ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հաայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-637-11.07.2023-ԱԱ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-637-11.07.2023-ԱԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
24.07.2023թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 2-րդ մասից առաջարկում ենք հանել «(անկախ սեփականության ձեւից եւ կազմակերպաիրավական տեսակից)» արտահայտությունը, քանզի Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն եւ գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական եւ սեփականության ձեւից, գործունեության բնույթից եւ տեսակից եւ ֆիզիկական անձը:»: Ընդսմին, այլեւս չկա անհրաժեշտություն նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 3-րդ մասում այդ արտահայտությունը կրկնելու, քանի որ այն վերաբերելի է բոլոր գործատուներին: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակահատվածներում աշխատանքային պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, այդ թվում՝ հեռավար եղանակով, գործատուն աշխատողի պահանջով տրամադրում է ամենամյա արձակուրդ՝ առկայության դեպքում: Սակայն չկարգավորված են շարունակում մնալ այն իրավիճակները, երբ աշխատողը այդպիսի պահանջ չի ներկայացնում կամ առկա չէ չօգտագործված ամենամյա արձակուրդ, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումն, այդ թվում՝ հեռավար եղանակով անհնար է: Ուստի առաջարկում ենք Նախագիծը լրամշակել՝ վերացնելով մեր կողմից մատնանշված «իրավական վակումները»: 3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 9-րդ հոդվածում առաջարկվում է Հայաստանի Հանրապետությում սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունում կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված առանձնացված ստորաբաժանումներում կամ հիմնարկներում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հեռավար աշխատող օտարերկրացիների համար արգելափակել Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի դրույթը (որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության կախվածությունը ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետից): Այսինքն, Նախագիծը պարտադիր պայման է համարում Հայասատանի Հանրապետությունում գրանցված գործատուի եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հեռավար աշխատող օտարերկրացի աշխատողի միջեւ անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում՝ այլեւս դրա գործողությունը կախվածության մեջ չպահելով կացության կարգավիճակի վավերականության ժամկետից: Սակայն հեռավար աշխատանքի վերաբերյալ Նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն են տալիս հեռավար աշխատելու վերաբերյալ գրավոր համաձայնության գալ գործատուի հետ ոչ միայն աշխատանքային պայմանագիրը կնքելիս, այլեւ հետո՝ երբ աշխատանքային պայմանագիրը արդեն իսկ կնքված լինի որոշակի ժամկետով: Ավելին, Նախագծի 3-րդ հոդվածով օրենքին տրվում է հետադարձ ուժ, ըստ որի օրենքը տարածում կունենա նաեւ արդեն իսկ գոյություն ունեցող եւ գործող որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի վրա: Տվյալ պարագայում, Նախագծով առաջարկվող կարգավորման շրջանակներում, արդեն անհասկանալի է, թե ինչ կարգավիճակ է ստանում գործատուի եւ հեռավար աշխատող օտարերկրացու միջեւ արդեն իսկ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը, քանզի Նախագծով առաջարկվող կարգավորումը վերաբերում է միայն այն իրավիճակին, երբ հեռավար աշխատանքի վերաբերյալ համաձայնությունը առկա է աշխատանքային պայմանագրի կնքման պահին, իսկ մյուս իրավիճակների վերաբերյալ տալիս է տարաբնույթ մեկնաբանությունների առիթ, այսինքն, իրավունքի սուբյեկտների համար նորմը չի հանդիսանում հստակ եւ որոշակի: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Ուստի առաջարկում ենք Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 9-րդ մասը լրամշակել՝ համապատասխանեցնելով այն իրավական որոշակիության պահանջներին: 4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 3-րդ հոդվածով նախատեսվում է՝ «Աշխատանքը հեռավար կատարելու մասին կողմերի համաձայնությունը ձեւակերպվում է գրավոր, որն աշխատանքի էական պայմանների փոփոխություն չի համարվում:»: Նախադասության շարադասական կառուցվածքից պարզ չէ, թե ինչը չի համարվում աշխատանքի էական պայմանների փոփոխություն՝ հեռավար աշխատանքը, թե դրա մասին գրավոր համաձայնությունը: Ուստի հստակությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք «, որն աշխատանքի էական պայմանների փոփոխություն չի համարվում:» միտքը տեղափոխել եւ լրացնել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 1-ին մասում՝ «ներկայանալու» բառից հետո: 5. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 106.1-ին հոդվածի 9-րդ հոդվածում «իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունում» առաջարկվում է փոխարինել «կազմակերպությունում», քանի որ բոլոր կազմակերպությունները հանդիսանում են իրավաբանական անձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսնակյունից: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Օտարերկրացիների մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 24.07.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 24.07.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները եւ աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ (պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները), քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է: Նախագծով առաջարկվում է սահմանել «հեռավար աշխատանք» եզրույթը, ինչպես նաեւ հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռք բերման հետ կապված ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում նշել, որ ակնհայտ է ոչ միայն մասնավոր, այլեւ պետական հատվածի համար սահմանվող իրավակարգավորումների գործելու փաստը (Նախագծի հիմնավորման մեջ բառացիորեն նշվում է, որ. «Նշված, ինչպես նաեւ նախագծով առաջարկվող այլ կարգավորումները գործելու են ինչպես մասնավոր, այնպես էլ՝ պետական հատվածի գործատուների համար:»): Այս կապակցությամբ, ինչպես նաեւ տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք հեռավար աշխատանքի կիրառման հնարավորությունն ու առանձնահատկությունները (մասնավորապես՝ հանրային ծառայողների համար աշխատանքային պայմանագրերի բացակայությունը) ամրագրել նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքում: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 18.07.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչը պայմանավորված է աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն եւ արդի մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ: Ներկայում՝ Հայաստանի Հանրապետությունում հեռավար եղանակով աշխատանքի իրականացում սահմանված է միայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածների համար: Ըստ հեղինակի, աշխատանքի կազմակերպման այս եղանակը ներկայում մեծ պահանջարկ ունի, հետեւաբար անհրաժեշտ է ճկուն մեխանիզմներ սահմանել Օրենսգրքում նաեւ այն դեպքերի համար, որոնք պայմանավորված չեն արտակարգ բնույթ կրող դեպքերով: Նախագծով առաջարկվել է «հեռավար աշխատանք» եզրույթի սահմանումը՝ «հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունների կատարումն է առանց աշխատանքի վայր ներկայանալու»: Նախագծով նախատեսվել են նաեւ հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռք բերման հետ կապված ծախսերի փոխհատուցմանը վերաբերող հարցերը: Ըստ էության, ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր: Մասնավորապես, գործատուները եւ աշխատողները կունենան ոչ պակաս բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԳԱԼՍՏՅԱՆ (հեռ. 011-513-235), (12-35) 21.07.2023թ.
|