ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-630-10.07.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի եւ Արփինե Դավոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-630-10.07.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

21.07.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 108-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 110-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել լրացում եւ Ազգային ժողովին տրամադրել հայեցողական լիազորություն Ազգային ժողովի պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը քննարկել ոչ միայն Ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում, այլ նաեւ արտահերթ նստաշրջաններում կամ նիստերում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրության) 96-րդ հոդվածի համաձայն. «1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար: 2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:»:

Ազգային ժողովի պատգամավորը, հանդիսանալով Ազգային ժողովի, այն է՝ օրենսդիր մարմնի անդամ, պետք է ապահովվի այն անհրաժեշտ երաշխիքներով, որոնց միջոցով կյանքի կկոչվի Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրվող պետական իշխանության իրականցումը օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը: Սույն նկատառումից ելնելով՝ Սահմանադրությունը օրենսդիր մարմնի ներկայացուցիչ հանդիսացող պատգամավորին տրամադրում է անձեռնմխելի կարգավիճակ, որի շրջանակում վերջինիս նկատմամբ դատական եւ գործադիր իշխանության ազդեցությունը կրում է սահմանափակ բնույթ եւ միայն Ազգային ժողովի համաձայնությամբ է ընդլայնվում: Սա զսպիչների եւ հակակշռների կառուցակարգի մաս է, որի երաշխավորմամբ Սահմանադրության 4-րդ հոդվածի գործունեությունը շարունակում է մնալ «առողջ»: 

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրությամբ, ի տարբերություն պատգամավորի, դիտարկվում է որպես անկախ պաշտոնատար անձ, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Սա նշանակում է, որ իրավական պետությունում պետք է երաշխավորվի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը պետական մարմիններից եւ հատկապես գործադիր իշխանության մարմիններից, որի գործունեության նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանը սեւեռուն վերահսկողություն է իրականացնում:

Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը գործող Սահմանադրության 193-րդ հոդվածով վերապահված է Ազգային ժողովին, որն այն լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Այսպիսի անձեռնմխելի կարգավիճակի տրամադրումը պատգամավորներին եւ Մարդու իրավունքների պաշտպանին պայմանավորված է վերջիններիս վերապահված լիազորություններով, որոնց կատարումն ապահովելու համար պետությունը պարտավոր է տրամադրել իրավական երաշխիքներ:

Միաժամանակ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել Օրենքի 44-րդ հոդված 1-ին մասին, ըստ որի՝ «Արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Կառավարության նախաձեռնությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ:»: Իսկ 3-րդ մասի համաձայն. «Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ վարչապետի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպես նաեւ վարչապետի գրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ նշվում են՝

1) արտահերթ նիստի օրակարգը, ներառյալ՝ օրակարգային հարցերի անվանումները եւ քննարկման հաջորդականությունը, (…)»:

Ղեկավարվելով Օրենքի 44-րդ հոդվածով եւ վերոգրյալ վերլուծությամբ՝ գտնում ենք, որ կարող է խնդրահարույց լինել Ազգային ժողովի պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումը հնարավոր դարձնելը նաեւ Ազգային ժողովի արտահերթ նիստերի ու նստաշրջանների ընթացքում, քանի որ արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու նախաձեռնող սուբյեկտների շարքում Օրենքը նախատեսում է նաեւ Կառավարությանը: Ավելին, Նախագծով նախատեսվող լրացման իրագործումը կհանգեցնի այնպիսի իրավիճակի, որ Կառավարությունը, արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ հանդես գալու հետ մեկտեղ, Օրենքի համաձայն, կունենա նաեւ արտահերթ նիստի օրակարգ ներկայացնելու իրավունք, որը կարող է տարբեր լինել Օրենքի 108-րդ եւ 110-րդ հոդվածներով սահմանված կարգից: Կառավարության մասնակցությունը այդ գործընթացներին կարող է կասկածի տակ դնել երկրում իշխանությունների բաժանման սկզբունքի եւ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գոյությունը՝ հակասելով այն նպատակներին, որոնք հետապնդվել են համապատասխանաբար Սահմանադրության 96-րդ եւ 193-րդ հոդվածներով:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 108-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել լրացում, որի համաձայն Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը քննարկվում է ոչ միայն Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, այլ նաեւ կարող է քննարկվել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջաններում կամ նիստերում:

