ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-652-21.08.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-652-21.08.2023-ՊԻ-011/0)  (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

01.09.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ի հոդվածով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասում «Կառավարությունը» բառից հետո նախատեսվում է լրացնել «(բացառությամբ 16-րդ հոդվածի 12-րդ եւ 12.1-րդ մասերի)» բառերը:

Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ լրացմամբ հղում է կատարվում 16-րդ հոդվածի 12-րդ եւ 12.1-ին մասերին, հղումների հստակության ապահովման նպատակով առաջարկում ենք «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենքի» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կանոնը, այն է. «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերում նախատեսված լրացումներին:

2. Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք պահպանել դասական թվականների ճիշտ գրության ձեւը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով Օրենքի 17-րդ հոդվածում նախատեսվում են հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները. «2)  7-րդ մասում «երեք տարբերակները,» բառերից հետո լրացնել «հարցազրույցի քննական տոմսերը,» բառերը, իսկ «թեստավորման անցկացման պայմանները» բառերը փոխարինել «թեստավորման եւ հարցազրույցի անցկացման պայմանները» բառերով.

3) 8-րդ մասում «թեստավորման Հարցարանի» բառերից հետո լրացնել «եւ հարցազրույցի» բառերը.

4) 10-րդ մասի 2-րդ կետի «որի ընթացքում» բառերից հետո լրացնել «թեստերի եւ բանավոր հարցազրույցի միջոցով» բառերը, իսկ «Թեստավորման անցկացման նույն օրը» բառերը փոխարինել «Թեստավորման ավարտման օրը» բառերով:»:

Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ կարգավորումներում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են «հարցազրույց» եւ «բանավոր հարցազրույց» եզրույթները: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ:

Նշենք նաեւ, որ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների մրցույթի անցկացման փուլերից է «հարցազրույցի փուլը»: Հետեւաբար թեստավորման փուլում հարցազրույցի ընդգրկումը միեւնույն եզրույթի կիրառության տեսանկյունից կարող հանգեցնել իրավական շփոթի առաջացման: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել «հարցազրույց» եզրույթի կիրառությունը:

4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 45-րդ հոդվածում լրացվող նոր 4-րդ մասի համաձայն. «4. Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, զենքի եւ անձնական պաշտպանության միջոցների տեսակների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.4-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավակարգավորումը եւս լիազորում է Կառավարությանը հաստատել հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված զենքի տեսակների ցանկը: Բացի այդ, Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավակարգավորումը լիազորում է Կառավարությանը հաստատել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության միջոցների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում բացառել անհիմն կրկնությունները:

5. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլուխը վերնագրված է «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ (ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ): ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում նախատեսված են նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքների վերաբերյալ իրավակարգավորումներ: Այսպես՝ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված է իրավակարգավորումների ավելի լայն շրջանակ, քան բխում է Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխի վերնագրի բովանդակությունից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված է. «Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը:

6. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.1-ին հոդվածի 7-րդ մասում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»: Սույն առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջից, որի համաձայն. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»::

7. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի դիմադրություն ցուցաբերած անձի կամ անձանց նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաեւ ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը:»:

Վերոնշյալ իրավակարգավորումը նախատեսում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը, մասնավորապես՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով: Հարկ է նկատել, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.2-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթը ֆիզիկական ուժի գործադրման համար նախատեսել է այն անձանց շրջանակը, ում նկատմամբ կարող է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից գործադրվել ֆիզիկական ուժ, այն է. «դիմադրություն ցուցաբերած անձի կամ անձանց նկատմամբ»՝ հիմք ընդունելով ֆիզիկական ուժի գործադրման միայն դիմադրություն ցույց տալու դեպքերը: Մինչդեռ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով ֆիզիկական ուժի գործադրման համար անձանց շրջանակ նախատեսված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.2-րդ հոդվածի 1-ին մասում չսահմանել այն անձանց շրջանակը, ում նկատմամբ կարող է գործադրվել ֆիզիկական ուժ:

8. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.4-րդ հոդվածում 4-րդ մասին հաջորդում է 6-րդ մաս: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.4-րդ հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը:

9. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում սահմանված են հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման (գործադրման եւ օգտագործման), ինչպես նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության միջոցների վերաբերյալ իրավակարգավորումներ: Հիմք ընդունելով Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.3-րդ հոդվածի եւ 45.6-րդ հոդվածի իրավակարգավորումները՝ կարող ենք նշել, որ «հատուկ միջոցներ» եւ «անձնական պաշտպանության միջոցներ» հասկացությունները հստակ տարբերակված են Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում: Մինչդեռ Օրենքի 45-րդ հոդվածը վերնագրված է «Հակակոռուպցիոն ծառայողի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները» եւ դրանում ներառված իրավադրույթները վերաբերում են անձնական պաշտպանության հատուկ միջոցներին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում «հատուկ միջոցներ» եւ «անձնական պաշտպանության միջոցներ» հասկացությունների հստակ տարբերակման պարագայում առաջարկում ենք վերանայել Օրենքի 45-րդ հոդվածում կիրառված «անձնական պաշտպանության միջոցներ» եւ «անձնական պաշտպանության հատուկ միջոցներ» եզրույթները:

Բացի այդ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 7.1-ին գլխում ներառված 45.6-րդ հոդվածը վերնագրված է «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության միջոցները»: Հարկ է նկատել, որ Օրենքում անձնական պաշտպանության միջոցների վերաբերյալ իրավակարգավորումներ են սահմանված «Հակակոռուպցիոն ծառայողի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները» վերտառությամբ 45-րդ հոդվածում: Առաջարկում ենք Նախագծով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության միջոցների վերաբերյալ իրավակարգավորումների առանձին հոդվածով սահմանման դեպքում հաշվի առնել նաեւ Օրենքի 45-րդ հոդվածը:

10. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.08.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

30.08.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների ստուգումն անցկացնել նաեւ հարցազրույցի միջոցով, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին լիազորել մրցույթ հայտարարել պաշտոնը թափուր մնալուց երեք ամսվա ընթացքում, ինչպես նաեւ սահմանել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոններն ու դրանց նշանակման պայմանները եւ կարգը, որոնց գործառույթների իրականացումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների կիրառմամբ: Նախագծով առաջարկվում է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսել գործունեության իրավական կարգավորումներ՝ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

01.09.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարել:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) բանիմաց եւ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան գիտելիքների տիրապետող ծառայողներ ներգրավելու, ինչպես նաեւ թափուր հաստիքները համալրելու գործընթացն ավելի ճկուն դարձնելու անհրաժեշտությամբ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքի ներկայիս կարգավորումներն առավել վերաբերելի են դասական իմաստով օպերլիազորներին, մինչդեռ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար կառույցին անհրաժեշտ են նաեւ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող այնպիսի անձինք, որոնք տիրապետում են տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ այլ բնագավառներին: Օրենքով նախատեսված ֆիզիկական պատրաստականության եւ առողջական վիճակի հետ կապված խիստ պահանջները խոչընդոտում են տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների հմուտ մասնագետների ներգրավմանը: Օրենսդրական մակարդակով  կարգավորված չէ Կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելու ընթացակարգը եւ այլն: 

Նախագծով առաջարկվում է՝

  • Կոմիտեի նախագահին լիազորել սահմանելու տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ պահանջող պաշտոնների համար մրցույթի անցկացման կարգը եւ պայմանները (պահանջները), 
  • Կոմիտեում թափուր պաշտոն առաջանալու դեպքում Կոմիտեի նախագահի կողմից մրցույթ նշանակելու ժամկետ նախատեսել երեք ամիս,
  • Կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու համար նախատեսել իրավական կարգավորումներ եւ այլն: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                     Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

28.08.2023թ.