ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Նոտարիատի մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-628-03.07.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նոտարիատի մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-628-03.07.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

11.07.2023թ. 






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Նոտարիատի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել այնպիսի փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում օրենսդրորեն կհստակեցվեն Օրենքի մի շարք դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում այլեւս արդիական չեն, կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, անորոշ ձեւակերպումներ ունեցող դրույթները, կապահովվի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կարգավորումների հետ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետ?յալ խմբագրությամբ. «Արգելվում է պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներին) նոտարական գործողությունների իրականացման ժամանակ խոչընդոտել, միջամտել կամ ներգործել նոտարի գործունեությանը:», սակայն ՀՀ օրենքներով տվյալ արգելքի չպահպանման համար պատասխանատվության տեսակներ (այդ թվում՝ վարչական կամ ֆինանսական) սահմանված չեն, ինչն էլ առաջարկում ենք լրացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

2. Նախագծի 34-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական, տեխնիկական, տպագրական սխալները կամ վրիպակները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը եւ բովանդակությունը: Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները եւ ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Ուղղումները կատարվում են փաստաթղթերի բոլոր օրինակների վրա, բացառությամբ երբ անհնար է ներկայացնել բոլոր օրինակները: Սույն մասի կանոնները տարածվում են նաեւ նոտարին օրենքով սահմանված կարգով փոխանցված այլ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի վրա, ինչպես նաեւ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված փոխարինման դեպքերի վրա:»:

Այս կապակցությամբ, ինչպես նաեւ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք հստակ սահմանել, որ նման դեպքերում նորտարի կողմից վճարումներ չեն կարող գանձվել, քանի որ համաձայն սահմանվող տեքստի. «Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական, տեխնիկական, տպագրական սխալները կամ վրիպակները...», հետեւաբար՝ կարելի փաստել, որ այդ սխալները կամ վրիպակները տեղ են գտել նաեւ հենց նոտարի մեղքով:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք է զգում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

07.07.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Նոտարիատի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել փոփոխություններ եւ լրացումներ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած թերությունները եւ բացթողումները շտկելու, անորոշ ձեւակերպումները հստակեցնելու, Օրենքի դրույթները Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներին, Քրեական դատավարության օրենսգրքի եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի դրույթների ձեւակերպումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է վերանայել՝ 

- նոտարի թեկնածուների որակավորման ստուգման արդյունքում ստուգումը հաղթահարած անձանց կողմից նոտարի թափուր պաշտոնի համալրման ընթացակարգը,

-     նոտարի կողմից փաստաթղթերն ի պահ ընդունելուն եւ դրանք վերադարձելուն առնչվող կարգավորումները,

- նոտարի դեպոզիտ ընդունված դրամական գումարները կամ արժեթղթերը վերադարձնելուն առնչվող կարգավորումները,

-    ուսումնասիրման ենթակա նոտարի իրավունքները, 

- նոտարի կողմից հաստատման ենթակա իրավաբական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.

- նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշմանը (հրամանին) ներկայացվող պահանջները եւ այլն:

2.   Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ՝                                                  ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

11.07.2023թ.