ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-663-15.09.2023-ՄԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-663-15.09.2023-ՄԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
28.09.2023թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 45-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի դիմաց վճարման համար ծախսերի փոխհատուցման չափը հաշվարկվում է հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի վճարման համար նախատեսված ընդհանուր գումարի տասնհինգ տոկոսի չափով»: Վերոգրյալից, ինչպես նաեւ Նախագծով սահմանված եւ Օրենքում կատարվող այլ փոփոխություններից բխում է, որ այսուհետ Հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի մեջ ներառվում են նաեւ հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի դիմաց կատարվող ծախսերը: Այս համատեքստում հարկ է անդրադառնալ Օրենքի 45-րդ հոդվածի 9-րդ մասին, որով սահմանված է. «Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ? յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»: Դրանից բխում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի տարեկան ֆինանսավորումը հավասարապես բաժանվում է բոլոր ամիսների մեջ եւ տրվում է նախապես՝ առանց այդ ամսվա ծախսերի չափը կանխատեսելու հնարավորության: Նշենք, որ այս դեպքում հասկանալի չէ, թե ինչպես է իրականացվելու արտաժամյա աշխատանքի ֆինանսավորումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կանխատեսելի չէ, թե որ ամսին որքան արտաժամյա աշխատանք կլինի, ինչի արդյունքում նախապես որոշված եւ հավասարապես բոլոր ամիսների չափով բաժանված ֆինանսավորումը կարող է որոշ ամիսների դեպքում բավարար չլինել: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ կարծում ենք՝ Նախագծով կատարվող փոփոխությունները եւ լրացումը պետք է դիտարկել Օրենքի 45-րդ հոդվածի 9-րդ մասի համատեքստում: 2. Նախագծով սահմանված դրույթներով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի դիմաց փոխհատուցման վերաբերյալ հարաբերությունները: Հարկ է նկատել, որ Նախագծով կատարվող փոփոխությունները եւ լրացումը կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման: Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ այն փաստին, որ Նախագծի 4-րդ հոդվածով՝ որպես Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Կարծում ենք՝ Նախագծով սահմանված ժամկետը կարող է խնդրահարույց լինել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեն կազմված է առանց վերոնշյալ ծախսերը հաշվի առնելու: Հետեւաբար առաջարկում ենք որպես Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ՝ սահմանել 2024 թվականի հունվարի 1-ը: Միաժամանակ նշենք, որ անհրաժեշտ է Նախագծի 2-րդ հոդվածում շտկել դասական թվականի ոչ ճիշտ գրության ձեւը: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Փաստաբանության մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 25.09.2023թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 25.09.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանի գրասենյակին հիմնական աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով հատկացնել գումար՝ հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի դիմաց վճարման նպատակով` hանրային պաշտպանների աշխատանքային իրավունքներն ապահովելու, ինչպես նաեւ պետական մարմինների աշխատակիցներին համարժեք սոցիալական երաշխիքներով ապահովելու համար: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 22.09.2023թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Փաստաբանության մասին» օրենքում: Գործող օրենսդրությամբ հանրային պաշտպանների աշխատավարձը կազմված է բացառապես պաշտոնային դրույքաչափից՝ հիմնական աշխատավարձից: Լրացուցիչ աշխատավարձի, այդ թվում? արտաժամյա աշխատանքի համար վճարման հնարավորությունը պարզապես բացակայում է: Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում)՝ քրեական վարույթների շրջանակներում անհետաձգելի դատավարական գործողություններին մեղադրյալի պաշտպանի մասնակցությունը նաեւ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին ապահովելու համար հանրային պաշտպանի գրասենյակը հարկադրված է կազմակերպել մշտական հերթապահություն եւ հասանելիություն ապահովել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Հերթապահության շրջանակներում հանրային պաշտպանները ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամանակ, մասնակցում են քննչական եւ այլ դատավարական գործողությունների, սակայն դրա համար լրացուցիչ չեն վարձատրվում: Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանի գրասենյակին հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի հանրագումարի տասնհինգ տոկոսի չափով հատկացնել գումար՝ հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի վճարման ծախսերը փոխհատուցելու համար: Կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը. Հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն արտաժամյա աշխատանքի վճարումն իրականացվում է արտաժամյա աշխատանքի համապատասխան ժամաքանակների համար, Հիմնավորման մեջ նպատակահարմար կլիներ նշել, թե համապատասխան տարիներին (2021թ.-ին, 2022թ.-ին) մոտավորապես քանի՞ ժամ է կազմել հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հանրային պաշտպանի աշխատանքի համար կներգրավվեն եւ կպահպանվեն որակյալ կադրերը, ինչի արդյունքում կապահովվի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից ցուցաբերվող անվճար իրավաբանական օգնության որակի աճը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 22.09.2023թ.
|