ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-653-21.08.2023-ՏՀ-011/0) եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6531 -21.08.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-653-21.08.2023-ՏՀ-011/0) եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6531 -21.08.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

06.09.2023թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածով Կառավարությանը լիազորել մաքսային հսկողության գոտում վարքագծի պարտադիր կանոններ սահմանել: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում նոր լրացվող 302.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանել պատասխանատվություն մաքսային հսկողության գոտում սահմանված վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտում անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնների խախտման համար: 

Ղեկավարվելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը լրամշակել եւ Օրենքի 189-րդ հոդվածի 6-րդ մասում «պահանջները» բառից հետո լրացնել «եւ մաքսային հսկողության գոտիներում վարքագծի պարտադիր, ներառյալ մաքսային հսկողության գոտում անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները» բառերը, իսկ նախագծի 2-րդ հոդվածից հանել «ներառյալ մաքսային հսկողության գոտում անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները» բառերը, քանզի Նախագծի 2-րդ հոդվածով մաքսային հսկողության գոտում անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները դիտարկվում են մաքսային հսկողության գոտում սահմանված վարքագծի պարտադիր կանոններում ներառված, իսկ այդպիսի կանոններ սահմանելու լիազորություն տրամադրող Նախագծի 1-ին հոդվածը ավելի նեղ բովանդակային ծավալ ունի եւ նախատեսում է միայն մաքսային հսկողության գոտում վարքագծի պարտադիր կանոններ սահմանելու Կառավարության լիազորությունը: 

Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածները լրամշակել Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի պահպանմամբ:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 302.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է պատասխանատվություն մաքսային հսկողության գոտում սահմանված վարքագծի պարտադիր կանոնների խախտման համար, իսկ վերջինս Նախագծի 1-ին հոդվածի համաձայն սահմանվելու է Կառավարության կողմից:

Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին:»:

Անդրադառնալով համաչափության սկզբունքի համընդհանրությանը՝ Սահմանադրական դատարանը իր` 2016 թվականի հուլիսի 8-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ « (…) Արձանագրելով, որ օրենսդրի իրավասության շրջանակներում է, մասնավորապես, որոշել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության, սահմանել վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների, վարչական պատասխանատվության միջոցների ու չափերի շրջանակը, միաժամանակ անհրաժեշտ է համարում նշել, որ հիշյալ հարցերում օրենսդրի հայեցողությունն ունի իր սահմանադրական շրջանակները: Նշված լիազորություններն իրացնելիս օրենսդիրը պետք է ղեկավարվի սահմանադրական սկզբունքներով: Հանրային իշխանության իրականացումը, նախ եւ առաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարեւորագույն սկզբունքներից մեկը»:

Սահմանադրական դատարանն իր մեկ այլ` 2010 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. « (…) Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաեւ, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից եւ այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը` ելնելով զանցանքի բնույթից եւ լրջությունից»:

Ուստի տվյալ իրավիճակում եւս մաքսային հսկողության գոտում սահմանված վարքագծի պարտադիր կանոնների խախտումը, որպես վարչական զանցանք, պետք է համաչափ լինի Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող պատասխանատվության տեսակին եւ չափին: Համաչափության սկզբունքը Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման համատեքստում օրենսդրին ներկայացնում է պահանջ սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը` ելնելով զանցանքի բնույթից եւ լրջությունից:  Քննարկվող իրավիճակում, երբ բացակայում է զանցանքը, այն է՝ մաքսային հսկողության գոտում սահմանված վարքագծի պարտադիր կանոնները, այսինքն առկա չէ պատասխանատվության նյութական հիմքը, օբյեկտիվորեն հնարավոր չէ տարբերակված եւ համաչափ պատասխանատվության միջոց սահմանել նրանց խախտման ծանրության հանրային վտանգավորության աստիճանի, պատճառված վնասի, մեղքի աստիճանի եւ այլ էական հանգամանքների վեր հանմամբ: 

Արդյունքում Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 302.1-ին հոդվածի 1-ին մասը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող լրացման արդյունքում Օրենքի 326-րդ հոդվածի 1-ին մասը կունենա հետեւյալ ձեւակերպումը. «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ որոշումը կայացնելու նպատակով, եթե մաքսային կանոնների խախտում կատարած անձը խոչընդոտում է մաքսային ծառայողների գործառույթների իրականացմանը, հրաժարվում է դադարեցնել կատարվող իրավախախտումը կամ սպառված են այլ միջոցները մաքսային կանոնների խախտում կատարած անձի ինքնությունը պարզելու համար, թույլատրվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձի վարչական ձերբակալում` մինչեւ երեք ժամ տեւողությամբ:»: Ցանկանում ենք ընդգծել, որ, ըստ էության,  Նախագծով կատարված լրացման արդյունքում Օրենքի 326-րդ հոդվածի 1-ին մասում Նախագծի հիմնավորմամբ առաջադրված նպատակները չեն իրագործվում, քանի որ Նախագծով առաջարկվող լրացումը միայն ընդլայնում է վարչական ձերբակալման պայմանները՝ հիմքերը թողնելով անփոփոխ, այն է՝ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ որոշումը կայացնելու նպատակները եւ ոչ ավելին: Նշված հիմքերի շրջանակում է միայն հնարավոր իրականացնել վարչական ձերբակալում՝ «եթե»-ից հետո շարադրվող պայմանների առկայությամբ:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված Օրենքի 326-րդ հոդվածում նոր լրացվող 5-րդ մասը նախատեսում է «մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացմանը խոչընդոտել» հասկացությունում բովանդակային առումով ներառել նաեւ «մաքսային մարմինների պաշտոնատար անձանց օրինական պահանջներին չենթարկվելը»: Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանագամանքին, որ Օրենքի 302-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսվում է պատասխանատվություն մաքսային հսկողության շրջանակում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կատարած գործողությունները խոչընդոտելու եւ մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ մաքսային ոլորտին վերաբերող օրինական պահանջը չկատարելու համար՝ նախատեսելով նրանց որպես առանձին իրավախախտումներ՝ համապատասխանաբար սահմանելով առանձին սանկցիաներ:

