ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-647-10.08.2023-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6471 -10.08.2023-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6472 -10.08.2023-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6473 -10.08.2023-ՏՀ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6474 -10.08.2023-ՏՀ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6475 -10.08.2023-ՏՀ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6476 -10.08.2023-ՏՀ-011/0) եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6477 -10.08.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-647-10.08.2023-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6471 -10.08.2023-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6472 -10.08.2023-ՏՀ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6473 -10.08.2023-ՏՀ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6474 -10.08.2023-ՏՀ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6475 -10.08.2023-ՏՀ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6476 -10.08.2023-ՏՀ-011/0) եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6477 -10.08.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
01.09.2023թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքով կարգավորվում են զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմունքները, գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջների, ֆիզիկական անձանց հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման եւ պաշտպանության, զբոսաշրջային փաթեթի պայմանագրի կնքման, կատարման եւ դադարման հետ կապված հարաբերությունները»: Հարկ է նկատել, որ վերը մեջբերված կարգավորման առարկան մասամբ չի արտացոլում Նախագծով կարգավորվող հարաբերությունները: Մասնավորապես՝ Նախագծում սահմանված չեն ֆիզիկական անձանց ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման եւ պաշտպանության, զբոսաշրջային փաթեթի պայմանագրի դադարման հետ կապված հարաբերությունների վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված կարգավորման առարկան համապատասխանեցնել Նախագծով կարգավորվող հարաբերություններին: 2. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում են Նախագծում օգտագործվող հիմնական հասկացությունները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում բազմիցս կիրառվում է «զբոսաշրջային գործունեություն» հասկացությունը՝ կարծում ենք՝ անհրաժեշտ է Նախագծի 3-րդ հոդվածով սահմանել նաեւ այդ հասկացությունը: 3. Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է. «զբոսաշրջություն՝ ճանաչողական, հանգստի, հարազատներին այցելության, առողջարարական, վերականգնողական, գործնական, կրթական, կրոնական, բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային, բնապահպանական գործառնական նշանակության եւ այլ բնույթի միջոցառումներին մասնակցելու եւ այլ նպատակներով մինչեւ 1 տարի ժամկետով ճանապարհորդություն՝ հիմնական կացության վայրից այլ վայր»: Հարկ է նկատել, որ վերը մեջբերված դրույթի բովանդակությունից հասկանալի չէ՝ արդյոք «վերականգնողական» բառը կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով կիրառվող «վերականգնողական» բառի իմաստով, եթե այո, ապա նշենք, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է. «բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական եւ ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցում»: Ինչից բխում է, որ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու մեջ արդեն իսկ ներառված են վերականգնողական միջոցառումները, հետեւաբար դրա վերաբերյալ առանձին նշում կատարել, կարծում ենք, անհրաժեշտ չէ: 4. Նախագծի 3-րդ հոդվածի 20-րդ կետով սահմանված է. «զբոսաշրջային օպերատոր՝ իրավաբանական անձ, որն անմիջականորեն կամ զբոսաշրջային գործունեության այլ սուբյեկտի միջոցով կամ, զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի հետ համատեղ հանդես գալով, համակցում եւ իրացնում է կամ առաջարկում է զբոսաշրջային փաթեթ կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայություններ կամ փոխանցում է զբոսաշրջիկի տվյալները զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի՝ համաձայն սույն հոդվածի 13-րդ կետի ե) համարակալված պարբերության»: Նշենք, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ այս հարցին անդրադարձ չկատարելու պարագայում հասկանալի չէ, թե ինչու է Նախագծով սահմանվում, որ զբոսաշրջային օպերատոր կարող է լինել միայն իրավաբանական անձը, եթե «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է, որ զբոսաշրջային օպերատոր կարող է լինել թե՛ իրավաբանական անձը, թե՛ անհատ ձեռնարկատերը: Այսպես՝ «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի գործող կարգավորումների հիման վրա ներկայումս զբոսաշրջային օպերատորի գործունեություն են իրականացնում նաեւ անհատ ձեռնարկատերերը: Նախագծի անցումային դրույթներում ներկայումս զբոսաշրջային օպերատոր հանդիսացող անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ որեւէ կարգավորում չսահմանելու պարագայում հասկանալի չէ, թե ինչպես է կարգավորվելու ներկայումս որպես անհատ ձեռնարկատեր գործող օպերատորների գործունեությունը Նախագծի ընդունումից հետո: 5. Նախագծի 3-րդ հոդվածի 34-րդ կետով սահմանված է. «զբոսաշրջային գյուղ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նշանակալի զբոսաշրջային ռեսուրսներ պարունակող գյուղական բնակավայր», նույն հոդվածի 30-րդ կետով սահմանված է. «զբոսաշրջային կենտրոն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նշանակալի զբոսաշրջային