ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-660-11.09.2023-ՏԵ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-660-11.09.2023-ՏԵ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
20.09.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) ի թիվս այլնի սահմանված են ազգային օպերատորների եւ հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները: Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությամբ սահմանված է պարտավորություն առ այն, որ ՀՀ օպերատորը պարտավոր է ապահովել անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող՝ տեղեկատվական համակարգի աշխատանքը՝ մշտական հիմունքներով՝ շաբաթը 7 օր, օրական 24 ժամվա ընթացքում, եւ երաշխավորել, որ վերոհիշյալ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ օպերատորը կրի պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Հարկ է նկատել, որ եւ՛ Համաձայնագրով, եւ՛ Նախագծի հիմնավորմամբ ազգային օպերատորը կրում է պատասխանատվություն վերը նշված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, սակայն Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված է պատասխանատվություն միայն մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորության չկատարման համար, այսինքն` Նախագծով խախտման համար անհրաժեշտ է միայն ազգային օպերատորի կողմից պարտավորությունների չկատարում, նման պայմաններում գտնում ենք` հստակեցման կարիք ունի, թե (...) ազգային օպերատորի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորության ոչ պատշաճ կատարման դեպքում պատասխանատվություն նախատեսվելու է, թե ոչ: 2. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասում նշված է. «Սույն հոդվածի 1-ից 4-րդ մասերով սահմանված խախտումները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելը հիմք է ազգային օպերատորի գործունեության դադարեցման համար՝ Կառավարության սահմանած կարգով:»: Հարկ է նկատել, որ նախատեսված կարգավորման համար հիմք է հանդիսանալու Նախագծի 1-ին հոդվածի 1-ից 4-րդ մասերով սահմանված խախտումները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելը, իսկ Նախագծի 1-ին հոդվածում առկա չէ որեւէ դրույթ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված խախտումները կրկին՝ երկու անգամ կատարելու վերաբերյալ, ուստի գտնում ենք՝ հստակեցման կարիք ունի Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված խախտումները երկու անգամ կատարելու դեպքում պատասխանատվության սահմանման վերաբերյալ: Հատկանշական է, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կրկին կատարելու համար նախատեսված է պատասխանատվություն, իսկ նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի համար՝ ոչ: 3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:»: Քանզի Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող «Մաքսային կարգավորման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նոր լրացվող հոդվածը շարադրվում է Օրենքի 321-րդ հոդվածից հետո, ապա Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր շարադրվող հոդվածի համարը առաջարկում ենք փոխել՝ ձեւակերպելով այն հետեւյալ տեսքով՝ «Հոդված 321.1»: 4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 321.1-ին հոդվածի 1-ին մասը ձեւակերպված լինելով հետեւյալ կերպ՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված՝ իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորության չկատարումը, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, որի հետեւանքով չի առաջանում մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում), ինչպես նաեւ արգելքների եւ սահմանափակումների չկիրառում՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝ առաջացնում է տուգանք երեսուն հազար դրամի չափով:», ըստ էության, հանդիսանում է ձեւական զանցակազմով նկարագրվող վարչական իրավախախտում, որը կատարված է համարվում միայն «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված՝ իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտավորության չկատարման պահից: Հետագայում զանցակազմը նյութականացվում է Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 321.1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 321.1-ին հոդվածի 1-ին մասից հանել «որի հետեւանքով չի առաջանում մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի եւ վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկում (պակաս հաշվարկում) կամ չվճարում (պակաս վճարում), ինչպես նաեւ արգելքների եւ սահմանափակումների չկիրառում» արտահայտությունը: 5. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 321.1-ին հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է նույն հոդվածի 1-ից 4-րդ մասերով նախատեսված խախտումները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելը համարել հիմք ազգային օպերատորի գործունեության դադարեցման համար՝ Կառավարության սահմանած կարգով: Կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի N 37-Ն որոշման 2-րդ հավելվածի 3-րդ մասով սահմանվում է, որ «Ազգային օպերատորի լիազորությունների դադարեցման որոշման դեպքում ազգային օպերատորը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին պետք է տեղեկացնի այդպիսի որոշման մասին՝ լիազորությունների դադարեցման նախատեսվող ամսաթվից առնվազն 6 ամիս առաջ։ Նշված ժամկետի ընթացքում չտեղեկացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:»: Կառավարության հիշալ որոշումը բովանդակային առումով ամբողջ ծավալով չի սահմանում ազգային օպերատորի գործունեության դադարեցման կարգը, ինչը Նախագծով նախատեսվող կարգավորումների շրջանակում