ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-636-10.07.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6361 -10.07.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Անդրանիկ Քոչարյանի, Գուրգեն Մելքոնյանի, Վահագն Ալեքսանյանի, Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-636-10.07.2023-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-6361 -10.07.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

19.07.2023թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն)  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվող «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն պաշտոնատար անձինք եւ քննիչ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության տիրապետող նախկին իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովի պահանջով կամ հանձնաժողովի ներկայացրած առանձին գրավոր դիմումով հանձնաժողովին տրամադրել վերջիններիս իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ (պատասխանել հանձնաժողովի հարցերին), եթե դրանց տրամադրումն արգելված չէ օրենքով: Ընդ որում, Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող՝ Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նման տեղեկատվության չտրամադրումը հանգեցնում է քրեական պատասխանատվության: 

Օրենքում նման իրավակարգավորման առկայությունը պայմանավորված է Սահմանադրության 108-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանաբար քննիչ հանձնաժողովին տեղեկություններ տրամադրելու պարտականությունը բացարձակ չի համարում՝ սահմանափակելով այն վերապահմամբ, որ դրա կատարումը արգելված չպետք է լինի օրենքով: Սահմանադրությունը օրենսդրին է թողնում այդ պարտավորության կատարմանը խոչընդոտ հանդիսացող արդարացված (լեգիտիմ) հանրային շահերի կոնկրետացման խնդիրը: Սահմանադրական այս դրույթն օրենսդրի կողմից միայն որոշակի առումով կոնկրետացվել է Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Սակայն, նշված կարգավորումը հստակ պատասխան չի տալիս այն հարցին, թե արդյո՞ք եւ ե՞րբ կարող է մերժվել տեղեկությունների տրամադրումը: Որոշակի հիմքերի եւ ընթացակարգային կարգավորումների նախատեսում բացակայում է նաեւ Նախագծում. վերջինիս 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ սահմանում է միայն հարգելի պատճառների մասին հանձնաժողովին տեղեկացնելու պարտականության մասին: Ավելին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր լրացվող 423.1 հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանվում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի երկու տարբեր նիստերի ընթացքում հանձնաժողովի ներկայացրած պահանջներով կամ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստերից դուրս հանձնաժողովի ներկայացրած երկու առանձին դիմումներով հանձնաժողովին՝ վերջինիս իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելուց ապօրինի հրաժարվելու համար: Վկայակոչվող կարգավորումը խոսում է այն մասին, որ նման տեղեկությունների չտրամադրումը ունի նաեւ օրինական ճանապարհ եւ միայն ապօրինի չտրամադրելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Ոստի առաջարկում ենք հստակեցնել քննիչ հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկությունների տրամադրման մերժելու ընթակացակարգը, որպիսի պայմաններում հնարավոր լինի որոշակիացնել՝ արդյոք սուբյեկտի արարքը պարունակում է հանցակազմ, թե ոչ:

2. Չհեռանալով Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի վերաբերյալ կատարված նկատառումից՝ ցանկանում ենք նաեւ շեշտադրել, որ այն կարող է խոչընդոտներ առաջացնել Սահմանադրության 65-րդ հոդվածի համատեքստում, քանզի Օրենքով չի կարգավորում հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձանց մի շարք վարույթային իրավունքներին առնչվող հարցեր, օրինակ՝ արդյո՞ք հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձը ունի հանձնաժողովի հարցերին պատասխաններ ներկայացնելուց հրաժարվելու իրավունք իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն կարելի է ենթադրել, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Վկայակոչված իրավունքը մարդու հիմնարար իրավունք է՝ ամրագրված սահմանադրական մակարդակում, իսկ իրավական պետության (որպիսին հանդիսանում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը) խնդիրներից է հիմնարար իրավունքների հռչակագրային բնույթի վերացումը եւ օրենսդրական ու պրակտիկ մակարդակում նրա կյանքի կոչումը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսվող դրույթները լրամշակել Սահմանադրության 65-րդ հոդվածով ամրագրված հիմնարար իրավունքի երաշխավորման ոգով: 

