ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Համաշխարհային փոստային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-649-11.08.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համաշխարհային փոստային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-649-11.08.2023-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

28.08.2023թ.  






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Համաշխարհային փոստային կոնվենցիան» արտահայտությունից առաջ առաջարկում ենք լրացնել նշված համաձայնագրի ստորագրման թվականը, ամիսը եւ ամսաթիվը՝ պահպանելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, եւ այդպիսով ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

2. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը պայմանագիրն ստորագրած կողմի (կողմերի)՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, ներկայացված չէ: 

3. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տրամադրած այդ պայմանագրի կողմերի ցանկը, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը եւ նույն մասի 9-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

14.08.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ, Համաշխարհային փոստային կոնվենցիայի 9-րդ հոդվածը անդամ երկրներին պարտավորեցնում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ կանխելու, քրեորեն հետապնդելու կամ պատժելու այն անձանց, որոնք մեղավոր են ճանաչվել այնպիսի գործողությունների կատարման համար, ինչպիսիք են՝ փոստային կանխավճարի վճարամիջոցները կեղծելը, նմանակելը կամ դրանց միջոցով խարդախություն կատարելը, փոստային ծառայությունների նպատակներով փոստային կանխավճարի այնպիսի վճարամիջոցի օգտագործումը, որն արդեն օգտագործվել է եւ այլն: Որպես անդամ երկիր ստանձնած պարտավորությունների կատարման եւ համարժեք միջոցները ձեռնարկու համար անհրաժեշտ է նշված արարքների կատարման արգելքը սահմանել ներպետական օրենսդրությամբ՝ նախատեսելով լրացումներ եւ փոփոխություններ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ այլ օրենքներում: 

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

14.08.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Համաշխարհային փոստային կոնվենցիան» (այսուհետ՝ Կոնվենցիա), որը Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) այն հիմնական փաստաթուղթն է, որով կարգավորում է ՀՀ-ի փոստային նշանակված օպերատորի իրավահարաբերությունները, փոխհարաբերությունները եւ պարտավորությունները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ: Այն կիրառվում է ինչպես օտարերկրյա փոստային նշանակված օպերատորների, այնպես էլ միջազգային օդային ընկերությունների, մաքսային ծառայությունների եւ այլ միջազգային կազմակերպությունների համար: Կոնվենցիայում սահմանված են ընդհանուր դրույթներ, որոնք վերաբերում են փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցմանը, տարանցիկ փոստափոխանակմանը, ՀՓՄ դրամական միավորին, փոստային ծառայությունների սակագներին, փոստային անվտանգությանը, անվճար փոխադրման ենթակա առաքանու տեսակներին, վճարումը հաստատող փոստային նամականիշերի թողարկմանը եւ վերոհիշյալ իրավահարաբերությունները կարգավորող այլ խնդիրներին:

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ չի պարունակում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

28.08.2023թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Համաշխարհային փոստային կոնվենցիան» (այսուհետ՝ Կոնվենցիա), որը ստորագրվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին եւ ուժի մեջ մտել 2022 թվականի հուլիսի 1-ից:

Կոնվենցիայի վավերացումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 35-րդ կետի կատարման անհրաժեշտությունից: 

Կոնվենցիան սահմանում է նամակագրական թղթակցության եւ փոստային ծանրոցների նկատմամբ կիրառվող կանոնները, արագընթաց փոստային ծառայության մատուցման սկզբունքները, ինչպես նաեւ նախնական ու վերջնական դրույթները:

Կոնվենցիան կարգավորում է Հայաստանի Հանրապետության կողմից փոստային նշանակված օպերատորի փոխհարաբերություններն ու պարտավորությունները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, փակ փոստային առաքումների, մաքսային հսկողության, վճարման դրույքաչափերի, արգելված առաքանիների, տարանցիկ եւ վերջնական վճարների, էլեկտրոնային փոստային ծառայության մատուցման հետ կապված  իրավահարաբերությունները եւ այլն:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է՝ 

  • ապահովել նշանակված օպերատորների մեկ այլ օպերատորի կողմից իրեն փոխանցված փակ փոստային առաքումների ու բաց տարանցման միջոցով ուղարկվող գրավոր նամակագրություն հանդիսացող առաքանիների ուղարկման իրականացումը  սեփական առաքանիներն ուղարկելու համար օգտագործվող ամենաարագ ճանապարհով եւ ամենահուսալի միջոցներով,
  • ապահովել օգտվողների անձնական տվյալների գաղտնիությունը եւ անվտանգությունը՝ ներպետական օրենսդրությանը համապատասխան,
  • ընդունել եւ փոստային գործունեության բոլոր մակարդակներում իրականացնել անվտանգության արդյունավետ ռազմավարություն,
  • ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու, քրեորեն հետապնդելու կամ պատժելու այն անձանց, որոնք մեղավոր են ճանաչվել Կոնվենցիայով նախատեսված գործողությունների կատարման համար,
  • սահմանել Կոնվենցիայով սահմանված տարբեր փոստային ծառայությունների, գրավոր նամակագրություն հանդիսացող առաքանիների եւ ծանրոց հանդիսացող փսոտային առաքանիների փոխադրման փոստային վճարները՝ ներպետական օրենսդրության համաձայն,
  • մատուցել Կոնվենցիայով նախատեսված հիմնական եւ պարտադիր հավելյալ  ծառայություններ եւ այլն:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                 Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

22.08.2023թ.