ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-661-11.09.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-661-11.09.2023-ՖՎ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
28.09.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Ներքին աուդիտի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «երկու տարվա» բառերը «վեց ամսվա» բառերով փոխարինելու արդյունքում ստացվում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել այն անձինք, որոնք պաշտոնի նշանակմանը նախորդող վեց ամսվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել են կառուցվածքային, այդ թվում` ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ, կամ այդպիսի պաշտոններ զբաղեցրած պաշտոնատար անձանց փոխկապակցված անձինք են: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում) այս փոփոխության կապակցությամբ նշված է. «Ժամկետի առումով երկու տարվա սահմանափակումը եւ ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ այդ ընթացքում ներդրված արգելքը կազմակերպության ռիսկերի արդյունավետ կառավարման տեսանկյունից արդարացված ու հիմնավոր չեն»: Այս պնդումը հիմնավորելու նպատակով Հիմնավորմամբ ներկայացվում են Օրենքում առկա մի շարք կարգավորումներ, որոնք կոչված են ապահովելու ներքին աուդիտորների օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը: Մասնավորապես՝ Հիմնավորմամբ նշված է. «( ) «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներքին աուդիտի պլանավորումը կատարվում է ռիսկերի գնահատման հիման վրա: Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի երեք տարվա ռազմավարական եւ տարեկան ծրագրերի հիման վրա, որոնք մշակում է ներքին աուդիտի ստորաբաժանումը: ( ) Հետեւաբար ռազմավարական ծրագրում երեք տարվա ժամանակահատվածով պլանավորվում են կազմակերպությունում աուդիտի ենթակա միավորները, այսինքն այն, թե առաջիկա երեք տարիների ընթացքում որ միավորում երբ պետք է իրականացվի ներքին աուդիտ, եւ ոչ թե այն, թե ներքին աուդիտի կարող են ենթարկվել ընթացիկ կամ նախորդող երկու տարիներում աուդիտի ենթարկվող միավորի կողմից իրականացված աշխատանքները: Աուդիտի ենթարկվող միավորի մասով աուդիտի մեջ ներառվող ժամանակահատվածի համար օրենսդրությամբ ժամկետներ սահմանված չեն: Միավորի մոտ ներքին աուդիտի կարող են ենթարկվել աուդիտի իրականացման պահին նախորդող ցանկացած ժամանակահատվածի ըստ ռեսուրսների հնարավորության եւ որոշված նպատակահարմարության կամ կատարված ընտրանքի, որն իր մեջ նույն հաջողությամբ կարող է ներառել նաեւ կազմակերպությունում ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից երկու տարուց ավել առաջ ազատված եւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար նշանակաված անձի կողմից ղեկավար աշխատած ժամանակահատվածները: ( ) Հարկ է նշել, որ օբյեկտիվության պահպանման համար արդեն իսկ սահմանված է պահանջ «Ներքին աուդիտի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով («Ներքին աուդիտորները չեն կարող հավաստիացման աուդիտ իրականացնել այնպիսի գործունեության կամ միավորների մասով, որոնց նրանք վերջին մեկ տարվա ընթացքում մատուցել են խորհրդատվական ծառայություններ կամ որոնց կազմում աշխատել են») ( )»: Վերը մեջբերվածից բխում է, որ, անկախ Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված ժամկետի վերաբերյալ պահանջից, Օրենքով արդեն իսկ սահմանված են ներքին աուդիտորներին զսպող մեխանիզմներ, որոնք ապահովում են օբյեկտիվության եւ անկողմնակալության պահպանումը վերջիններիս կողմից իրենց իրավասություններն իրականացնելիս: Այս համատեքստում հարկ է նկատել, որ Հիմնավորմամբ ներկայացված չէ, սակայն, թե ինչով է պայմանավորված հենց վեց ամսվա ժամկետով սահմանափակում սահմանելը: Ինչու ոչ ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետ, կամ որն է նպատակը ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար ընդհանրապես ժամկետ սահմանելու, եթե, Հիմնավորման համաձայն, Օրենքով արդեն իսկ սահմանված են այնպիսի կարգավորումներ, որոնք նույնիսկ ժամկետ սահմանված չլինելու պարագայում թույլ չեն տա, որ ներքին աուդիտորները ցուցաբերեն ոչ օբյեկտիվ կամ կողմնակալ վարքգիծ: 2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում լրացում կատարելու արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ բովանդակությունը. «Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել այն անձինք, որոնք ( ) պաշտոնի նշանակմանը նախորդող վեց ամսվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել են կառուցվածքային, այդ թվում` ինքնուրույն ստորաբաժանման (բացառությամբ ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման) ղեկավար պաշտոններ»: Հարկ է նկատել, որ թեեւ Հիմնավորմամբ նշված է, թե այս լրացումն ինչ նպատակ է հետապնդում, այնուամենայնիվ, վերը մեջբերված դրույթի ձեւակերպումից հասկանալի չէ, թե դրանում նշված բացառությունն ինչին է վերաբերում: Մասնավորապես՝ հասկանալի չէ, թե ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար վեց ամսվա սահմանափակման պայմանի հետ կապված բացառություն սահմանելու դեպքում ինչ ժամկետ է գործում վերջիններիս համար, վեց ամսից ավել, թե պակաս ժամկետ, կամ ընդհանրապես առկա է ժամկետի սահմանափակում նրանց համար ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար պաշտոն զբաղեցնելու դեպքում, թե՝ ոչ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարող ենք փաստել, որ Նախագիծը չի արտացոլում Հիմնավորմամբ նշված նպատակը եւ ունի հստակեցման կարիք: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 18.09.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248) 18.09.2023թ.
Նախագծով առաջարկվում է վերացնել «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար սահմանել որոշակի բացառություններ: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար նշանակել այն անձանց, ովքեր պաշտոնի նշանակմանը նախորդող երկու տարվա ընթացքում կազմակերպությունում կամ կազմակերպության համակարգում զբաղեցրել են կառուցվածքային, այդ թվում՝ ինքնուրույն ստորաբաժանման ղեկավար պաշտոններ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 27.09.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ներքին աուդիտի մասին» օրենքում (այսուհետ` Օրենք): Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքով սահմանված ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ ներքին աուդիտորներին ներկայացվող պահանջները հստակեցնելու անհրաժեշտությամբ, օրենսդրական առկա հակասությունների վերացման, ինչպես նաեւ որակյալ կադրերի գծով առավել արդյունավետ ու ճկուն ընթացակարգերի ներդրմամբ՝ կազմակերպության ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով: Նախագծով նախատեսվում է.
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 26.09.2023
|