ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-657-29.08.2023-ՊԻ-011/0) եւ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6571 -29.08.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-657-29.08.2023-ՊԻ-011/0) եւ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6571 -29.08.2023-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
11.09.2023թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նոտարական ակտի բովանդակության բաղադրիչ հանդիսացող ճզմիչ կնիքի անհրաժեշտությունը վերացել է ներկայումս «QR» կոդի եւ «e-verify» համակարգի գործարկման պատճառով: Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ վերանում է ճզմիչ կնիքների գործածման անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք նշված նախագծի անցումային դրույթներով սահմանել կարգավորումներ եւ ժամկետ նոտարների մոտ առկա ճզմիչ կնիքները հանձնելու վերաբերյալ: Սույն առաջարկը բխում է հասցեատեր սուբյեկտների համար կանխատեսելի վարքագիծ սահմանելու անհրաժեշտությունից: 2. «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի վերնագիրը շարադրված լինելով հետեւյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարվող նոտարական գործողությունները», չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը, քանի որ նոր խմբագրությամբ շարադրվող հոդվածը չի բովանդակում դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարվող որեւէ նոտարական գործողություն: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 43-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել նույն հոդվածի բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «(...) Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: 3. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների արդյունքում «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 21-րդ հոդվածը, 54-րդ հոդվածի 2-րդ մասը եւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը դառնում են նույնաբովանդակ՝ սահմանելով նույն սուբյեկտների համար նույն կանոնները, ուստի առաջարկում ենք լրամշակել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: 4. «Նոտարիատի մասին» օրենքի 1-ին հոդվածում առաջարկում ենք «36.1-րդ» գրելաձեւը փոխարինել «36.1-ին» գրելաձեւով՝ պահպանելով դասական թվականների ճիշտ գրելաձեւը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հստակությունը, համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 09.09.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 09.09.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Նոտարիատի մասին» օրենքի 12-րդ գլուխը, վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանությունները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի եւ «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը եւ հստակեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունների եւ դրանք կատարող անձանց շրջանակը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 07.09.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» օրենքում, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում: Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ - վերացնել ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը. - կատարել լրացում՝ համաձայն որի նոտարական ակտում բովանդակվող փաստաթղթի նույնականացումը հաստատող գաղտնագրի միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի իսկությունը՝ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի www. e-notary.am կայքում. - սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը (գործող կարգավորման համաձայն՝ հյուպատոսը չի կարող մերժել հյուպատոսական գործողություններ կատարելն անձի նկատմամբ, քանի դեռ չի ստացել անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, ինչը արդյունավետ չէ, քանի որ հնարավոր է, որ հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից անձի հետախուզման վերաբերյալ տեղեկատվություն չստացվի, սակայն հյուպատոսը հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով անձի ինքնությունը ճշտելիս պարզի, որ տվյալ անձը գտնվում է հետախուզման մեջ, սակայն չկարողանա մերժել նոտարական գործողություններ կատարելը՝ բավարար իրավական հիմքերի բացակայության պատճառով). - հստակեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունների եւ դրանք կատարող անձանց շրջանակը. - «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի 12-րդ գլուխը, որը վերաբերում է նոտարական գործողություններին, ամբողջությամբ համապատասխանեցնել «Նոտարիատի մասին» օրենքին: Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունը. Ինչպես վերը հիշատակվեց, կատարվել է լրացում՝ համաձայն որի նոտարական ակտում բովանդակվող փաստաթղթի նույնականացումը հաստատող գաղտնագրի միջոցով հնարավոր է ստուգել փաստաթղթի իսկությունը՝ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի www. e-notary.am կայքում, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից իրականացված նոտարական գործողությունների արդյունքում հաստատված փաստաթղթերի նույնականացումը նույնպես կարելի է ստուգել վերոնշյալ կայքում: Հաշվի առնելով նշված բարեփոխման կարեւորությունը եւ օգտակարությունը՝ առաջարկում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու դրա վերաբերյալ համապատասխան մարմինների իրազեկվածությունը: Օրինակ, ֆինանսական կազմակերպությունները հյուպատոսական պաշտոնատար անձանց (հյուպատոսական պաշտոնատար անձանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների) կողմից հաստատված լիազորագրերով գործարքներ կատարելիս որպես փաստաթղթի իսկությունը հավաստիացնող լրացուցիչ երաշխիքի ստացում՝ կարող են օգտվել www.e-notary.am կայքից: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 11.09.2023թ.
|