ռեսուրս պարունակող բնակավայր, վարչական շրջան կամ վարչատարածքային միավոր, ինչպես նաեւ դրանց համախումբ»: Նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածի 30-րդ կետում «զբոսաշրջային կենտրոն» հասկացության սահմանման մեջ «բնակավայր, վարչական շրջան կամ վարչատարածքային միավոր, ինչպես նաեւ դրանց համախումբ» բառերի կիրառության արդյունքում գյուղական բնակավայրերն արդեն իսկ ընդգրկված են «զբոսաշրջային կենտրոն» հասկացության մեջ: Հետեւաբար Նախագծում զբոսաշրջային կենտրոնի եւ զբոսաշրջային գյուղի վերաբերյալ իրարից տարբեր կարգավորումների բացակայության պարագայում հասկանալի չէ «զբոսաշրջային գյուղ» հասկացությունն առանձին սահմանելու անհրաժեշտությունը: 6. Նախագծի 3-րդ հոդվածի 35-րդ կետով սահմանված է. «հյուրանոցային տնտեսության օբյեկտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված օբյեկտներից յուրաքանչյուրը»: Հարկ է նկատել, որ նշված դրույթից հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «հյուրանոցային տնտեսության օբյեկտ» հասկացությունը, հետեւաբար հստակ չէ, թե Կառավարությունը կոնկրետ ինչ չափանիշներ հաշվի առնելով պետք է սահմանի հյուրանոցային տնտեսության օբյեկտները: Առաջարկում ենք Նախագծում սահմանել Կառավարության համար ուղորդող որոշակի չափանիշներ, որոնց հիման վրա վերջինիս կողմից կարող են սահմանվել հյուրանոցային տնտեսության օբյեկտները: 7. Նախագծի 4-րդ հոդվածով սպառիչ թվարկված են Կառավարության լիազորությունները զբոսաշրջության բնագավառում, մինչդեռ Նախագծի այլ հոդվածներում սահմանված են Կառավարության՝ 4-րդ հոդվածով չնշված լիազորություններ: Ինչպես օրինակ՝ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության իրավասությունը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում լրացնել Նախագծով սահմանված եւ դրանում չընդգրկված Կառավարության բոլոր լիազորությունները կամ լրացնել նոր կետ առ այն, որ Կառավարությունն իրականացնում է Նախագծով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ: 8. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է, որ Կառավարությունը «հաստատում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակները, դրանց կառավարման եւ շահագործման առանձնահատկությունները հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ այդ օբյեկտներում մատուցվող ծառայությունների նվազագույն պահանջները»: Այսպես՝ վերը մեջբերվածից բխում է, որ Կառավարությունը լիազորվում է սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառավարման եւ շահագործման առանձնահատկությունները: Կառավարության կողմից հյուրանոցային տնտեսությունների կառավարման առանձնահատկությունների սահմանումը, կարծում ենք, կարող է դիտարկվել որպես միջամտություն անձի տնտեսական գործունեության: Մասնավորապես՝ Սահմանադրության 59-րդ հոդվածով՝ մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների շարքում, սահմանված է. «Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով»: Հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Սահամանադրության 59-րդ հոդվածն իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն է ապահովում անձանց (տնտեսավարող սուբյեկտների) համար՝ ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքը օրենքով չարգելված տնտեսական գործունեություն իրականացնելու համար: Սահմանադրաիրավական վերոհիշյալ նորմի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտաբար պետք է ստեղծվեն տնտեսական ողջ համակարգի կենսագործունեության առավել բարենպաստ պայմաններ` տնտեսավարող սուբյեկտների կազմակերպման ու գործունեության ազատության, այդ գործընթացում պետության դերի առավելագույնս հստակեցման սկզբունքների վրա: Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է: Օրենսգրքի` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին վերաբերող 3-րդ հոդվածի համաձայն`«1. Քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության եւ գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:» Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները եւ իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց: Վճռաբեկ դատարանն իր՝ թիվ ԵՄԴ/0492/02/14 որոշման մեջ նշել է «Մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքը, ենթադրում է, որ պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ցանկացած այլ անձինք իրավասու չեն միջամտել քաղաքացիական իրավունքի սուբյեկտների գործերին, եթե նրանք իրենց գործունեությունն իրականացնում են օրենքի պահանջներին համապատասխան: Նշված սկզբունքը ենթադրում է նաեւ, որ որեւէ անձ, իրավունք չունի կամայականորեն միջամտելու կողմերի պայմանագրային հարաբերություններին` իր հայեցողությամբ պայմանագրային որեւէ դրույթ փոփոխելու եղանակով»: Վերը մեջ բերված օրենսդրական կարգավորումներից բխում է, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը պետք է հստակ սահմանվեն միայն օրենքով, իսկ Կառավարության կողմից տնտեսվարող սուբյեկտի, տվյալ պարագայում հյուրանոցային տնտեսության օբյեկտների, կառավարման առանձնահատկությունների սահմանումը հանդիսանում է տնտեսվարող սուբյեկտի մասնավոր գործերին միջամտություն, ինչն արգելված է: Նշենք նաեւ, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Պետական տուրքի մասին» օրենքի 19.2-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասի 2-րդ կետով թվարկված են հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակներ, որոնց գործունեության ծանուցման համար սահմանվում է պետական տուրք: Այսպես՝ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նշված է, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակները հաստատվում են Կառավարության