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն իրավասու պաշտոնատար անձինք եւ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունների տիրապետող նախկին իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին գրավոր կամ բանավոր տեղեկացնել հանձնաժողովի համապատասխան նիստին չներկայանալու կամ հանձնաժողովին՝ վերջինիս իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու հարգելի պատճառների մասին: Ելնելով այն հանգամանքից, թե ինչ անբարենպաստ հետեւանքներ է Նախագիծը նախատեսում այդպիսի հարգելի պատճառների բացակայության դեպքում՝ առաջարկում ենք հստակեցնել եւ լրամշակել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ սահմանելով այդ պատճառները հարգելի ճանաչող սուբյեկտին, չափորոշիչները, ինչպես նաեւ հանձնաժողովին տեղեկացնելու եւ այլ ընթացակարգային հարցեր: 

4. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավասու պաշտոնատար անձինք եւ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունների տիրապետող նախկին իրավասու պաշտոնատար անձինք հանձնաժողովի համապատասխան նիստին հրավիրվում են ծանուցագրով: Հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունների տիրապետող նախկին իրավասու պաշտոնատար անձին ծանուցագիրը հանձնվում է պատվիրված նամակով՝ հանձման մասին ծանուցմամբ կամ ոստիկանի միջոցով:

Իրավասու պաշտոնատար անձինք եւ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունների տիրապետող նախկին իրավասու պաշտոնատար անձինք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն ունեն պարտականություն Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հրավերով հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու համար ներկայանալ հանձանաժողովի նիստին, որի կատարումը երաշխավորվում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր լրացվող 423.1-ին հոդվածով սահմանվող քրեական պատասխանատվությամբ: Սակայն նշված պարտականությունը սուբյեկտի կողմից կարող է կատարվել միայն նիստի մասին պատշաճ ծանուցում ստանալու պարագայում: Սահմանադրական դատարանն իր՝ 2015 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1189 որոշման մեջ հարկ է համարել ընդգծել. «(…) շահագրգիռ սուբյեկտների կողմից (…) պատշաճ ծանուցված լինելը՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության cօոditiօ siոeqսa ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարեւոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստիեւ ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձեւական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն (…) սուբյեկտի (…)` Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի (…) արդյունավետ ծանուցման (…) ընթացակարգ, որը գործնականում կբացառի (…) շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները»:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 3-րդ մասը, նախատեսելով ծանուցագրի կիրառումը որպես համապատասխան սուբյեկտներին նիստի հրավիրելու միջոց, այնուամենայնիվ, չի ներառում ընթացակարգային նորմեր ծանուցագրի ուղարկման, այն ստանալու ժամկետների, համատեղ բնակվող անձի կողմից ծանուցագիրը ստանալու եւ այլ կարգավորումների մասին, որոնց կիրառմամբ ծանուցումը կորակվի պատշաճ եւ համապատասխան սուբյեկտների մոտ կառաջացնի նիստերին ներկայանալու պարտականություն՝ բացառելով օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները:

Վելոգրյալի հիման վրա առաջարկում ենք լրամշակել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծանուցագրերի հանձնման ընթացակարգը:

5. Նորից հղում կատարելով Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 3-րդ մասին ցանկանում ենք շեշտադրել հետեւյալ դրույթը. «ծանուցագիրը հանձնվում է (…) ոստիկանության միջոցով»: «Ոստիկանության մասին» օրենքը կարգավորելով ոստիկանության խնդիրները, իրավական հիմքերն ու սկզբունքները, պարտականությունները եւ իրավունքները, չի պարունակում նորմեր Ազգային ժողովի հանձնաժողովների գործունեությանը աջակցելու մասին: Ավելին, ոստիկանական ծառայության միջոցով ծանուցումների իրականացումը չի բխում «Ոստիկանության մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված խնդիրներից:

6. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր լրացվող 423.1-ին հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանվում իրավասու պաշտոնատար անձի կամ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ տիրապետող նախկին պաշտոնատար անձի կողմից Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հրավերով հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու (հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու) համար երկու անգամ անհարգելի պատճառով հանձնաժողովի համապատասխան նիստերին չներկայանալու կամ նրանց կողմից՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի երկու տարբեր նիստերի ընթացքում հանձնաժողովի ներկայացրած պահանջներով կամ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստերից դուրս հանձնաժողովի ներկայացրած երկու առանձին դիմումներով հանձնաժողովին՝ վերջինիս իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելուց ապօրինի հրաժարվելու համար: 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցանք է համարվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված արարքը: 

Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքում տրված հասկացությունից հետեւում է, որ հանցանքի հատկանիշներն երեքն են՝

գ       հանրային (հասարակական) վտանգավորությունը (հանցանքը հանրության համար վտանգավոր արարքն է),

գ       քրեական հակաիրավականությունը (հանցանքը քրեական օրենքով արգելված արարքն է),

գ       մեղավորությունը (հանցանքը մեղավորությամբ կատարված արարքն է):

Արարքը հանցանք որակելու համար անհրաժեշտ է նշված հատկանիշների միաժամանակյա առկայությունը: Սակայն ցանկանում ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, հանցանքի նյութական հիմքը հանրային վտանգավորությունն է: Որպես նյութական հատկանիշ, հանրային վտանգավորությունն օբյեկտիվ կատեգորիա է եւ կախված չէ մարդու կամքից ու գիտակցությունից: Արարքը հանրորեն վտանգավոր է համարվում ոչ թե այն պատճառով, որ գնահատվում է այդիսին, այլ այն պատճառով, որ այդ արարքը հակասում է հասարակության գոյության պայմաններին, խախտում է հասարակության կենսագործունեության համար անհրաժեշտ հասարակական հարաբերությունները: Ընդ որում, հանրային վտանգավորությունը ունի որակական եւ քանակական արտահայտություն, որոնք ձեւավորվում են համապատասխանաբար հանրային վտանգավորության բնույթի եւ աստիճանի միջոցով: Հանրային վտանգավորության բնույթը որոշվում է այն հասարակական հարաբերությունների բնույթով, որոնց դեմ ոտնձգում է հանցանք կատարողը, այն է՝ հանցագործության օբյեկտով:

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը հանդիսանում է Ազգային ժողովի մարմին: Այն ձեւավորվում է Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Զեկույցի իրավական նշանակությունը եւ ներգործությունը կայանում է նրանում, որ Ազգային ժողովը, հաստատելով քննիչ հանձնաժողովի կողմից պարզաբանված փաստեր, իր հեղինակությամբ բարձրաձայնում է դրանցում տեղ գտած խնդիրները: 

Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի եւ իրավասու պաշտոնատար անձանց ու Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ տիրապետող նախկին պաշտոնատար անձանց միջեւ չեն ձեւավորվում այնպիսի բնույթի հասարակական հարաբերություններ, որոնց խախտումը հակասում է հասարակության գոյության պայմաններին, խախտում է հանրության կենսագործունեության համար անհրաժեշտ հասարակական հարաբերությունները: Ուստի, կարծում ենք, նպատակահարմար չէ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր լրացվող 423.1-ին հոդվածով նախատեսված արարքը դիտարկել հանցանք եւ նրա համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Անհասկանալի է նաեւ, թե որն է այդ հանցագործության օբյեկտը եւ ինչի հիման վրա է այն «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում դիտարկվել որպես սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն՝ ներառվելով Հայաստանի Հանրապետության քրական օրենսգրքի 42-րդ գլխում՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ քննիչ հանձնաժողովը չի ձեւավորվում միայն պաշտպանության եւ անվտանգության բնագավառներին վերաբերող հարցերով:

