ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-662-11.09.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-662-11.09.2023-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

28.09.2023թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարվող լրացումները նախատեսում են սահմանել պետական տուրք «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանվող ապրանքների համար միեւնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մինչեւ մեկ տոննա եւ մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար: 

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են՝

ա. պետական տուրքը, 

(…)»:

Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված նոր տեսակի վճար:

Նախագծի 2-րդ հոդվածով որպես Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսելիս հաշվի առնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

18.09.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

18.09.2023թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է պետական տուրքի տարբերակված դրույքաչափեր սահմանել ներմուծված եւ արտահանվող՝ մաքսային մարմինների կողմից առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար իրականացվող գործառնությունների համար, որի արդյունքում պետական տուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան այդ ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին: 

Ընդհանուր առմամբ Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Նախագծի ընդունման արդյունքում նշված ապրանքների վարչարարության համար գանձվող պետական տուրքի ընդհանուր գումարը, ըստ Նախագծի հիմնավորման, կմեծանա միջին հաշվով ավելի, քան 6 անգամ, ինչն էլ չի կարող ազդեցություն չունենալ այդ ապրանքների արտահանման թանկացման, դրանով իսկ՝ նաեւ արտահանման ծավալների նվազեցման վրա: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.09.2023թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացվել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

Ներկայումս առանձին ապրանքատեսակների ներմուծման եւ արտահանման ծավալների ավելացմամբ պայմանավորված՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող վարչարարության ավելացման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը:

Նախագծով առաջարկվում է առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար սահմանել պետական տուրքի տարբերակված դրույքաչափեր, որոնք համարժեք կլինեն մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար վարչարարական ծախսերին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

26.09.2023թ.