ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-666-25.09.2023-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-6661 -25.09.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-666-25.09.2023-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-6661 -25.09.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
06.10.2023թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումն անհրաժեշտ է շտկել. մասնավորապես «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարտի 3-ի» բառերն ավելորդ են, քանզի Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է հղում կատարել ոչ թե Նախագծի այլ Օրենքի լրիվ անվանմանը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «2-րդ հոդվածի 1-ին մասում» բառերը փոխարինել «2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր 246.1-ին հոդվածի 1-ին մասում» բառերով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 2-րդ հոդվածը չունի 1-ին մաս եւ համապատասխան հոդվածները շարադրված են Օրենքի 2-րդ հոդվածով լրացվող նոր 246.1-ին հոդվածի 1-ին մասում: 3. Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը», ինչից բխում է, որ Նախագծով սահմանված բոլոր կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Նախագծի 2-րդ հոդվածով՝ Օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը փոփոխվում է՝ սահմանելով 2023 թվականի դեկտեմբերի 1-ը: Նշված դրույթների միաժամանակյա առկայության պարագայում ստացվում է, որ Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների ուժով՝ Օրենքի՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնելու ժամկետը գործելու է Նախագծի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, ինչը կարող է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ավելի ուշ ժամկետում տեղի ունենալ: Տվյալ պարագայում, եթե Նախագիծն ուժի մեջ մտնի 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո Օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը կարող է խնդրահարույց լինել, քանի որ ժամկետների չհամապատասխանելու արդյունքում Օրենքը չի կարող հետադարձության կարգով ուժի մեջ մտնել: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջրկում ենք Նախագծի եւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանելիս հաշվի առնել օրենքների ընդունման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետները: 4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Վարչական իրավախախ՟տում՟՟ների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենս՟գր՟քի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 1703-րդ հոդվածը ուժը կորցրած ճանա՟չել՝ հաշվի առնելով վերջինիս կիրառման անարդյունավետությունը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում պետական եւ տեղական հարկերը, պետական եւ տեղական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները ժամանակին չվճարելն այլեւս վարչական պատասխանատվության ենթակա արարք չի համարվելու: Նշվածը Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ հիմնավորվել է նրանով, որ «(...) պետական հարկերի եւ վճարների վճարումը ՀՀ հարկային օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում համապատասխան իրավական ակտերով արդեն իսկ սահմանված է պատասխանատվություն, մասնավորապես՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է տույժի վճարում եւ չվճարված հարկային պարտավորությունների գանձման, ինչպես նաեւ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների իրականացումը, այսինքն՝ նշված պատասխանատվության միջոցներով արդեն իսկ կանխվում է հակաիրավական արարքը ինչպես իրավախախտողի, այնպես էլ այլ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը, իսկ պետական հարկերը, պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները չվճարելու դեպքում Վարչական իրավախախ՟տում՟՟ների վերա՟բերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով վարչական վարույթի հարուցումը հարկային մարմնի կողմից իրականացվող կրկնակի վարչարարություն է, որը արդյունավետ չէ՝ հիմք ընդունելով 1703-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության կիրառման պրակտիկան: (...):»: Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:»: Վերոնշյալ նորմի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ նշվածը սահմանադրաիրավական պարտականություն է, որը պայմանավորված է հասարակության եւ պետության համար դրա կենսական կարեւորությամբ եւ նշանակությամբ: Այդ պարտականության պատճաշ կատարման ապահովմանն է անմիջականորեն ուղղված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի կարգավորման առարկան է նաեւ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն սահմանելը: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հարկային հարաբերությունները հարկ վճարողների հաշվառման, սպասարկման, հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հարկային պարտավորությունների հաշվառման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ գանձման, հարկերի ու վճարների վերադարձման, հարկային արտոնությունների սահմանման, հարկ վճարողների, հարկային եւ լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկողության իրականացման, Օրենսգրքի եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառության, հարկային պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաեւ հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններն են»: Օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: (...):»: Սահմանադրական դատարանն իր՝ 2014 թվականի ՍԴՈ 1139 որոշմամբ անդրադարձել է վարչական եւ հարկային պատասխանատվության տարբերությանը եւ միաժամանակյա կիրառմանը. մասնավորապես՝ «Օրենսդիրն ըստ էության տարանջատել է վարչական եւ հարկային պատասխանատվության տեսակները, ինչպես նաեւ պատասխանատվության նպատակները նկատի ունենալով, որ վարչական պատասխանատվության նպատակը ոչ թե խախտված իրավունքների վերականգնումն է, այլ վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակելը ( ), իսկ հարկային պատասխանատվության նպատակը պետությանը եւ հասարակությանը հասցված գույքային վնասի հատուցումն է: Բացի այդ, վնասը ենթակա է լրիվ հատուցման՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հարկատուն ենթակա է արդյո՞ք վարչական պատասխանատվության, թե՝ ոչ, ավելին, պատասխանատվության որեւէ միջոցի ենթարկվելը հարկ վճարողին չի ազատում օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարումից: Ուստի, օրենսդիրը, տարանջատել է հարկային եւ վարչական պատասխանատվության բնագավառները, քանի որ տվյալ դեպքում տարանջատումն ինքնին հետապնդում է իրավական որոշակի նպատակ, չնայած ձեւական առումով դրանք կարող են մեկնաբանվել որպես նույնաբնույթ, այնուհանդերձ, այդ արարքները, ինչպես եւ սահմանված պատասխանատվության միջոցներն ըստ առկա իրավակարգավորումների իրավաբանորեն տարբեր են թե՛ նպատակի եւ թե՛ հատկանիշների առումներով: Հետեւաբար, եթե Օրենսգրքի 1703-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հարկերը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում՝ փաստի ուժով դիտարկելով այն որպես ավարտված զանցանք, ապա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված որոշակի նորմերով նկատի է առնվում հարկի վճարման ուշացման փաստը, որը շարունակական բնույթ է կրում՝ նախատեսելով ժամկետանց յուրաքանչյուր օրվա դիմաց տույժի վճարում՝ մինչեւ հարկային պարտավորության լիարժեք կատարման ավարտը»: Այսպիսով՝ Օրենսգրքով որոշակի արարքի եւ այդ արարքի համար պատասխանատվության սահմանումը բխում է վերջինիս հակաիրավական եւ վնասակար բնույթից. հետեւաբար Օրենսգրքով սահմանված որոշակի արարքն ուժը կորցրած ճանաչելու հիմքում անհրաժեշտ է դնել տվյալ արարքի այլեւս ոչ վտանգավոր լինելու հանգամանքը, այլ ոչ՝ կիրառման անարդյունավետությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով պետական եւ տեղական հարկերը, պետական եւ տեղական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները ժամանակին չվճարելն այլեւս վարչական պատասխանատվության ենթակա արարք չհամարելը, հիմնավորել նշված արարքի հանրային վտանգավորությունը (վնասակարությունը) վերացած լինելու կամ նշված արարքի՝ այլեւս ոչ հակաիրավական լինելու տեսանկյունից: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 04.10.2023թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248) 04.10.2023թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.3-րդ հոդվածը, համաձայն որի՝ պետական եւ տեղական հարկերը, պետական եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով՝ հաշվի առնելով այս հոդվածի կիրառման անարդյունավետությունը: Մասնավորապես, համաձայն հարկային մարմնի տվյալների, նշված հոդվածով հարկային մարմնի կողմից հարուցվում են վարչական վարույթներ եւ նշանակվում վարչական տուգանք (օրինակ՝ 20.07.2022-20.07.2023թթ. ընթացքում իրականացվել է թվով 24969 վարչական վարույթ եւ նշանակվել 842.423.360 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք), սակայն հարկ վճարողների նկատմամբ պետական հարկերը, պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառմամբ հիմնականում չի ապահովվում համապատասխան պարտավորությունների կատարումը, քանի որ հարկային մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում անցկացվող վարույթի մասնակիցների լսումների արդյունքում պարզվում է, որ պետական հարկերը, պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները չվճարելը պայմանավորված է գումար չունենալու հանգամանքով: Այսինքն՝ ստացվում է, որ նշված արարքի համար վարչական պատասխանատվություն կիրառելը չի նպաստում հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարմանը եւ պետական բյուջեի եկամուտների վերականգնմանը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-343) 04.10.2023թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ Օրենսգրքով վարչական վարույթի հարուցումը հարկային մարմնի կողմից իրականացվող կրկնակի վարչարարություն է, որն արդյունավետ չէ՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 170.3-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության կիրառման պրակտիկան: Հարկերի չվճարման դեպքերի կանխարգելման եւ հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում դրանց կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինն ունի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան վարչական գործիքակազմ (չվճարված հարկային պարտավորությունների գանձման, ինչպես նաեւ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների իրականացում), որով էլ ապահովվում է հարկ վճարողների կողմից համապատասխան պարտավորությունների կատարումը եւ պետական բյուջեի եկամուտների վերականգնումը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով պատասխանատվություն է նախատեսված պետական հարկերի եւ վճարների վճարումը սահմանված ժամկետներում չվճարելու կամ այդ ժամկետներից ուշ վճարելու դեպքում (ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է տույժի վճարում): Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագծերի փաթեթի հեղինակի կողմից առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 170.3-րդ հոդվածը: Բացի այդ, Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-87-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները տարածել հարկային մարմնի քննությանը ենթակա բոլոր գործերի նկատմամբ, իսկ Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 1-ը: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարողներ՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) Լ. Սարգսյան (հեռ. 011-513-270) 06.10.2023թ.
|