Ավելին, համապատասխան իրավասու պաշտոնատար աձինք ի պաշտոնե պարտավոր են ներկայանալ քննիչ հանձնաժողովի նիստերին, իսկ համապատասխան պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կարող է գնահատվել որպես պաշտոնական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանք: Միաժամանակ նշենք, որ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն սահմանված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով (հոդված 446-րդ մաս 1-ին՝ պաշտոնեական անփութություն՝ երբ պաշտոնատար անձը անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել այն գործողությունները, որոնք մտնում են նրա պարտականությունների մեջ, ընդ որում նշված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է էական վնասը անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին): Ընդ որում ցանկանում ենք շեշտադրել, որ մեր կողմից մատնանշված ընդհանրական նորմի կողքին կազուսային դեպքերի ամրագրման պարագայում պաշտոնատար անձանց կողմից պարտադիր կատարմանը ենթակա յուրաքանչյուր գործողություն, պետք է պարունակի այն ոչ պատշաճ իրականացնելու կամ չիրականացնելու բացասական հետեւանք:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 189.10-րդ հոդվածը սահմանում է վարչական պատասխանատվություն պետական մարմնին (պաշտոնատար անձին) իր օրինական գործունեության համար անհրաժեշտ օրենքով նախատեսված տեղեկությունը (տվյալը) չտրամադրելու կամ սահմանված ժամկետում չտրամադրելու կամ ոչ լրիվ ծավալով տրամադրելու կամ աղավաղված տեսքով տրամադրելու կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելու համար: Ոստի վկայակոչված նորմը տեսականորեն երաշխավորում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ տիրապետող նախկին պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականության կատարումը:

7. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «եւ (կամ)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջները:

8. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 22-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում առաջարկում ենք հանել «հանձնաժողովի նիստերից դուրս» արտահայտությունը, քանի որ վերջինս առաջացնում է շփոթ քննիչ հանձնաժողովի գործունեության ձեւաչափի մասին: Ուստի առաջարկում ենք «հանձնաժողովի նիստերից դուրս» արտահայտության փոխարեն հղում կատարել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին՝ ձեւակերպելով այն հետեւյալ կերպ. «3) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով հանձնաժողովի գրավոր դիմումի հիման վրա հանձնաժողովին տրամադրել վերջինիս իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ (պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին), եթե (…):»:

9. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել վերջինիս հերթական համարը, այն է՝ «ՀՕ-199-Ն» ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները առ այն, որ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:

10. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նոր լրացվող 423.1-ին հոդվածի համարը վերնագրի տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանաված պահանջը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում առկա են Սահմանադրության 65-րդ հոդվածի տեսանկյունից խնդրահարույց նորմեր:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, «Ոստիկանության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

18.07.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

18.07.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարել լրացումներ, որոնց համաձայն ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին ներկայանալու եւ տեղեկություններ տրամադրելու պարտականություն է սահմանվում ոչ միայն պաշտոնավարող պաշտոնատար անձանց, այլեւ նախկին պաշտոնատար անձանց համար, իսկ այդ պարտականությունը անհարգելի պատճառով չկատարելու համար առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն: 

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

14.07.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ քննիչ հանձնաժողով կարող են հրավիրվել ինչպես գործող իրավասու պաշտոնատար անձինք, այնպես էլ նախկին  իրավասու պաշտոնատար անձինք, ովքեր տիրապետում են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունների: Քննիչ հանձնաժողով հրավիրված կամ քննիչ հանձնաժողովի հարցման ենթարկված իրավասու պաշտոնատար անձինք եւ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ տիրապետող նախկին իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի համապատասխան նիստին եւ տրամադրել վերջինիս իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ քրեական պատասխանատվություն նախատեսել քննիչ հանձնաժողովի հրավերով անհարգելի պատճառով հանձնաժողովի համապատասխան նիստերին չներկայանալու կամ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելուց (հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելուց) ապօրինի հրաժարվելու համար:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ՝                                                     Ա.ԳԱԼՍՏՅԱՆ

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

19.07.2023թ.