ունի առանցքային դեր՝ սուբյեկտին պատասխանատվության ենթարկելիս: Այսինքն, Նախագծով առաջարկվող նորմի գործողությունը ուղղակիորեն կախվածության մեջ է գտնվում Կառավարության որոշման ընդունումից, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, առ այն որ՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Նշված նկատառման հիման վրա առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում կատարել համապատասխան լրացումները: 6. Միեւնույն ժամանակ ցանկանում ենք նաեւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 321.1-ին հոդվածի 1-ին մասը որպես իրավական նորմ ունի պաշտպանող ֆունկցիոնալ նշանակություն եւ սահմանում է պատասխանատվություն միջազգային համաձայնագրով նախատեսված պարտականությունների չկատարման համար: Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:»: Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրության 39-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը, իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1621 որոշման մեջ հայտնել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Սահմանադիրը Սահմանադրության 39-րդ հոդվածի ուժով մարդուն օժտել է գործելու ազատությամբ՝ ազդարարելով, որ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները ու չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Հիշատակված սահմանադրաիրավական դրույթը երաշխավորելու եւ պետական իշխանության կողմից այն անհարկի չսահմանափակելու իրավական երաշխիքներ ստեղծելու նպատակադրմամբ սահմանադիրն ամրագրել է մարդու համար պարտականությունների՝ օրենքով սահմանելու հիմնարար պահանջը: Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված պահանջն առ այն, որ պարտականությունները պետք է սահմանված լինեն օրենքով, ինքնանպատակ չէ, ուստի՝ չի կարող ձեւական բնույթ կրել, ինչը նշանակում է, որ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակության, կանխատեսելիության, մատչելիության որակական հատկանիշները, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենից ակնկալվող/պահանջվող վարքագծի հարցում: Ընդսմին, հարկ է նշել, որ սահմանադրական պարտականությունները ոչ այլ ինչ են, քան որեւէ հիմնական իրավունքի սահմանափակումներ, որոնք, իրենց հերթին, կանոնակարգվելով օրենքներում եւ դրանց հիման վրա արձակված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, հենվում են այն ելակետի վրա, որ հիշյալ օրենքները եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է բավարարեն իրավական որոշակիության պահանջը: ( ) Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության: Հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը եւ մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի եւ մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձեւակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության եւ բովանդակության հարցում:»: Ղեկավարվելով վերոգրյալով՝ կարծում ենք, որ, թեեւ միջազգային համաձայնագրերը հանդիսանում են ներպետական իրավական համակարգի մաս, սակայն առավել նպատակահարմար կլինի մաքսային հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի պարտականությունները սահմանել ներպետական օրենքով՝ ապահովելով այդ նորմերի մատչելիությունն ու կանխատեսելիությունն իրենց հասցեատերերի համար, ովքեր իրենց վարքագիծը ներպետական օրենքով սահմանվող նորմերին համապատասխանեցնելու ողջամիտ հնարավորություն կունենան, քանզի օրենքի համար պարտադիր է իրավական որոշակիության սկզբունքի բոլոր չափանիշների, այդ թվում՝ մատչելիության պահանջի պահպանումը: Նման «ապահովագրող միջոցի» կիրառումը հնարավորություն կընձեռի կանխել հետագա տարաբնույթ մեկնաբանությունները եւ Սահմանադրության 39-րդ հոդվածի տեսանկյունից Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ «երկրորդ կարծիքի» առկայությունը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Համաձայնագրին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 20.09.2023թ. ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248), Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 20.09.2023թ.
Նախագծով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով ազգային օրենսդրությանը վերապահված համապատասխան դրույթի սահմանում: Նշված համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ ազգային օպերատորը ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով՝ շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ: Նույն կետի երկրորդ պարբերության համաձայն՝ նշված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, ինչը նախատեսվում է սահմանել Նախագծով: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ (հեռ.՝ 011 513-603) 20.09.2023թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Ըստ առաջարկվող լրացման, նախատեսվում է Օրենքում պատասխանատվություն սահմանել «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրով նախատեսված դեպքերի առումով: Համաձայնագրով՝ ազգային օպերատորը ապահովում է ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը մշտական հիմունքներով՝ շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ: Նշված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը, համաձայն հեղինակի կողմից առաջարկվող լրացման, կրում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը սոցիալական առումով կունենա չեզոք ազդեցություն: Եզրահանգում
Նախագծի ընդունման արդյունքում, հեղինակն ակնկալում է մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության աճ: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 18.09.2023թ.
|