Հետեւաբար, Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ մաքսային ոլորտին վերաբերող օրինական պահանջը չկատարելը մաքսային մարմնի պաշտոնատար անձի կատարած գործողությունները խոչընդոտելու հասկացության ծավալում ընդգրկելը կառաջացնի իրավական շփոթ եւ կհանգեցնի իրավական որոշակիության տեսանկյունից խնդիրների:

5. Նախագծի 1-ին հոդվածից եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «թիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Օրենքի 326-րդ հոդվածում լրացնել նոր՝ 5-րդ մաս, որը կբացահայտի Նախագծով նախատեսված նույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում լրացման արդյունքում օգտագործվող «մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացմանը խոչընդոտել» հասկացությունը: Սակայն ցանկանում ենք արձանագրել, որ տվյալ միտքը գործող Օրենքի 302-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում արդեն արտահայտված է այլ բառակապակցության միջոցով, այն է՝ «Մաքսային հսկողության շրջանակում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կատարած գործողությունները խոչընդոտելը»: Ընդ որում, վերջինս հանդիսանում է պատասխանատվություն սահմանող նորմը, ինչը ավելի է բարձրացնում վերջինիս իրավական որոշակիության, հստակության եւ միանշանակության կարեւորությունը: 

 Ուստի առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: 

7. Չհեռանալով Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ կատարված նկատառումից՝ ցանկանում ենք նշել, որ անգամ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի շրջանակներում նույն միտքը նախատեսված է տարբեր բառակապակցությունների միջոցով. 1-ին մասում այն նախատեսվում է՝ «մաքսային ծառայողների գործառույթների իրականացմանը խոչընդոտել», իսկ 3-րդ մասում՝ «մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործառույթների իրականացմանը խոչընդոտել» բառակապակցությամբ, ինչը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով նույնպես խնդրահարույց է:

8. «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Մաքսային ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «դիմադրություն ցույց տվող» բառերը փոխարինել «իրենց գործառույթների իրականացմանը խոչընդոտող» բառերով, ինչը անհրաժեշտություն է առաջացնում փոփոխություն կատարել նաեւ «Մաքսային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝ համապատասխանաբար «դիմադրություն ցույց տվող» բառերը փոխարինելով «իրենց գործառույթների իրականացմանը խոչընդոտող» բառերով՝ ապահովելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

9. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել  Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, 71-րդ հոդվածի 2-րդ մասի, իրավական որոշակիության եւ համաչափության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

05.09.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

05.09.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրական հիմքեր ստեղծել «Մաքսային կարգավորման մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներով սահմանված՝ մաքսային ծառայողների կողմից վարչական ձերբակալման գործիքակազմի արդյունավետ կիրառման համար: Միաժամանակ, ամրագրվում է Կառավարության լիազորությունը՝ մաքսային հսկողության գոտիներում քաղաքացիների համար վարքագծի պարտադիր կանոններ սահմանելու վերաբերյալ, մաքսային իրավախախտումների շրջանակը լրացվում է մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոնների խախտման համար սահմանվող պատասխանատվությամբ, ինչպես նաեւ հստակեցվում է մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը՝ դրանք դարձնելով գործնականում կիրառելի՝ առավել մոտարկելով վարչական ձերբակալման ենթարկելու վարույթային նպատակներին:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

05.09.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում, ինչպես նաեւ փոփոխություն կատարել «Մաքսային ծառայության մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է մաքսային ծառայողների կողմից անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը հստակեցնելու միջոցով դրանք գործնականում առավել կիրառելի դարձնելու, մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կանոններ ընդունելու Կառավարության լիազորությունը սահմանելու, ինչպես նաեւ այդ կանոնները չպահպանելու համար պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությամբ: 

Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ավելի անխոչընդոտ եւ արդյունավետ կիրականացվի մաքսային հսկողության գործառույթի կազմակերպումը, մաքսային հսկողության գոտիներում առավել արդյունավետ կկանխվեն մաքսային կանոնների խախտման դեպքերը, ինչպես նաեւ կնվազի քաղաքացիների հակաօրինական վարքագծի հետեւանքով մաքսային հսկողության գոտում մաքսային մարմնի աշխատանքին խոչընդոտելու հնարավորությունը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

30.08.2023թ.