ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-640-14.07.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Նարեկ Ղահրամանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-640-14.07.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

25.07.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքին (այսուհետ՝ Օրենք) հղում կատարելիս անհրաժեշտ է նշել դրա լրիվ անվանումը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը ապահովելու նպատակով: Հատկանշական է, որ Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի վերնագրից հետո նշել դրա ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, ինչպես նաեւ շտկել Նախագծի 1-ին հոդվածում նշված Օրենքի հերթական համարը՝ «ՀՕ-172» համարը փոխարինելով «ՀՕ-60» համարով:

2. Նախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Նույն դրույթով ղեկավարվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «լրացնել հետեւյալ բովանդակությամբ.» բառերը եւ կետադրական նշանը:

3. Նախագծի 2-րդ հոդվածում Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում նշված բառակապակցությունները մեջբերելիս առաջարկում ենք չակերտներից հանել «--» նշանները՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում նման նշաններ ընդհանրապես կիրառված չեն:

4. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում «արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծեծախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ» եւ «թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ վաճառքի» բառերը հանվում են Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունից եւ նշվում են երկրորդ պարբերությամբ: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված է, որ Նախագիծը նպատակ է հետապնդում (մեջբերում) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել լրացում, որի արդյունքում Տեսչական մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացվող բոլոր ստուգումները կիրականացվեն առանց ստուգման հրամանի նախապես ծանուցման»: 

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված է. «Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ»: Դրանից բխում է, որ ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին ծանուցելու պահանջը չի տարածվում «բացառությամբ» բառից հետո նշված դեպքերի նկատմամբ, այդ թվում՝ արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծեծախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ վաճառքի հետ կապված ստուգումների նկատմամբ: Այսինքն՝ Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծեծախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ վաճառքի հետ կապված ստուգումները ներկայումս իրականացվում են առանց դրա մասին նախապես ծանուցելու: 

Ավելին՝ Նախագծի 1-ին հոդվածով նշված բառերը Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանելու արդյունքում հնարավորություն է ընձեռնվում արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ վաճառքի հետ կապված ստուգումներն իրականացնել առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին ծանուցելուց հետո: Այսպես՝ Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված է իմպերատիվ պահանջ՝ «բացառությամբ» բառից հետո նշված դեպքերում ստուգումներ իրականացնել առանց նախապես դրա մասին ծանուցման: Նույն մասի երկրորդ պարբերությամբ նշված է. «Չափագիտական վերահսկողություն կարող է իրականացվել նաեւ առանց ստուգման հրամանի նախապես ծանուցման»: Նշված պարբերությունում «կարող է իրականացվել նաեւ» բառերի կիրառությունը փաստում է այն մասին, որ այդ դրույթն ունի հայեցողական բնույթ, այսինքն՝ ստուգումը կարող է իրականացվել նախապես դրա մասին ծանուցելով կամ առանց ծանուցման: Հետեւաբար «արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծեծախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ» եւ «թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ վաճառքի» բառերն այդ պարբերությունում սահմանելու արդյունքում այդ ստուգումներն առանց ծանուցման իրականացնելու փոխարեն այսուհետ կարող են իրականացվել նաեւ առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին ծանուցելով: Այսինքն՝ Նախագիծը ոչ միայն չի արտացոլում դրան կից ներկայացված հիմնավորմամբ նշված նպատակը, այլեւ հանգեցնում է դրա հակառակ արդյունքին:

Միաժամանակ նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «--թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ վաճառքի--» բառերը, մինչդեռ Օրենքի նշված պարբերությունում «մանրածախ վաճառքի» բառակապակցություն առկա չէ:

5. Նախագծի 3-րդ հոդվածում նշված է.

«Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասը լրացնել 10)-րդ կետով: Հաջորդ պարբերության «1-9» արտահայտությունը փոխարինել «1-10» արտահայտությամբ :

«10) ստուգում իրականացնող պետական մարմինը հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների  վերաբերյալ ստացել է (այդ թվում՝ երրորդ անձից, թեժ գծով ստացված) տեղեկություններ:«Թեժ գիծ» հասկացողության իրավական սահմանումը եւ դրա գործածության կանոնակարգումն իրականացնում է ՀՀ կառավարությունը»:

Սույն մասի 1-10-րդ կետերով նախատեսված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:»:

Վերը մեջբերված նորմին անհրաժեշտ է անդրադառնալ մի քանի տեսանկյուններից:

5.1. Նախ՝ նշենք, որ Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանվում են դեպքեր, որոնց վրա չեն տարածվում ստուգումների իրականացման ժամկետների վերաբերյալ սահմանափակումները: Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է այդ դեպքերի շարքում լրացնել նոր դեպք՝ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների  վերաբերյալ տեղեկություններ (այդ թվում՝ երրորդ անձից, թեժ գծով ստացված) ստանալը: Հարկ է նկատել, որ նմանատիպ դեպք արդեն իսկ առկա է Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի գործող կարգավորումներով: Այսպես՝ Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետով նշված է. «ստուգում իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն`

ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին,

բ. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մասին,

գ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են)»: Վերը մեջբերված դրույթից բխում է, որ Օրենքի գործող կարգավորումներով սահմանված է՝ ստուգում իրականացնող պետական մարմինը պարտավոր է ստուգում իրականացնել երրորդ անձանցից իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում: Ավելին՝ Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետով նշված դեպքը շատ ավելի հստակ եւ որոշակի բնույթ ունի, քան Նախագծով լրացվող նոր դեպքը, հետեւաբար առաջարկում ենք Նախագծով առանձին դեպք սահմանելու փոխարեն Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետում նշված տեղեկություն ստանալու աղբյուրների շարքում լրացնել նաեւ «Թեժ գծով» հաղորդում ստանալու դեպքը, հակառակ պարագայում՝ Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետով նշված դեպքն այլեւս չի կիրառվի: Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում լրացվող նոր՝ 10-րդ կետի համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի վերջին պարբերությանը, որով նշված է. «Այն դիմումները, որոնցով հնարավոր չէ ճշտել դիմումատուի անձը, ինչպես նաեւ սույն հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստերի մասին տվյալներ չպարունակող դիմումները ստուգում անցկացնելու հիմք չեն կարող լինել»: Նշենք, որ անհրաժեշտ է ապահովել «Թեժ գծով» կատարվող հաղորդումների համապատասխանությունը Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի վերջին պարբերությամբ նշված պահանջին՝ նախատեսելով համապատասխան կարգավորումներ:

5.2. Երկրորդ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է կատարել մեկ փոփոխություն եւ մեկ լրացում Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի տարբեր պարբերություններում, առաջարկում ենք դրանց վերաբերյալ կարգավորումները սահմանել ոչ թե մեկ միասնական մասով, այլ առանձին մասերով:

5.3. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում ցանկացած հոլովաձեւով նշված «արտահայտություն» բառերը փոխարինել «թվեր» բառերով՝ համապատասխան հոլովաձեւով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը:

5.4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում լրացվող 10-րդ կետի երկրորդ նախադասությունը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի մի շարք դրույթներին: Այսպես՝ քննարկվող նախադասությամբ նախատեսվում է Կառավարությանը լիազորել սահմանել «թեժ գիծ» հասկացությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է անդրադառնալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: Մեջբերված նորմից բխում է, որ նորմատիվ իրավական ակտերում կիրառվում են կա՛մ հանրածանոթ, կա՛մ նորմատիվ իրավական ակտերով սահմանված հասկացություններ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «թեժ գիծ» հասկացությունը հանրածանոթ է՝ այն սահմանելու կարիք չկա, հետեւաբար առաջարկում ենք քննարկվող նախադասությունից հանել «հասկացողության իրավական սահմանումը եւ դրա» բառերը:  Բացի այդ՝ հարկ է նկատել, որ քննարկվող նախադասությունն իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենքի 4-րդ հոդվածի վերնագրին, ինչը խնդրահարույց է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջի տեսանկյունից: Միաժամանակ առաջարկում ենք քննարկվող նախադասության մեջ նշված «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»:

5.5. Առաջարկում ենք քննարկվող նորմի վերջին պարբերությունը հանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող նորմի 2-րդ նախադասությամբ արդեն իսկ նշված է, թե ինչ փոփոխություն պետք է կատարվի Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի նախավերջին պարբերությունում, հետեւաբար այդ պարբերությունը՝ դրանում կատարված փոփոխությամբ, Նախագծում սահմանելն ավելորդ է: 

6. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում լրացվող 10-րդ կետի երկրորդ նախադասությունից բխում է, որ Կառավարությունը պետք է ընդունի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ՝ առաջարկում ենք Նախագծում ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի պահպանումը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Նախագծի ամբողջ տեքստում առկա են մի շարք վրիպակներ, շարադասության խնդիրներ, դասական թվականների ոչ ճիշտ գրության ձեւեր: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի ամբողջ տեքստը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

25.07.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

25.07.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում, որով կարգավորվում է առանց պատշաճ ձեւով ծանուցման ստուգումների իրականացումը:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ». «թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ վաճառքի» ու «եւ օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման» բառակապակցությունները: Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Միաժամանակ, ներկայացված են գործունեության այն  տեսակները, որոնց վրա, որպես բացառություն, չի տարածվում նախապես ծանուցման պահանջը: Հետեւաբար, երբ Նախագծով նշված բացառությունների շարքից հանվում են «արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծեծախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ». «թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ վաճառքի» ու «եւ օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման» բառակապակցությունները, ապա ստացվում է, որ ստուգող մարմինը գործունեության նշված տեսակների մասով ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ծանուցելու պարտավորություն է ունենում: 

Միաժամանակ, ըստ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման, սահմանվում է, որ. «արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, տնտեսվարող սուբյեկտի կողմից շուկայացված ոչ պարենային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն կարող է իրականացվել նաեւ առանց ստուգման հրամանի նախապես ծանուցման:» Այսինքն, ներկայացված տեսքով Նախագծի ընդունման դեպքում կստացվի, որ Նախագծով գործունեության նույն (նշված) տեսակի մասով ստուգումներ կարող են իրականացվել ինչպես նախապես ծանուցմամբ, այնպես էլ առանց դրա: Այս պարագայում, կարծում ենք, վերջինիս մասով պետք է հստակ սահմանվեն այն դեպքերը եւ հիմքերը, երբ ստուգումը կարող է իրականացվել առանց նախնական ծանուցման, այլապես՝ կառաջանա որոշակի խառնաշփոթ, ինչ որ առումով՝ նաեւ հակասություն Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերությունների միջեւ:

2. Նախագծին կից հիմնավորմամբ դրա ընդունման անհրաժեշտությունը ներկայացվում է միայն չափագիտական վերահսկողության մասով եւ որեւէ անդրադարձ չկա Նախագծում տեղ գտած գործունեության մյուս տեսակի՝ արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ ստուգումների իրականացմանը: Նախագծի հեղինակների կարծիքով, «ստուգումը սկսելուց առաջ տնտեսվարող սուբյեկտին ստուգման հրամանի կամ հանձնարարագրի մասին տեղեկացնելու նորմը հնարավորություն է ընձեռում, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին, թերությունները վերացնեն եւ իրենց վարքագիծը սահմանված նորմերին համապատասխանեցնեն միայն ստուգման օրերին:»: Այսինքն, Նախագծի հիմնավորումից բխում է, որ դրա ընդունման նպատակը արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ վաճառքի եւ օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման ստուգումների գծով նախապես ծանուցման պահանջի վերացումն է: Վերջինիս կարիքը, մեր համոզմամբ չկա, քանի որ գործող իրավակարգավորումներով գործունեության այդ տեսակների մասով նախապես ծանուցման պահանջ սահմանված չէ: Ավելին, Նախագծի ընդունման դեպքում հենց կառաջանա նախապես ծանուցման պահանջ, ինչը կհակադրվի հիմնավորման մեջ Նախագծի հեղինակների արտահայտած այն մտահոգությանը, որ ստուգումը սկսելուց առաջ տնտեսվարող սուբյեկտին ստուգման հրամանի կամ հանձնարարագրի մասին տեղեկացնելու նորմը հնարավորություն է ընձեռում տնտեսվարող սուբյեկտներին,  նախապես տեղեկանալով ստուգման մասին, վերացնել թերությունները:

