ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-641-17.07.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-641-17.07.2023-ՖՎ-011/0)   (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

25.07.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը լրացվում է նոր 1.1-ին կետով, որի համաձայն. «1.1) նոտարների եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի նկատմամբ՝ նաեւ նվիրատվության գործարքների մասով՝ անկախ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված չափերից.»:

Վերոնշյալ իրավակարգավորմամբ նվիրատվության գործարքների մասով հաշվետվություն ներկայացնելու պարտականություն է սահմանվում նոտարների եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի համար: Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվող լրացումը միեւնույն գործարքի վերաբերյալ միեւնույն հաշվետվությունը ներկայացնելու պարտականություն է սահմանում եւ՛ նոտարների, եւ՛ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի համար:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում սահմանված է «գործարք» հասկացությունը, այն է. «9) գործարքը հաշվետվություն տրամադրող անձի եւ հաճախորդի կամ լիազորված անձի միջեւ, ինչպես նաեւ հաճախորդի կամ լիազորված անձի եւ այլ անձի միջեւ գործարքն է, որը կատարվում է հաշվետվություն տրամադրող անձի միջոցով կամ հանդիսանում է հաշվետվություն տրամադրող անձի ուսումնասիրության (դիտարկման) առարկա: Գործարք կարող է համարվել նաեւ որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ եւ պարտականություններ առաջացնող, փոփոխող կամ դադարեցնող յուրաքանչյուր գործողություն.»: Այսպես՝ Օրենքի տեսանկյունից «գործարք» հասկացությունը բացահայտվում է ոչ միայն որպես հաշվետվություն տրամադրող անձի կողմից կատարվող, այլ նաեւ հաշվետություն տրամադրող անձի ուսումնասիրության առարկա հանդիսացող, որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ եւ պարտականություններ առաջացնող, փոփոխող կամ դադարեցնող յուրաքանչյուր գործողություն: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է. «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում: (…)»: Հիմք ընդունելով վերոնշյալ իրավադրույթները՝ նշենք, որ նոտարի կողմից նվիրատվության պայմանագրի վավերացումը նոտարի համար առաջացնում է տվյալ նվիրատվության գործարքի մասով հաշվետվություն ներկայացնելու պարտականություն: Միեւնույն ժամանակ նոտարական կարգով վավերացված նվիրատվության պայմանագրից ծագող իրավունքները նոտարական վավերացման օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա են պետական գրանցման անշաժ գույքի պետական միասնական կադաստրում, ինչը հաշվետվություն ներկայացնելու պարտականություն է առաջացնում անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի համար: Ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված լրացման ձեւակերպումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

21.07.2023թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

21.07.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համար սահմանել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով Լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն, ինչպես նաեւ հանել այդ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորումներից չբխող նախադասությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

24.07.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Ներկայացված Նախագծով, հեղինակն առաջարկում է նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համար, Օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (Լիազոր մարմին) հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն սահմանել: 

Ըստ էության, Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը կամ նոտարները սահմանված կարգով Լիազոր մարմնին ներկայացվող իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաեւ  նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկություններ՝ հետագայում դրանց մոնիթորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաեւ առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման նպատակով:

Նախագծի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, արդյունքում՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն առավել արդյունավետ կդառնա:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

(հեռ. 011-513-235), (12-35)

25.07.2023թ.