որոշմամբ, մինչդեռ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Պետական տուրքի մասին» օրենքի 19.2-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասի 2-րդ կետով հյուրանոցային տնտեսության օբյեկտների առանձին տեսակների վերաբերյալ կարգավորումներ սահմանելու արդյունքում ստացվում է, որ այդ օբյեկտների տեսակները հաստատվում են օրենսդրական ակտով: Դրանից բխում է, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Պետական տուրքի մասին» օրենքի 19.2-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասի 2-րդ կետը եւ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը միմյանց հակասում են: Հետեւաբար առաջարկում ենք առնվազն հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակները սահմանել Նախագծով, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառավարման առանձնահատկությունները վերապահել համապատասխան տնտեսվարող սոըբյեկտին՝ որպես իր իրենց կամքով ի շահ իրենց կատարվող գործողություն: 9. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որպես զբոսաշրջության կոմիտեի լիազորություն, սահմանվում է զբոսաշրջային ռեսուրսների գրանացամատյանի վարումը: Մինչդեռ նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով այդ իրավասությունը վերապահված է համայնքի ղեկավարին: Առաջարկում ենք վերացնել Նախագծի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի միջեւ առկա հասկացությունը: 10. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները եւ կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Հարկ է նկատել, որ հասկանալի չէ, թե ինչ հիմքով է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը, որն իրենից ներկայացնում է ոչ առեւտրային կազմակերպություն, որին կամավորության սկզբունքով անդամակցում են զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք, տրամադրում հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում: Միաժամանակ՝ Նախագծով սահմանված կարգավորումներից հստակ չէ, թե նվազագույնը քանի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումներ կարող են լինել, որպեսզի դրանց թվից ընտրվի հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող միավորումը, նշենք նաեւ, որ հասկանալի չէ, թե բացի հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրելուց ուրիշ ինչ իրավասություն ունեն զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումները եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրելու համար չընտրված միավորումներն ինչ գործունեություն են իրականացնում: 11. Նախագծի 12-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված է. «Հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորվում են: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը կամավոր է»: Վերը մեջբերված դրույթի առաջին նախադասությունն ունի իմպերատիվ բնույթ, մինչդեռ երկրորդ նախադասությամբ նշված է, որ որակավորումը կամավորության հիմունքով է իրականացվում: Կարծում ենք Նախագծի 12-րդ հոդվածի առաջին պարբերության առաջին եւ երկրորդ նախադասություններն իրար հակասում են: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում: 12. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը ծանուցման հետ միասին պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոններին եւ պահանջներին իր համապատասխանության վերաբերյալ»: Նշենք, որ Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում զբոսաշրջային գործունեության սուբյեկտի որակավորումը հավաստող փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ որեւէ նշում չլինելու պարագայում հստակ չէ՝ որակավորումն իրականացվում է գործունեության ծանուցումից առաջ, թե հետո: Առաջարկում ենք վերոգրյալ դիտարկման հիման վրա Նախագծում կատարել համապատասխան հստակեցում՝ հստակ նշելով, որ որակավորումն իրականացվում է նախքան գործունեության իրականացման ծանուցումը կամ ծանուցումից որոշակի ժամանակահատված անց: 13. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Զբոսաշրջային օպերատորը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծանուցման հետ միաժամանակ պարտավոր է ներկայացնել սույն հոդվածով նախատեսված երաշխիք, եթե նախատեսում է մատուցել արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայություններ»: Նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ այդ երաշխիքի հետ կապված մանրամասները սահմանվելու են Կառավարության կողմից: Նշված կարգավորումներից բխում է, որ արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունների մատուցման համար պարտադիր է ներկայացնել երաշխիք: Հարկ է նկատել, որ Նախագծի 14-րդ հոդվածի, ինչպես նաեւ Նախագծի այլ դրույթների վերլուծությունից հստակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում քննարկվող նորմում նշված երաշխիքը, ինչ ընթացակարգով եւ ինչ պայմաններով է այն տրվում: Արդյունքում ստացվում է, որ Կառավարչությանը լիազորվում է սահմանել երաշխիքի վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ, որի էության, ինչպես նաեւ ձեռքբերման պայմանների եւ կարգի վերաբերյալ սահմանված չէ որեւէ հստակ կարգավորում: Սահմանադրության` օրինականության սկզբունքին վերաբերող 6-րդ հոդվածի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Նշենք նաեւ, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները ենթաօրենդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքների իրականացումն ապահովելու նպատակով: Մինչդեռ՝ Նախագծում առկա ոչ որոշակի կարգավորումների եւ լիազորող նորմերում համապատասխան հարաբերությունների վերաբերյալ որեւէ կարգավորումների բացակայության արդյունքում հանգում ենք Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը լիազորող նորմերի իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանելու պահանջի խախտման: Նախագծի վերը մեջբերված դրույթների իրավական որոշակիության պահանջին չհամապատասխանելու արդյունքում կարող է սահմանափակվել հասցեատեր սուբյեկտների կողմից համապատասխան վարքագծի դրսեւորման հնարավորությունը՝ մանսավորապես Նախագծով երաշխիքի վերաբերյալ նվազագույն կարգավորումների, հասկացության բացակայության պարագայում Կառավարության համար բացակայում է որեւէ ուղենիշ համապատասխան երաշխիքների սահմանման համար: Հետեւաբար, հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ մասը վերանայել օրինականության եւ լիազորող նորմի որոշակիության ապահովման տեսանկյունից: 14. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման պահանջները, որակավորման ընթացակարգը, վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը եւ ժամկետները, որակավորման վկայականի ձեւը եւ ժամկետը, զբոսավարների ու ուղեկցորդների անվանաքարտերի ձեւերը, մասնագիտացման ուղղությունները, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Վերոգրյալից բխում է, որ զբոսավարները եւ ուղեկցորդները ենթակա են վերապատրաստման: Այս կապակցությամբ նշենք, որ վերոնշյալ անձանց վերապատրաստմանը Նախագծերի փաթեթում անդրադարձ է կատարվում միայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով, որով նախատեսվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարել լրացում, որի արդյունքում սահմանվում է, որ լիազոր մարմինը «կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման, այդ թվում՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման գործընթացը, հաստատում է կարգն ու պայմանները»: Վերապատրաստման մասին այլ կարգավորումների բացակայության պարագայում ստացվում է, որ վերապատրաստումը իրականացվում է միայն հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու տեսանկյունից: Եթե համապատասխան վերապատրաստումն ընդգրկում է ավելի լայն ոլորտ եւ չի սահմանափակվում միայն հաշմանդամություն ունեցող անձանց զբոսաշրջային ծառայություն մատուցելու ոլորտով, ապա լիազոր մարմնի համապատասխան լիազորությունն անհրաժեշտ է սահմանել Նախագծում, այլ ոչ թե «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում: 15. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Հյուրանոցային տնտեսության օբյեկտում՝ սպառողների համար տեսանելի հատվածում, ինտերնետային կայքում կամ գովազդային նյութերում հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելիս պետք է նշվեն հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը եւ անվանումը, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում՝ նաեւ համապատասխան որակավորման կարգի նշանը»: Նախագծում հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգի վերաբերյալ որեւէ կարգավորում սահմանված չլինելու պարագայում հասկանալի չէ՝ նույնական է արդյո՞ք այն Նախագծով սահմանված որակավորման հետ թե ոչ. եթե այո՝ առաջարկում ենք կիրառել նույնական հասկացություններ, եթե ոչ՝ նշել՝ ինչ է իրենից ներկայացնում որակավորման կարգը, ինչպես նաեւ՝ ում կողմից եւ ինչպես է սահմանվում դրա ձեռքբերման ընթացակարգը: 16. Նախագծի 21-րդ հոդվածի առաջին պարբերությամբ նշված է «Սպառողի հետ զբոսաշրջային օպերատորի եւ զբոսաշրջային գործակալի պայմանագիրը»: Նշենք, որ այս ձեւակերպումից բխում է, թե սպառողը պարտավոր է պայմանագիր կնքել միաժամանակ զբոսաշրջային օպերատորի եւ զբոսաշրջային գործակալի հետ: Առաջարկում ենք շտկել վերոնշյալ դրույթի ձեւակերպումը: 17. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին կետում առաջարկում ենք «ֆիզիկական անձի» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածի 21-րդ կետով սահմանվում է, որ զբոսաշրջային գործակալ կարող են լինել միայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ՝ առաջարկում ենք քննարկվող նորմում «գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ դեպքում հաշվառման հասցեն)» բառերը: 18. Նախագծի 21-րդ հոդվածի վերջին նախադասությամբ նշված է. «Սույն հոդվածի շրջանակներում գների բարձրացումը պայմանագրի գնի 8% եւ ավելի կազմելու դեպքում սպառողն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը եւ հրաժարվել փաթեթից առանց տուգանք վճարելու»: Այսպես՝ Նախագծի 21-րդ հոդվածից որոշակի չէ, թե արդյոք այդ հոդվածի 6-րդ կետում նշված պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կողմերի պատասխանատվությունը նույնական է քննարկվող նորմում նշված տուգանքին, թե՝ ոչ: Եթե այո՝ ապա անհրաժեշտ է այդ մասին կատարել համապատասխան հստակեցում Նախագծի 21-րդ հոդվածում, եթե ոչ՝ ապա անհրաժեշտ է նշել, թե քննարկվող նորմում ինչ տուգանքի մասին է խոսքը: 19. Նախագծի 24-րդ հոդվածով սահմանված Նախագծի եւ դրա առանձին դրույթների ուժի մեջ մտնելու հետ կապված առկա են մի շարք խնդիրներ: Ինչպես օրինակ՝ Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Նախագծի 20-րդ եւ 21-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով դրանց հիման վրա սահմանվող վարչական իրավախախտումների վերաբերյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունիսի 30-ից, Նախագծի 24-րդ հոդվածի 6-8-րդ հոդվածներով սահմանված չեն Նախագծից բխող որոշ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման վերաբերյալ կարգավորումներ, մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը եւ այլն: 20. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 30-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-3-րդ, 6-8-րդ մասերի»: Մինչդեռ նման բացառություն սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-8-րդ մասերը հանդիսանում են կոնկրետ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանող դրույթներ, հետեւաբար վերջիններիս՝ այլ ժամկետում ուժի մեջ մտնելու անհրաժեշտությունը բացակայում է: 21. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել պատասխանատվություն Նախագծով սահմանված կարգավորումները խախտելու համար, մինչդեռ Նախագծում առկա չէ որեւէ դրույթ, որով սահմանված է, որ Նախագծով սահմանված կարգավորումները խախտելը հանգեցնում է պատասխանատվության: 22. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) լրացվող նոր՝ 171.12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է՝ (մեջբերում) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միության կողմից իր կանոնադրության փոփոխությունները առանց պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու ընդունելը հանգեցնում է վարչական պատասխանատվության: Հարկ է նկատել, որ հասկանալի չէ, թե որ օրենսդրական ակտով է սահմանված վերոնշյալ վարչական իրավախախտման նյութական հիմքը. մասնավորապես ո՛չ Նախագծով, ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով պետական լիազոր մարմնի հետ ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության փոփոխության համար համաձայնեցնելու որեւէ պահանջ առկա չէ: Նույնը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 171.12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վարչական իրավախախտմանը: 23. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 171.12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ «Առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորման ուղեկցորդի կամ զբոսավարի ծառայություններ մատուցելը» հանգեցնում է վարչական պատասխանատվության, նույն հոդվածի 13-րդ մասով սահմանված է, որ օտարերկրացու կողմից նույն արարքը կատարելը նույնպես հանգեցնում է նույն վարչական պատասխանատվության: Այս կապակցությամբ նշենք, որ օտարերկրացու կողմից առանց որակավորման ուղեկցորդի կամ զբոսավարի ծառայություններ մատուցելու համար առանձին պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Նախագծով պատասխանատվություն արդեն իսկ նախատեսվում է առանց որակավորման ուղեկցորդի ծառայություն մատուցելու համար. հատկապես որ նշված երկու արարքների համար սահմանված է նույն սանկցիան: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 171.12-րդ հոդվածի 13-րդ մասը հանել: 24. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 171.12-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված է, որ ««Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-11-րդ մասերով նախատեսված դեպքերի) խախտելը» առաջացնում է վարչական պատասխանատվություն: Նշենք, որ հասկանալի չէ վերը մեջբերված դրույթում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 171.12-րդ հոդվածի միայն 1-11-րդ մասերին հղում կատարել, երբ այդ հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով եւս սահմանված են «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված պահանջները խախտելու հետ կապված վարչական իրավախախտումներ: 25. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվելու առանց սահմանափակման, բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ»: Դրանից բխում է, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվելու ցանկացած գործունեությամբ առանց սահմանափակման, եթե այդ գործունեության տեսակը սահմանված չէ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի աղյուսակում կամ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված չէ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Հետեւաբար հասկանալի չէ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով վերը մեջբերված նորմում «եւ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը լրացնելու նպատակը, քանի որ որոշակի չէ, թե Նախագծով սահմանված եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում չնշված ինչ գործունեության մասին է խոսքը, որով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք առանց սահմանափակման իրավունք չունեն զբաղվելու: 26. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածում կատարել լրացում, որի համաձայն համայնքի ղեկավարն օժտված է «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ ստուգումներ իրականացնելու իրավասությամբ: Այս կապակցությամբ նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 2-րդ հոդվածով նշված ստուգում իրականցնելու իրավասությամբ օժտված մարմինների ցանկում համայնքի ղեկավարը ներառված չէ: Հետեւաբար կարող ենք փաստել, որ համայնքի ղեկավարը չունի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով իրեն վերապահված իրավասությունը, եւ առաջարկում ենք վերացնել Նախագծի եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի միջեւ առկա անհամապատասխանությունը: Միաժամանակ նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված է. «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության եւ քաղաքաշինական օբյեկտներում ստուգումների եւ ուսումնասիրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը»: Վերոգրյալից բխում է, որ ֆիզիկական անձինք չեն կարող համարվել ստուգման օբյեկտ, մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ստուգում իրականացնել Նախագծով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ, այդ թվում նաեւ՝ ֆիզիկական անձ հանդիսացող զբոսավարների եւ ուղեկցորդների կողմից իրականցվող գործունեության նկատմամբ: Նույն դիտարկումները վերաբերելի են նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Երեւանի քաղաքապետի համար սահմանվող իրավասությանը: 27. