ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-643-01.08.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-643-01.08.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետում կատարել լրացում, որի արդյունքում սահմանվում է կարգավորում առ այն, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորներն այսուհետ ստանալու են լրացուցիչ աշխատավարձ: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ բացի Նախագծի 1-ին հոդվածում նշված դատավորներից, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի գործող կարգավորումների համաձայն, լրացուցիչ աշխատավարձ ստանում են նաեւ վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի) եւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոն զբաղեցնող անձինք: Այսպես՝ հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերը՝ կարող ենք փաստել, որ, Օրենքի գործող կարգավորումների համաձայն, կոնկրետ դատարանների դատավորների համար լրացուցիչ աշխատավարձ սահմանելիս հստակ նշվում է՝ արդյոք նշված դատարանների նախագահները նույնպես ստանում են լրացուցիչ աշխատավարձ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ Նախագծով կատարվող լրացումների ձեւակերպումներից հասկանալի չէ՝ արդյոք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի նախագահների համար նույնպես սահմանվում է լրացուցիչ աշխատավարձ ստանալու հնարավորություն, հետեւաբար այդ տեսանկյունից առաջարկում ենք կատարել համապատասխան հստակեցում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով Օրենքում կատարվող լրացումներին:

Միաժամանակ՝ Նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք «5.1.-րդ» ձեւակերպումը փոխարինել «5.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

04.08.2023թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

04.08.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագիծն ուղղված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայմանը: Մասնավորապես, առաջարկվում է 60% հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորների համար՝ դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն ապահովելու նպատակով: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                        Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 

(հեռ.՝ 011 513-603) 

08.08.2023թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման, ինչպես նաեւ դատավորի անկախությունը երաշխավորելու, առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու հանգամանքով:

Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն:

Նշենք, որ Օրենքում նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում հավելում է սահմանվել հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, վերանայվել են նաեւ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափերը:

 Որպես նշված փոփոխությունների տրամաբանական շարունակություն՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաեւ դատական համակարգում ծանրաբեռնվածության մեծ բեռ կրող առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության չափը:

Այսպիսով, Նախագծով առաջարկվում է 60% հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորների համար՝ ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը: 

Նախագիծն ընդունվելու արդյունքում կվերացվեն նաեւ համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

15.08.2023թ.