ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-659-05.09.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-659-05.09.2023-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

20.09.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում կատարել լրացումներ եւ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7206, 7207, 7224, 7403, 7601, 7603 ծածկագրերին դասվող ապրանքներ արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար սահմանել պետական տուրք:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝

ա. պետական տուրքը, 

(…)»:

Այսպես՝ վերոնշյալ փոփոխությամբ նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված նոր տեսակի վճար:

Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Առաջարկում ենք Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսելիս հաշվի առնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

12.09.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248)

12.09.2023թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ որոշ ապրանքատեսակների (մասնավորապես՝ ԱՏԳ ԱԱ 7403 ծածկագրին դասվող համաձուլվածքների, 7601 ծածկագրին դասվող՝ չմշակված ալյումինի, 7603 ծածկագրին դասվող՝ ալյումինի փոշիների եւ թեփուկների, 7206 ծածկագրին դասվող՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձեւերով երկաթի եւ չլեգիրված պողպատի, 7207 ծածկագրին դասվող՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների եւ 7224 ծածկագրին դասվող՝ լեգիրված ձուլակտորներով կամ լեգիրված պողպատից կիսապատրաստուկների) արտահանման գործընթացն իրականացնել լիցենզիաների միջոցով եւ այդ լիցենզիաների համար սահմանել պետական տուրք՝ հումքի փոխարեն առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը խթանելու նպատակով: Ըստ Նախագծի հեղինակի, նշված ապրանքների արտահանման ներկայիս ծավալների պահպանման դեպքում պետական բյուջեի մուտքերը կարող են ավելանալ շուրջ 6.9 մլրդ դրամով:

Նախագծով առաջարկվող կարգավորումները, կարծում ենք, ոչ միայն կարող են ավելացնել պետական բյուջեի մուտքերը, այլեւ ունենալ ֆինանսական եւ տնտեսական բարենպաստ այլ հետեւանքներ, սակայն դրանց հասնելու օրենսդրական հիմքերի ամբողջականության տեսանկյունից անհրաժեշտ է համապատասխան կարգավորումներ ավելացնել նաեւ այլ օրենքներում: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է պետական տուրք սահմանել վերը նշված ապրանքների արտահանման նպատակով «լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար», այն դեպքում՝ երբ «Լիցենզվորման մասին» օրենքով այդ ապրանքների արտահանումը լիցենզավորման ենթակա գործունեություն չի հանդիսանում: Մյուս կողմից, ըստ առաջակվող խմբագրությամբ տեքստի, այդ ապրանքների լիցենզավորումն, ըստ էության, հավասարեցվում է դրանց արտահանման թույլտվության կամ հավաստագիր տրամադրելուն, թեեւ անհայտ է մնում, թե ո՞վ եւ ի՞նչ կարգով պետք է տա այդ թույլտվությունը կամ հավաստագիրը (անհայտ է մնում նաեւ թե ի՞նչ տեսակի լիցենզիայի մասին է գնում խոսքը):

Այս կապակցությամբ առաջարկում ենք մշակել եւ սույն Նախագծի հետ փաթեթի տեսքով ներկայացնել նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում համապատասխան լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

12.09.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Պետական տուրքի մասին» լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

Ներկայումս գունավոր եւ սեւ մետաղների բորսայական գները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակի վրա, ուստի՝ բիզնեսի համար նպատակահարմար է արտահանել այդ ապրանքներն արտաքին շուկա (անգամ վաճառելով այն ջարդոնի գնով):

Նախագծում այդ ապրանքները ծառայում են որպես հումք եւ նյութեր վերջնական արտադրանք թողարկելու համար, որոնք Հայաստանում ունեն մեծ պահանջարկ եւ կիրառություն, մասնավորապես՝ մետաղյա խողովակներ, պրոֆիլներ, գլանվածք, ամրաններ, պղնձյա եւ ալյումինե էլեկտրական լարեր, մալուխներ եւ այլն: Միեւնույն ժամանակ, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է կանոնակարգել Հայստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սեւ եւ գունավոր մետաղների եւ դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առեւտուրը, ստեղծել առավել երկար արտադրական շղթաներ, խթանել սեւ եւ գունավոր մետաղների վերամշակումը տեղում՝ բարենպաստ պայմաններ ստեղծել արտերկրից ներմուծումը կրճատելու եւ առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքներ արտադրելու եւ արտահանելու համար:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի համար ռազմավարական համարվող սեւ եւ գունավոր մետաղների վերամշակման խորացումը՝ ինչը կնպաստի արտերկրից ներմուծման կրճատմանը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

18.09.2023թ.