ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-626-28.06.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-626-28.06.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

18.07.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակման մեջ նշել նաեւ Օրենքի ընդունման ամսաթիվը՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված հաջորդականությունը, այն է. «3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2.1-ին հոդվածում լրացվում է նոր 5-րդ մաս, որի համաձայն. «5. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաները, թույլտվությունները եւ հավաստագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաեւ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ համապատասխան լիցենզիաները, թույլտվությունները եւ հավաստագրերը կարող են տրամադրվել նաեւ թղթային տարբերակով:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված է. «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2.1-ին հոդվածում լրացվող նոր 5-րդ մասում ամրագրված իրավակարգավորմամբ նախատեսվում է, որ Կառավարության կողմից սահմանված դեպքերում Օրենքի 2.1-ին հոդվածով նախատեսված լիցենզիաները, թույլտվությունները եւ հավաստագրերը տրամադրվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի անցումային դրույթներում բացակայում է Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը, ինչպես նաեւ սահմանված չեն օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում սահմանել Կառավարություն կողմից սահմանվող դեպքերի վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը, ինչպես նաեւ նշում կատարել այն դրույթների մասին, որոնք գործելու են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

18.07.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

18.07.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածում, որի արդյունքում՝ արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

06.07.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով իրականացնելու կապակցությամբ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: 

ՀՀ վարչապետի 03.08.2022թ. թիվ 02/16.11/25429-2022 հանձնարարականի կատարման շրջանակներում արդեն իսկ ՀՀ կառավարության մի շարք իրավական ակտերում կատարվել են թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով իրականացնելու գործընթացն ապահովող անհրաժեշտ փոփոխությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է լրացում կատարել Օրենքի 2.1 հոդվածում, որի արդյունքում՝ արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար ՀՀ կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով (մասնավորապես՝ սակագնային քվոտայի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի տրամադրման եւ «Եվրասիական  տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի ընդունվող ոչ սակագնային սահմանափակումների կիրառման կարգեր): 

Ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում արտաքին առեւտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ՝ կապված արտաքին առեւտրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը բացառապես էլեկտրոնային եղանակով իրականացվելու հետ: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

03.07.2023թ.