ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-654-22.08.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-654-22.08.2023-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

08.09.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Ն-061-1» ձեւակերպումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) հերթական համարով, այն է «ՀՕ-16»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Օրենք» բառը Նախագծում այլեւս չի կիրառվում:

3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ չհամարակալված պարբերության 2-րդ կետով սահմանված է. «Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը (…) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար»: Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ չհամարակալված պարբերության 2-րդ կետում «18 տարին լրանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար» բառերը փոխարինվում են «օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.» բառերով: Նշված փոփոխության արդյունքում 18 տարին լրանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմելու ժամկետի պահանջը փոխարինվում է վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջով: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա»:

Հարկ է նկատել, որ Նախագծի անցումային դրույթներով կարգավորված չէ, թե Նախագծի ընդունումից հետո ինչպես է լուծվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար 18 տարին լրանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հիմքով արդեն իսկ դիմած անձանց հարցը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթով նախատեսել նորմեր, որոնք հնարավարություն կտան կարգավորել Նախագծի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ 18 տարին լրանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հիմքով դիմած անձանց հետ կապված իրավահարաբերությունները կամ սահմանել, որ համապատասխան օրենքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.09.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

07.09.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով, առաջարկվում է սահմանել, որ ի թիվս գործող հիմքերի, զավակից զատ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու հիմք հանդիսանա նաեւ այն դեպքը, երբ դիմողի առնվազն ծնողներից մեկը կա՛մ հանդիսանում է, կա՛մ էլ նախկինում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող օրենքով խնդիր է առաջանում, երբ 18 տարին լրացած անձը երեք տարվա ընթացքում չի դիմում քաղաքացիություն ստանալու համար (մինչեւ 21 տարեկանը), Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անձը, ըստ էության, 1 տարի բնակվելով ՀՀ-ում կարողանա դիմել քաղաքացիություն ստանալու համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

30.08.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում  (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն եւ լրացում կատարել:

Օրենքի ներկայիս կարգավորումներով, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որը մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու hետ եւ այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ, կամ որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար (տե՛ս Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը):

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմելու հնարավորություն ընձեռել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած այն անձին, որի ծնողը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Բացի այդ,  Նախագծով առաջարկվում է Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «18 տարին լրանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.» բառերով:»: Այսինքն,  առաջարկվում է Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած անձի կողմից դիմում ներկայացնելու ժամկետային սահմանափակումը  հանել, քանի որ, ըստ հեղինակի, խնդիր է առաջանում, երբ 18 տարին լրացած անձը 3 տարվա ընթացքում չի դիմում քաղաքացիություն ստանալու համար: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                 Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

29.08.2023թ.