«Կարող է քննարկվել» ձեւակերպումը Ազգային ժողովին տալիս է հայեցողական լիազորություն, ըստ որի վերջինիս ունի յուրաքանչյուր առանձին դեպքում Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը առաջիկա հերթական նիստի ընթացքում կամ արտահերթ նիստում կամ նստաշրջանում քննարկելու իրավաչափ տարբերակներից որեւէ մեկը ընտրելու հնարավորություն: Այսպիսի կարգավորման առկայությունը Օրենքում առաջ կբերի տարբերակված մոտեցման Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ: Որեւէ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը կարող է քննարկվել արտահերթ նիստում կամ նստաշրջանում, իսկ մեկ այլ պատգամավորի վերաբերյալ միջնորդագիրը՝ առաջիկա հերթական նիստում, քանզի արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրվում է միայն Օրենքով նախատեսված սուբյեկտների կողմից Ազգային ժողովի նախագահին ուղված գրության հիման վրա՝ նրանց կողմից առաջ քաշված օրակարգով: Նման կարգավորման պայմաններում համադրելի իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ կդրսեւորվի տարբերակված մոտեցում, ինչը  խնդրահարույց է Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածների տեսանկյունից: Անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իր 2019 թ. հուլիսի 12-ի ՍԴՈ-1475 որոշմամբ հայտնել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. « (...) պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաեւ իրավունքի գերակայության եւ իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները (...) »: 

Ազգային ժողովի պատգամավորները ունենալով նույն իրավական կարգավիճակը, նույն իրավունքներն ու պարտականությունները՝ գտնվում են իրավահավասար կարգավիճակում եւ նրանց նկատմամբ տարբերակված մոտեցումը չի կարող լինել իրավիճակային եւ անկանխատեսելի:

Ուստի գտնում ենք, որ խնդրահարույց է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «կարող է քննարկվել» ձեւակերպման կիրառմամբ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման հնարավորությունը արտահերթ նստաշրջաններում կամ նիստերում դարձնելը Ազգային ժողովի հայեցողական լիազորությունը:

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով:»: Ուստի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կարող են կատարվել ոչ թե օրենքով, այլ միայն սահմանադրական օրենքով, ուստի անհրաժեշտ է շտկել նախագծի վերնագիրը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում առկա են Սահմանադրության 4-րդ, 28-րդ, 29-րդ,  հոդվածների տեսանկյունից խնդրահարույց նորմեր:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

21.07.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

21.07.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարել լրացումներ, որոնց համաձայն Ազգային ժողովի պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիրը Ազգային ժողովը կկարողանա քննարկել նաեւ արտահերթ նստաշրջանում կամ նիստում: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

10.07.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում» (այսուհետ՝ Օրենք) լրացումներ կատարել:

Օրենքի 108-րդ եւ 110-րդ հոդվածների համաձայն՝ պատգամավորի եւ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրերը քննարկվում են Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ Օրենքի ներկայիս կարգավորումները գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրերի քննարկման գործընթացը արհեստականորեն ձգձգում են: 

Հաշվի առնելով վերոգրյալը, Նախագծի հեղինակների կողմից առաջարկվում է Օրենքում ամրագրել, որ գլխավոր դատախազի կողմից ներկայացված՝ պատգամավորի եւ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերը կարող են քննարկվել նաեւ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում, ինչի արդյունքում միջնորդագրերի քննարկման գործընթացը չի ձգձգվի:

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ՝                                                   Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

13.07.2023թ.