ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության  տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին»  օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-629-04.07.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության  տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-629-04.07.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

19.07.2023թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության  տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին»  օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրում լրացնել «եւ փորձաքննության անցկացումը» բառերը ինչի արդյունքում Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսվում է կարգավորումներ սահմանել նաեւ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության վերաբերյալ. նախ նշենք, որ Նախագծի 4-րդ հոդվածով Կառավարությանը լիազորվում է սահմանել հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: »: Նույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրում լրացնել մասնագիտական փորձաքննություն անցկացնելու  վերաբերյալ:

Բացի այդ նշենք, որ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ սահմանվում է հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների միայն  մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը Կառավարությանը վերապահելու վերաբերյալ կարգավորում, մինչդեռ նշված ապրանքների մասնագիտական փորձաքննության անցկացմանը վերաբերող նվազագույն կարգավորումները, հսկվող ապրանքները՝ մասնագիտական փորձաքննության ենթակա լինելու, նշված փորձաքննության պարտադիրությանը վերաբերող դրույթները բացակայում են: Օրենքի հստակությունն ու կանխատեսելիությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Օրենքում սահմանել մասնագիտական փորձաքննությանը վերաբերող նվազագույն կարգավորումներ:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ՝ «1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ սույն օրենքի իմաստով հսկվող ապրանքներ»: Նշված դրույթի բովանդակությունից հասկանալի եւ հստակեցված չէ՝

  • արդյո՞ք նշված ենթաօրենսդրական ակտի, այն է՝ զգայուն ապրանքների ցանկի, ընդունումը Կառավարության հայեցողությանն է թողնված (հիմք՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է  սահմանել» ձեւակերպումը).
  • արդյո՞ք զգայուն ապրանքների ցանկում ներառված ապրանքները եւս հանդիսանում են հսկվող ապրանքներ, եւ Օրենքով հսկվող ապրանքների արտահանման, տարանցիկ փոխադրման, լիցենզավորման եւ հսկվող ապրանքների համար նախատեսված այլ կարգովորումները նույնությամբ վերաբերելի են նաեւ զգայուն ապրանքների ցանկում ներառված ապրանքների համար.

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ, որպես օրինականության սկզբունքի հիմնարար բաղադրիչ, սահմանված է որոշակիության սկզբունքի պահանջ, ըստ որի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուն լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին, այսինքն՝ պետք է լինեն բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունն ու սահմանները հասկանալու համար: Նշված դրույթն իրավական որոշակիության շրջանակներում դիտարկելու արդյունքում, կարծում ենք, զգայուն ապրանքներին վերաբերող կարգավորումներն ամբողջական չեն, ինչի արդյունքում Կառավարությունը լիազորվում է  իր հայեցողությամբ սահմանելու զգայուն ապրանքների ցանկ, մինչդեռ թե որ դեպքերում կարող է սահմանել, որ դեպքերում՝ ոչ , հասկանալի չէ: Ընդ որումն նշված պահանջն ինքնանպատակ չէ, այլ կարեւորվում է պետական մարմնի վարքագծի հստակությամբ եւ կանխատեսելիությամբ: Իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս, Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Բացի այդ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հստակ սահմանված են, թե որ ապրանքներն են հանդիսանում հսկվող ապրանքներ, որոնց ցանկում զգայուն ապրանքները սահմանված չեն. արդյունքում հասկանալի չէ՝ զգայուն ապրանքները կարող են արդյո՞ք համարվել հսկվող ապրանքներ, թե ոչ. մասնավորապես, եթե զգայուն ապրանքները կլանվում են հսկվող ապրանքների մեջ, ապա դրա վերաբերյալ անհրաժեշտ է հստակ նշել հսկվող ապրանքի հասկացության մեջ. եթե չեն կլանվում, ապա զգայուն ապրանքների արտահանման եւ տարանցիկ փոխադրման կամ թույլտվության, ծանուցման համար անհրաժեշտ են համապատախսան կարգավորումներ նախատեսել Օրենքում:

Իրավական օրենքի կարեւորության վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր 13.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-753 որոշմամբ սահմանել է՝ «օրենքը պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:»: Հարկ է նկատել, որ հսկվող ապրանքների ապօրինի տեղափոխումը (…) համարվում է մաքսանենգություն, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորումից հասկանալի չէ արդյոք զգայուն ապրանքների ապօրինի տեղափոխումը եւս կունենա այն հետեւանքները, որոնք նախատեսված են Քրեական օրենսգրքով սահմանված մաքսանենգության համար:

4. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է՝ «Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը, սակայն ոչ ուշ քան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո»: Հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասը նախատեսում է ենթաօրենսդրական ակտի ընդունում, առանց որի Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասը չի կարող կատարվել, հետեւաբար անհրաժեշտ է Նախագծի անցումային դրույթներում հստակ նշել ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետը: Բացի այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը, տվյալ պարագայում Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական ակտը կարող է ընդունվել նաեւ այն օրենսդրական ակտի հիման վրա, որն ընդունվել, սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ. հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում հստակ նշել Նախագծով սահմանված ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետը՝ առանց նախատեսելու Նախագծի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու առավելագույն ժամկետը:

Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի եւ 5-րդ մասի պահանջներից: 

5. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի եւ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

19.06.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

(հեռ.` 011-513-248)

19.06.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-42-Ն օրենքի 6-րդ հոդվածում սահմանել դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությանը: Նշված դրույթը նաեւ կհանդիսանա որպես լիազորող օրենսդրական նորմ՝ համապատասխան գործընթացների իրականացման համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

11.07.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում ու մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի նպատակն է հստակեցնել երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման բնագավառում Կառավարության լիազորություններն ու պարտականությունները:

Նախագծով, Հեղինակն առաջարկում է Օրենքի 6-րդ հոդվածում սահմանել դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը կսահմանի Կառավարությանը: Նշված դրույթը լիազորող օրենսդրական նորմ կհանդիսանա համապատասխան գործընթացների իրականացման համար:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված Նախագծով հեղինակն ակնկալում է, որ առաջարկվող իրավակարգավորումների ընդունմամբ առավել կբարելավվի երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման բնագավառում փորձագիտական եզրակացություն տրամադրող մարմինների գործունեությունը:

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                                               ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

12.07.2023թ.