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում լրացում կատարելու արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ տեսքը. «Ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումները (ուղեւորափոխադրումները) իրականացվում են (...) կանոնավոր փոխադրումների դեպքում` երթուղային ավտոբուսներով, երթուղային տաքսիներով, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերներով ավտոբուսներով կամ զբոսաշրջային ավտոբուսներով»: Վերոգրյալից բխում է, որ այսուհետ ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումը ոչ կանոկավոր ուղեւորափոխադրումների դեպքում իրականցվում է նաեւ զբոսաշրջային ավտոբուսներով: Մինչդեռ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածում, որով կարգավորվում են ավտոբուսային ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, չի լրացվում որեւէ կարգավորում զբոսաշրջային ավտոբուսների վերաբերյալ: Հետեւաբար առաջարկում ենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածում կա՛մ սահմանել կարգավորումներ զբոսաշրջային ավտոբուսի վերաբերյալ, կա՛մ նշել, որ այդ հոդվածի դրույթները տարածվում են նաեւ զբոսաշրջային ավտոբուսներով իրականացվող ոչ կանոնավոր փոխադրումների վրա: 28. Առաջարկում ենք Նախագծերի փաթեթի մի շարք հոդվածների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջին, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: Մասնավորապես՝ Նախագծի 10-րդ, 11-րդ եւ այլ հոդվածներում: 29. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի չհամարակալված պարբերությամբ նշված է «Սահմանային, սեզոնային կամ այլ կարճաժամկետ աշխատանքի ( )» արտահայտությունը: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի կիրառվում «սահմանային աշխատանք» հասկացությունը, հետեւաբար հասկանալի չէ, թե այն իրենից ինչ է ներկայացնում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «սահմանային աշխատանքը» հանրածանոթ հասկացություն չէ՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել այդ հասկացությունը: 30. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված հասկացությունները, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով առկա «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերին: 31. Նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ կետում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք «օրենքի» բառին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն դիտարկումը վերաբերելի է Նախագծերի փաթեթով ցանկացած օրենքին հղում կատարելիս «օրենք» բառից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին: 32. Նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ կետում առաջարկում ենք «ենթակետի» բառը փոխարինել «կետի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 17-րդ հոդվածի 4-ր մասը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ վերոնշյալ դրույթով հղում է կատարվում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետին: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 8-րդ կետում առկա «ենթակետով» բառին: 33. Նախագծի 3-րդ հոդվածի 12-րդ կետում նշված «ա)-գ) պարբերություններում» բառերը փոխարինել ««ա»-«գ» ենթակետերում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի տեքստում առկա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտմամբ կատարված հղումներին: 34. Նախագծի 3-րդ հոդվածի 26-րդ կետում առկա «եւ/կամ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «կամ» շաղկապով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի կարգավորումները: 35. Նախագծի 2-րդ գլուխն ունի «Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը» վերնագիրը, հարկ է նկատել, որ այդ վերնագիրը չի արտացոլում նշված գլխում առկա դրույթների բովանդակությունը: Առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով եւ Նախագծի 2-րդ գլխի վերնագիրը համապատասխանեցնել դրա բովանդակությանը: Հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ գլխի վերնագիրը եւս չի համապատասխանում դրանում առկա դրույթների բովանդակությանը: 36. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ եւ 14-րդ կետերը նույնությամբ կրկնում են նույն մասի 11-րդ եւ 12-րդ կետերի բովանդակությունը: Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ եւ 14-րդ կետերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը: Անհիմն կրկնության խնդիր առկա է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում նշված որակավորման վերաբերյալ դրույթի եւ Նախագծի 15-րդ, 17-րդ եւ 18-րդ հոդվածների 1-ին մասերում որակավորման վերաբերյալ սահմանված նույն դրույթների միջեւ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Պետական տուրքի մասին» օրենքի 19.2-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասում, որտեղ 1-ին կետը նույնությամբ կրկնում է այդ մասի բովանդակությունը: 37. Նախագծի 10-րդ հոդվածի 7-րդ կետում կատարված հղումն առաջարկում ենք շտկել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ կետով հղում կատարված Նախագծի 3-րդ հոդվածի 11-րդ կետում սահմանված չեն զբոսաշրջային ծառայության տեսակներ: 38. Նախագծի 21-րդ հոդվածի վերնագրում եւ դրա տեքստում ցանկացած հոլովաձեւով նշված «պայմանագիր» բառերն առաջարկում ենք փոխարինել Նախագծի 3-րդ հոդվածի 14-րդ կետով սահմանված «զբոսաշրջային փաթեթի պայմանագիր» հասկացությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Նույն դիտարկումը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացվող նոր՝ 171.12-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միության» բառերը փոխարինել Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված «Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման» բառերով, ինչպես նաեւ վերացնել Նախագծի ողջ տեքստում առկա միեւնույն միտքը տարբեր հասկացություններով արտահայտելու այլ դեպքերը, ինչպես օրինակ՝ «երաշխիք» եւ «ֆինանսական երաշխիք», «զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյան» եւ «էլեկտրոնային գրանցամատյան» եւ այլն: 39. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում», ինչից բխում է, որ գլուխները պետք է բաղկացած լինեն մեկից ավելի հոդվածներից: Մինչդեռ Նախագծի 6-րդ եւ 7-րդ գլուխները բաղկացած են ընդամենը մեկ հոդվածից: 40. Նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «2003 դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ինչպես նաեւ նույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 24-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «2003 դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը» բառերին: 41. Նախագծի ողջ տեքստում ցանկացած հոլովաձեւով առկա «ենթաօրենսդրական ակտեր» եւ «իրավական ակտեր» բառերն առաջարկում ենք փոխարինել համապատասխան հոլովաձեւերով «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ինչպես նաեւ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում նշված «ենթաօրենսդրական իրավական ակտերն» բառերին: 42. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ նախագծում «Օրենք» կրճատ տարբերակն այլեւս չի կիրառվում: Միաժամանակ առաջարկում ենք ճիշտ նշել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի հերթական համարը: 43. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին: 44. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Պետական տուրքի մասին» օրենքի 19.2-րդ հոդվածում լրացվող նոր մասերում առկա կետերի եւ ենթակետերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջին: 45. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հերթականությամբ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածներով հիշատակված օրենքների լրիվ անվանումներին: 46. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում «խմբագրությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգավորումները: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում առկա են Սահմանադրության 6-րդ եւ 59-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 31.08.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթի ընդունմամբ պայմանավորված կարող է առաջանալ անհրաժեշտություն այլ օրենքում փոփոխություն կատարելու: Օրինակ՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածում հղում է կատարվում «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքին, անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություն, «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 41-րդ հոդվածում նշված բոլոր «զբոսաշրջիկության» բառերն անհրաժեշտ է փոխարինել «զբոսաշրջության» բառերով, քանի որ Նախագծով կրառվում է միայն «զբոսաշրջություն» բառն իր բոլոր հոլովաձեւերով եւ այլն: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 31.08.2023թ.
Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է հստակեցնել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների եւ զբոսաշրջիկների իրավունքները եւ պարտականությունները, զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող պահանջները եւ զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության միջոցները: Փաթեթում ընդգրկված «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1? Փաթեթի հիմնական նպատակներից մեկն, ըստ էության, զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումն է՝ սպառողների շահերի պաշտպանության եւ զբոսաշրջության զարգացման նպատակով: Այդ խնդրի լուծման նպատակով Նախագծով նախատեսվում է տվյալ ոլորտում գործունեության որոշ տեսակներով զբաղվողների համար սահմանել որակավորման պահանջ: Մասնավորապես, Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի համաձայն՝ Զբոսաշրջության կոմիտեն իրականացնում է զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների մասնագիտական որակավորում: Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ զբոսաշրջության բնագավառում որակավորման էությունը, որակավորման ընթացակարգերը եւ կարգերը, որակավորման տրամադրման մերժման եւ որակավորումից զրկելու հիմքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման պահանջները, որակավորման ընթացակարգը, վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը եւ ժամկետները, որակավորման վկայականի ձեւը եւ ժամկետը, զբոսավարների ու ուղեկցորդների անվանաքարտերի ձեւերը, մասնագիտացման ուղղությունները, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կարեւորելով զբոսաշրջության ոլորտի նկատմամբ վերահսկողության արդյունավեության բարձրացումը, որին ուղղված քայլերից մեկն էլ որակավորման պահանջի սահմանումն է, կարծում ենք, որակավորման համար անհրաժեշտ հիմնարար պայմաններից մի քանիսը (օրինակ՝ ի՞նչ պարբերականությամբ է իրականացվելու որակավորումը, մասնագիտական ի՞նչ գիտելիքներ են անհրաժեշտ, ո՞վքեր են իրականացնելու գնահատումը եւ այլն) պետք է սահմանվեն օրենքով, ինչն էլ առաջարկում ենք ավելացնել տվյալ Նախագծում: 2? Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասով զբոսաշրջային օպերատորի եւ արտագնա զբոսաշրջային գործակալի համար սահմանվում է երաշխիքի տրամադրման պահանջ, իսկ 6-րդ մասի համաձայն՝ զբոսաշրջային օպերատորի եւ արտագնա զբոսաշրջային գործակալի կողմից երաշխիքի ձեւը, նպատակը, չափերը, պարբերականությունը, ներկայացման կարգը եւ երաշխիքի տեքստի օրինակելի ձեւը, երաշխիք տրամադրող կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, երաշխիքով պահանջ ներկայացնելու, երաշխիքի գումարը բաշխելու եւ երաշխիքը դադարեցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Չնայած Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ այն ներկայացված է որպես անհետկանչելի ֆինանսական երաշխիք, այդուհանդերձ, գտնում ենք, որ առնվազն դրա չափը եւ պարբերականությունը պետք է սահմանվեն օրենքով: Ընդ որում, հատկանշական է այն, որ Նախագծով չի սահմանվում, թե ի՞նչ է երաշխիքը, սակայն սահմանվում է, թե ե՞րբ կարող է երաշխիք չներկայացվել: 3? Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ որակավորված զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների որակավորման ընթացակարգը եւ տարբերանշանի ձեւը, չափորոշիչները, որակավորման վկայականի ձեւը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի համաձայն, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն իրավաբանական անձ է, որը որակավորվում է պետական լիազոր մարմնի կողմից եւ սպառողին թերթոնների, քարտեզների եւ գրավոր այլ տեղեկատվական նյութերի միջոցով անվճար տրամադրում է անկողմնակալ եւ համարժեք տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային գրավչությունների, դրանց տեղակայման վայրերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ՝ առանց զբոսաշրջային ծառայություն մատուցելու: Այս կապակցությամբ հարց է առաջանում, եթե այդ կենտրոնները պարտավոր են անվճար մատուցել ծառայություններ, ապա ո՞վ է փոխհատուցելու տվյալ գործունեությամբ պայմանավորված ծախսերը: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունը հաշվի առնելու տեսանկյունից:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 23.08.2023թ.
Կառավարության կողմից ներկայացվել են «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ այդ կապակցությամբ մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության սուբյեկտների եւ զբոսաշրջիկների փոխադարձ իրավունքների եւ պարտավորությունների հստակեցման, զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման եւ զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության միջոցների հստակեցման հանգամանքով: Նախագծերի փաթեթով՝ - հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում օգտագործվող հասկացությունները եւ սահմանվել են նոր հասկացություններ. - զբոսաշրջության բնագավառում ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների եւ վերլուծությունների իրականացման եւ ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվել են դրույթներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանի ներդրման եւ զբոսաշրջային ռեսուրսների գույքագրման եւ գրանցամատյանի վարման վերաբերյալ. - քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանության նպատակով նախատեսվել է զբոսաշրջային փաթեթների պարտադիր անհետկանչելի ֆինանսական երաշխիք. - Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեությունը, հյուրանոցային ծառայությունների մատուցումը դարձնել ծանուցման ենթակա գործունեության տեսակ, զբոսավարների եւ ուղեկցորդների վերապատրաստում եւ որակավորում, նախատեսվել են պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, զբոսաշրջային ավտոբուսների նկատմամբ նույնպես նախատեսվել է որակավորման պահանջ եւ այլն: Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկություններն ու նկատառումները. 1. «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 20-րդ կետում տրված «զբոսաշրջային օպերատոր» հասկացության համաձայն՝ զբոսաշրջային օպերատոր կարող է հանդիսանալ միայն իրավաբանական անձը, մինչդեռ, ներկայումս գործող «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային ծառայությունների մասին» օրենքի համաձայն (2-րդ հոդված) զբոսաշրջային օպերատոր կարող է հանդիսանալ ինչպես իրավաբանական անձը, այնպես էլ անհատ ձեռնարկատերը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ առկա չեն «զբոսաշրջային օպերատոր»-ի՝ բացառապես իրավաբանական անձ հանդիսանալու վերաբերյալ պատճառները. Միեւնույն ժամանակ, հիմնավորման մեջ առկա չեն տվյալներ ներկայումս հայաստանյան զբոսաշրջային շուկայում անհատ ձեռնարկատեր հանդիսացող զբոսաշրջային օպերատորների քանակի վերաբերյալ: 2. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «մատուցողների» բառից հետո ավելացնել «վերաբերյալ» բառը. 3. Նախագծի 10-րդ հոդվածի 7-րդ կետում առկա է վրիպակ՝ «11-րդ կետով սահմանված» արտահայտությունը անհրաժեշտ է փոխարինել «12-րդ կետով սահմանված» արտահայտությամբ. 4. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նոր կառուցվող հյուրանոցներում եւ առողջարաններում պետք է ապահովված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու եւ ծառայությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու հնարավորություն, որի մասին տեղեկատվությունը տեղադրվում եւ մշտապես պահվում է հյուրերի համար տեսանելի հատվածներում»: Առաջարկում ենք վերոնշյալ նախադասությունից հանել «Նոր կառուցվող» բառերը՝ պահանջը տարածելով նաեւ արդեն իսկ կառուցված եւ գործող հյուրանոցների եւ առողջարանների վրա՝ վերջիններիս համար նշված պահանջի ապահովման կապակցությամբ նախատեսելով որոշակի ժամկետ: Վերոնշյալի կապակցությամբ առաջարկում ենք «Նոր կառուցվող» բառերը հանել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն նշված օրենսգրքում լրացվելիք 171.12-րդ հոդվածի 6-րդ մասից: Նախագծերի փաթեթում ներառված այլ նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկություններն ու նկատառումները՝ կարծում ենք «Զբոսաշրջության մասին» օրենքի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը որոշ լրամշակման կարիք ունեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 /Ներք. 1618/ 28.08.2023թ.
|