3. Եթե օրենսդրական նախաձեռնության նպատակը Նախագծով նշված գործունեության տեսակների մասով նախապես ծանուցման պահանջի վերացումն է (ինչը ենթադրվում է Նախագծի հիմնավորումից), ապա, ինչպես արդեն նշվեց, դրա կարիքը չկա, քանի որ գործող իրավակարգավորումներով նման պահանջ չկա: Եթե Նախագծի հեղինակների նպատակը գործունեության այդ տեսակների մասով նախապես ծանուցման պահանջի սահմանումն է (ինչը բխում է բուն Նախագծում տեղ գտած ձեւակերպումներից), ապա դա բավականաչափ խնդրահարույց է ու լրացուցիչ հիմնավորումների կարիք ունի: Այսպես, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ ստուգումների մասին նախապես չծանուցելու պահանջը սահմանվել է 01?07?2021 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքով, որը Կառավարության կողմից հիմնավորվել է նրանով, որ դա գործունեության նոր ոլորտ է, դրա նկատմամբ վերահսկողության փորձարկված մեխանիզմներ դեռեւս առկա չեն, ինչպես նաեւ կան ոլորտի առանձնահատկությունից բխող այլ օբյեկտիվ ռիսկեր: Պայմանավորված դրանով, ինչպես նաեւ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ,  սահմանվել է, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ անցկացվող ստուգումն իրականացվում է առանց ծանուցման:  Այս պարագայում հարց է առաջանում, արդյո՞ք արդեն իսկ վերացել կամ կառավարելի են դարձել այդ ռիսկերը, որ առաջարկվում է տվյալ ոլորտի ստուգումներն իրականացնել նախնական ծանցումամբ:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումների տեսանկյունից:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

21.07.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

1. Նախագծի 2-րդ հոդվածով, հեղինակներն առաջարկում են, նախ՝ Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել հետեւյալ բառակապակցությունները՝

- «…արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ»,

- «…թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման, մանրածախ վաճառքի…»,

- «…եւ օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման…»,

այնուհետեւ, Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «Չափագիտական» բառից հետո ավելացնել «, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, տնտեսվարող սուբյեկտի կողմից շուկայացված ոչ պարենային արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ» նախադասությունը:

Առաջարկվող իրավակարգավորումներով, հեղինակները նպատակ ունեն գործունեության նշված ոլորտներում ստուգումների իրականացման իրավասություն վերապահել համապատասխան մարմիններին՝ նաեւ առանց նախապես ծանուցման: Այսինքն, վերացնել ստուգումը սկսելուց առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը, քանի որ, ըստ Նախագծի հեղինակների, տնտեսվարող սուբյեկտին ստուգման հրամանի կամ հանձնարարագրի մասին տեղեկացնելու նորմը հնարավորություն է տալիս, նախապես տեղեկանալով ստուգման մասին, վերացնել թերությունները:

Նախագծի ընդունման դեպքում, մեր կարծիքով, կառաջանա հակասություն՝ պայմանավորված հետեւյալով: Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության արդյունքում կստացվի, որ արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման, մանրածախ վաճառքի եւ օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման գծով ստուգումները կիրականացվեն նախապես ծանուցման պայմանով, իսկ 1-ին հոդվածով առաջարկվող լրացման արդյունքում՝ նաեւ առանց նախապես ծանուցման:

2. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասը լրացնել նոր կետով, ըստ որի՝ Օրենքով սահմանված ստուգումների հաճախականության սահմանափակումները չեն կիրառվում, եթե ստուգում իրականացնող պետական մարմինը հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների հնարավոր խախտումների վերաբերյալ ստացել է (այդ թվում՝ երրորդ անձից, թեժ գծով ստացված) տեղեկություններ: «Թեժ գիծ» հասկացության իրավական սահմանման եւ դրա գործածության կանոնակարգման պարտավորությունը Նախագծով վերապահված է ՀՀ կառավարությունը: Կարծում ենք, որ տվյալ դրույթի կարիքը չկա, քանի որ Օրենքի 4-րդ հոդվածի 3?1? մասի 2-րդ կետով սահմանվում է, որ ստուգումների հաճախականության սահմանափակումը չի կիրառվում, եթե. 

«2) ստուգում իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն` 

ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին, 

բ. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մասին, 

գ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են:»: 

Կարծում ենք, որ սա առավել լայն իրավակարգավորում է եւ իր մեջ ընդգրկում է նաեւ Նախագծով հետապնդվող խնդրի լուծումը:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի՝ նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

(հեռ. 011-513-235), (12-35)

24.07.2023թ.