար եւ այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը, հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները՝ առանձնահատկություն սահմանելով ԱԾԽՄ կարգավիճակով երեխայի խնամակալի խնամքի նպաստի իրավունքի համար, հստակեցնել խնամքի նպաստ նշանակելու պայմանները եւ այլն, ինչպես նաեւ առաջարկվում է հստակեցնել եւ վերացնել օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած թերությունները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 10.07.2023թ.
Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչը պայմանավորված է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի եւ հրատապ օգնության վճարման հարաբերություններին առնչվող կարգավորումները «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է մի շարք լրացումներ եւ փոփոխություններ կատարել, ըստ որոնց՝ - ընտանեկան եւ սոցիալական նպաստը, ինչպես նաեւ հրատապ օգնությունը դիմումի հիման վրա կվճարվի կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց, - կհստակեցվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմանները օտարերկրյա քաղաքացի ծնողի համար եւ այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, - օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ կնշանակվի, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու եւ վճարելու առանձնահատկությունները սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, - կհստակեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները՝ առանձնահատկություն սահմանելով ԱԾԽՄ կարգավիճակով երեխայի խնամակալի խնամքի նպաստի իրավունքի համար, - նպաստի նշանակման ժամկետները կփոխկապակցվեն միայն երեխայի 70 օրականը լրանալու ամսվա հետ, իսկ ծնողի կարգավիճակը (խնամքի արձակուրդում գտնվող, խնամքի արձակուրդում չգտնվող, խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ) հաշվի կառնվի նպաստը վճարելիս՝ վճարման ամսվա նպաստի չափը որոշել այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողի ունեցած կարգավիճակով, - խնամքի նպաստ նշանակելը մերժելու հիմքերը կհամապատասխանեցվեն Նախագծով առաջարկվող՝ նպաստ նշանակելու պայմաններին: Ընդհանուր առմամբ, Նախագիծն ընդունվելու դեպքում, «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները կհամապատասխանեցվեն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, կհստակեցվեն նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 07.07.2023թ.
|